Taguhi Agashyan 2

Մոտիվացիա

Արձակուրդ է։ Ծանրաբեռնված ուսումնական տարվանից հետո բոլոր աշակերտներն ու ուսանողներն էլ ունենում են արձակուրդի կարիք։ Այդ ընթացքում ոմանք նախընտրում են պասիվ, ոմանք էլ` ակտիվ հանգիստ։ Ես դասվում եմ  մեկ ուրիշ խմբի` արձակուրդը միշտ քնած անցկացնողների շարքին։  Երբ երեկ պատահաբար արթուն էի մնացել, ինձ մոտեցավ ավագ եղբորս որդին, ու շողարձակ աչքերը հառելով վրաս, հարցրեց.

- Ի՞նչ է նշանակում մոտիվացնել։

- Դու մոտիվացնում ես ինչ-որ մեկին այն ժամանակ, երբ հանդիսանում ես մոտիվացիա նրա համար,- իմ կարծիքով նրա` երկրորդ դասարանի աշակերտի համար, շատ հասկանալի պատասխան տվեցի ես։

- Իսկ ի՞նչ է մոտիվացիան,- հարցրեց նա։

-Դա այն է, ինչը հիմա ինձ մոտ զրոյական մակարդակի վրա է,- ծիծաղելով պատասխանեցի ես։

-Հավանաբար գիտելիքի նման մի բան է մոտիվացիան,- բարձրաձայն սկսեց մտածել նա։

Իհարկե վիրավորական է լսել, որ քո գիտելիքները զրոյական են համարվում ուրիշի կողմից, բայց ես շարունակեցի փորձել բացատրել։

-Մոտիվացիան շարժառիթն է, այսինքն մի բան, որ մեզ կարող է ստիպել շարժվել առաջ։ Օրինակ` քեզ համար շոկոլադը շարժառիթ է, որ  բարձր գնահատական ստանաս։

- Իսկ քեզ ի՞նչն է մոտիվացնում,- հարցրեց հետաքրքրասեր տղան։

Ես մտքերի գիրկն ընկա։ Վերջին շրջանում բավականին ցրված էի ու չգիտեի ինչպես առաջ գնալ։ Անհայտ պատճառով կյանքը անհետաքրքիր էր դարձել ինձ համար, ու ես  ճգնաժամային շրջան էի ապրում։ Կարծում եմ բոլոր երիտասարդներն էլ ունենում են կյանքի նման փուլ։ Նրա հարցը ասես խորը նիրհից արթնացրեց ինձ։ Կարծես  մոռացած լինեի իմ նպատակների ու երազանքների մասին, ու նրան հաջողվեց հիշեցնել ինձ դրանց մասին։ Ես պատասխանեցի.

-Ինձ մոտիվացնում են նոր ու գալիք սերունդները, որոնց կրթությունը կվստահվի ինձ մի քանի տարի հետո։ Դուք չափազանց լավն եք ու ձեր ապագայի համար ամեն ինչ կարելի է զոհել, անգամ իմ սիրելի քունը։

-Գալի՞ս ես շախմատ խաղանք,- ոգևորված ասաց նա։

-Իհարկե,- ասացի ես` լավ իմանալով, որ հերթական անգամ պարտվելու եմ նրան։

Բոլոր դեպքերում, որքան էլ մոտիվացիայի պակաս նկատեք ձեր կյանքում, լավ կլինի չմոռանաք ժպտուն աչքերով երեխաներին, որոնք ցանկացած անդունդից ի զորու են բարձրացրել մեզ դեպի վեր։