mariam tonoyan

Մի շփոթիր շարժումը գործողության հետ

-Սպասումի քաղաք է էս ձեր Երևանը,- կանգառում երթուղայինին սպասելիս ասացի արդեն երկար ժամանակ Երևանում բնակվող ընկերուհուս,- Ժամերով պատրաստ եք սպասել կանգառում, որ ինչ-որ թվանշանով մեքենա գա ու ձեզ հասցնի պետք եկած տեղը։ Հետո մեքենայի մեջ սպասում եք, թե երբ եք հասնելու։ Հենց թվում է, թե հասել եք, պետք է նորից սպասեք, որ լուսակիրը կանաչ նշանը ցույց տա, շքամուտքում սպասում եք, որ վերելակը ներքև իջնի, ապա կրկին սպասում, որ ձեզ ուզած հարկը հասցնի։ Դուռը թակելուց հետո սպասում եք, որ բացեն… Ու սա դեռ ամենապարզ ու առօրյա շղթան է։

Ես ծիծաղեցի ու շարունակեցի.

-Իսկ գիտե՞ս՝ ես ինչ կանեի, եթե Գավառում լինեի։ Ինձ պետք եկած ուղղությունը բռնած՝ ոտքով կիջնեի այնքան, մինչև երթուղայինի կհանդիպեի, իսկ եթե չէ՝ մեծ բան չէ, բնավ չեմ էլ օգտվում. քաղաքի մի ծայրից մյուսը մեկ ժամում կարող ես հասնել։ Կհասնեի հինգհարկանի շենքին, վազելով վեր կբարձրանայի ու կսպասեի միայն, որ դուռը բաց անեն։

-Բայց պետք է, չէ՞, ինչ-որ բանի սպասել, ու թույլ տալ, որ որևէ տեղ ինչ-որ մեկը քեզ սպասի,-առարկեց ընկերուհիս,-իսկ մեջտեղում դու շահում ես մտածելու ժամանակ։

-Է՜, մտածել… Ամեն երկրորդ մարդ ինքն իրեն զբաղեցնում է կանգառներում։ Մեկը հեռախոսի մեջ է խրված, մեկին զանգել են, չհաշված, որ մեծամասնության ականջներում ականջակալ կա։

-Դեռ սկիզբն է, կընտելանաս,- ժպտաց ընկերուհիս,- կարոտել ես, դրա համար էլ սկսել ես համեմատել, ինքդ քեզ համոզել։

Ես լռեցի։ Մեկը մյուսի հետևից սլանում էին մեքենաները։ Մարդիկ անցնում էին իրար կողքով՝ առանց միմյանց վրա հայացք գցելու։ Ես հասկանում էի, որ մեծ քաղաքում դա ավելի նորմալ է, քան ամեն պատահած մարդու հետ զրույցի բռնվելը։ Ընկերուհիս նշան արեց, և միասին բարձրացանք կանգառում արգելակած վարդագույն ավտոբուսներից մեկը։ Պատուհանից այն կողմ շտապում էր աշխարհը։ Շենքերից մեկի վրա հասցրեցի կարդալ. «Մի շփոթիր շարժումը գործողության հետ»։

-Շարժումը գործողություն կդառնա, եթե այն նպատակային է,- մտքումս գտա պատասխանը ու սկսեցի մոտավորապես պատկերացնել, թե ուղևորներից ով ինչ նպատակով է շարժվում քաղաքի մի մասից մյուսը։

Վերջապես վերհիշեցի նաև իմ նպատակը, որ շարժումս գործողության պետք է վերածեր ու առույգացա։

-Գիտե՞ս՝ ինչ բան է հայմվեհը,- հանկարծ դարձա ընկերուհուս։

-Համեղը՞,-հարցրեց։

-Հայմ-վեհ, գերմաներենից բառացի՝ հայրենիքացավ, այսինքն՝ տուն դառնալու ցանկություն, կարոտ,- արտասովոր զվարթությամբ սկսեցի բացատրել։

Ընկերուհիս չփորձեց անգամ քաղաքավարությունից դրդված ծիծաղը զսպել, որովհետև լավ էր ճանաչում ինձ։ Ես գտել էի մի հույս, որից պետք էր կառչել փոփոխությանն ընտելանալու ու նոր իրականությունն ընդունելու համար։ Չէ՞ որ իզուր չէի այստեղ հայտնվել։

-Ասածս այն է, որ թեկուզ միայն այդ բառը սովորելու համար արժեր Երևան հասնել,- ժպտալով արդարացա ես ու մտածեցի, որ ամեն մանրուք ու պատահականություն կարող են հույս ներշնչել, երբ առաքելությունդ իրագործելու ճանապարհին ես։ Չէ՞ որ գիշերը պարզապես լույսերի հանգման արարողություն է, երբ կարող ես լուսաբացն անտարբերությամբ դիմավորել։ Իսկ երբ գիշերային լույսերն անգամ որպես կախարդանք ես ընդունում, առավոտդ դիմավորում է քեզ հարազատ մոր պես ջերմ, որտեղ էլ որ արթնացած լինես՝ քո տանը, թե մեկ այլ քաղաքում։