davit avagyan

Մի տխուր պատմություն

Դեկտեմբերի 31-ի գիշերը, երբ ընկերներով գնացել էինք ակ վառելու, ընկերս մի տխուր պատմություն պատմեց:

«Մի օր ես, հայրս, եղբայրս ու հորեղբորս տղաները նստած էինք վառարանի մոտ և զրուցում էինք բանակային կյանքի մասին: Հենց այդ ժամանակ հայրս պատմեց մի դեպք, որ ոչ մի կերպ չեմ կարող մոռանալ:

-Սեպտեմբեր ամիսն էր: Կանգնած էինք խրամատում ես ու ծառայակից ընկերս: Մոտակա թփի հետևից հանկարծ լսվեց տարօրինակ խշխշոց: Լռեցինք: Մեր լռելուն զուգընթաց լռեց նաև խշխշոցը: Ընկերս փորձեց առաջ գնալ, բայց չթողեցինք: Սպասեցինք 10–20 րոպե: Ձայն չկար: Ընկերս բարձրացրեց գլուխը ու հանկարծ…

Չկարողացավ հայրս զսպել արցունքները և գնաց դուրս: Կանգնած էր նա պատշգամբում, ինչ-որ նախադասություն արտասանելով նայում էր դեպի երկինք և արտասվում: Երբեք չէի տեսել տղամարդու այդպիսի լաց: Տուն մտավ նա կրկին և շարունակեց պատմությունը:

-Եթե ընկերս չբարձրանար պառկած տեղից ու չնայեր, գնդակը ինձ էր կպչելու: Չգիտեմ` մեղավո՞ր եմ արդյոք, թե՞ չէ, բայց չեմ կարողանում ներել ինքս ինձ, որ չկարողացա հետ պահել նրան այդ քայլից:

Այնքան հուզված էի այդ պատմությունից: Այդ պահին հայրիկս ասաց.

-Կյանքում ուր էլ գնաս՝ տղաս, չմոռանաս, որ ամենաթանկը կյանքում լավ ընտանիքն ու հավատարիմ ընկերներն են…»

Երբ ընկերս պատմեց այս պատմությունը, բոլորիս տրամադրությունը ընկավ: Երևի էդպես է. մեր կյանքի ամենաուրախ պահերին պիտի հիշենք ամենատխուր պահերը և նրանց, ովքեր հանուն մեզ զոհվեցին: