eva khechoyan

Մշակութային շոկ

Մշակութային շոկին առնչվում է անհատը կամ անհատների խումբը այն ժամանակ, երբ հայտնվում է բոլորովին անծանոթ մի միջավայրում, որտեղ ամեն ինչ նոր է. թե՛ լեզուն, թե՛ մարդկանց վարվելաձևը, թե՛ կրոնը, թե՛ սովորույթներն ու ավանդույթները, և թե՛ ապրելակերպը, ընդհանուր առմամբ։

Երբեք չես կարող բացատրել, թե որտեղից է սկսվում մշակութային շոկն ու որտեղ է այն ավարտվում։ Սկսվո՞ւմ է արդյոք այն պահից, երբ մեկ տարվա բաժանումից հետո վերջապես ծնողներիդ կրծքիդ ես սեղմում, թե՞ սկսվում է այն պահից, երբ դեպի Չարենցավան տանող ճանապարհին զգում ես առաջին փոսն ու հանկարծ մտաբերում, որ ճանապարհների քանդվածությունը գնալով ավելի նկատելի է դառնալու։

Ինչ-որ տարօրինակ ներքին վստահությամբ ոտք եմ դնում Հայաստան՝ իմ հայրենիք, իմ տուն ու վայրկյանների ընթացքում հասկանում եմ, որ ամեն ինչ շատ ավելի բարդ է լինելու, քան ես պատկերացնում էի։

Երևան պիտի գնայի։ Նստեցի ավտոբուս ու զգացի, որ վախենում եմ։ Վախենում եմ, որովհետև էս ամենը խորթ ու անսովոր է թվում։ Զանգում եմ մամային։

-Մամ, Ռայկոմի ու Շրջանայինի տարբերությունը ո՞րն էր։

Մամայի բացատրությունն ինչ-որ տեղանունների ու փողոցների անվանումների շարան է, որոնցից ոչ մի գաղափար չունեմ։

-Մամ, տենց չեմ պատկերացնի։ Դու ինձ ասա՝ Շրջանայինը էն կլոր, ծաղկապատ տարա՞ծքն ա։

Մոտավորապես էս տեսակ հարցերի միջոցով փորձում եմ կողմնորոշվել տեղանքում ու իմ գտնվելու տեղը հասկանալ։ Կար ժամանակ, երբ Երևանի հետ մտքում խոսելու սովորություն ունեի։ Ես Երևանի սրտում էի, Երևանը՝ իմ։ Իսկ էս պահին սրտիս քաղաքի հետ բոլոր կապերը խզվել են, իսկ քաղաքի վարդագույնը՝ աչքերումս խավարել։ Հիմա աջ ու ձախ ազատ քայլելու փոխարեն Գուգլի օգնությանն եմ դիմում, ու ամեն անգամ ուղղություն ցույց տվող ծանուցումը լսելիս սրտումս ինչ-որ բան աղմուկով փշրվում է։

Երիտասարդականի աստիճաններն եմ իջնում՝ դեռ մոլորվելու վախից քարտեզին նայելով։ Ու էդ պահին մետրոյի հոտը, որ կյանքիս լիքը անհասկանալի իրավիճակներում եկել ու մտքերիս սթափ ընթացք է տվել, մի սառը ապտակով հարվածում է դեմքիս՝ հիշեցնելով էն բոլոր չգրված կանոնների մասին, որոնցով պետք է ուղղորդվել Երևանում։ Երևանը պետք է շնչել ու արտաշնչել, Երևանում պետք է կորել ու գտնվել, ուշանալ, մոռանալ, հիշել, խոսել ու լսել։ Պետք է կանգնել, որ դիմացիդ տատիկը վերջապես նստի ու ձեռքի բեռը վար դնելով թեթևացած շունչ քաշի։ Պետք է գլուխը բարձր պահել՝ ճիշտ համարի գազելը բաց չթողելու համար։ Պետք է փողոցային շնիկին ժպտալ, որ ինքն էլ առիթավորվի ու սկսի քեզ հետևել։ Պետք է ջուրը ոչ թե ձեռքիդ շշի մեջ պտտացնել ամենուր, այլ մոտակա ցայտաղբյուրի անդադար ու նյարդային փնտրտուքի մեջ լինել։ Պետք է Երևանի կիզիչ շոգից հալվել ու մյուս հալվողների բողոքները համբերատար կերպով լսել։ Պետք է զինվել անցումով առանց կողքերը նայելու անցնելու վճռականությամբ ու դեռ մեկ քայլ չարած կանգ առնել՝ ջղային վարորդի անհանդուրժողականության զոհը չդառնալու համար։ Պետք է ճանապարհի հակառակ կողմից նստել գազել, կես ժամ քո կանգառին սպասելուց հետո վերջապես հարցնել վարորդին, թե ուր է գնում, ու զարմանքով լսել իր անհեթեթ պատասխանը.

-Յա, այ բալա, թարս ես նստել, լրիվ սխալ տեղ ես գնում։

Պետք է կայծակնային արագությամբ դուրս թռչել էդ սխալ գազելից ու վազել ճանապարհի հակառակ կողմ՝ ճիշտ համարը կանգնեցնել հասցնելու համար։

Ու էս ամենն անելու համար պետք չեն ո՛չ ուղեցույցներ, ո՛չ էլ քարտեզներ, հակառակ դեպքում, կխախտես քաղաքի չգրված օրենքներն ու կխզես իր հետ ունեցած քո վարդագույն մտերմությունը։