Lilit Vardanyan amarayin

Պատահականությունների քրոնիկոն

Ինչքանո՞վ է հավանական, որ մարդը, ում հավանում եք, նույնքան կարևորում է ձեզ։ Որքա՞ն է հավանական, որ դուք ապրում եք ամենաերջանիկ կյանքը, որ կարող էր լինել բոլոր իրականություններում։ Ի՞նչ արագությամբ է անցնում ձեր ժամանակը։

Մենք ապրում ենք հաշվարկների ու հավանականությունների աշխարհում՝ առանց ավելորդ ժամանակ ու միմյանց հանդեպ հոգատարություն ծախսելու։

Հավանականությունը, որ մոտ ապագայում կհանդիպեմ կյանքիս իդեալին ձգտում է 0-ի։ Կյանքի իդեալներ, իդեալական կյանք, բարձր սպասելիքներ։ Դրա մասին չեմ էլ կարող մտածել։ Ժամանակ չկա։ Կյանքը չափից կարճ է, իսկ ժամանակը չափից արագ է ընթանում։ Ռեալիստ լինելը ձեռնտու է։

Ինչքան հիշում եմ, վերջերս միշտ շտապել եմ, բայց ինչքան էլ շտապեմ, ժամանակն ինձ համար ընդմիշտ կանգնած է։ Շուտ սպիտակած մազեր, կարճ կիսաշրջազգեստ ու 15-ամյա աղջկա տեսք, որի հետ ոչինչ չեմ կարող անել։ Գոնե ինչ-որ չափով պաշտպանված եմ անծանոթ տղամարդկանց հետ տհաճ շփումից։ Բայց ավտոբուսներում տարօրինակ տղամարդկանցից խուսափելը դժվար է։ Երբեք հասկանալի չէ՝ պարանոյա էր, թե՞ իսկապես ինձ էին ուսումնասիրում։

***

Վերջին անգամ դպրոցական էի, երբ պառկում էի քնելու երեկոյան 10-ին։ Մի շաբաթ առաջ նորից փորձեցի այդ ժամին պառկել։ Եղբորս ականջակալներն էի վերցրել (իմը մոռացել էի տանը, քաղաքից դուրս էինք գնացել)։ Կյանքում առաջին անգամ միացրի երաժշտություն, որ կարողանամ քնել, շատ հանգստացնող էր, ժամանակն իսկապես կարող է կանգնել։

***

“Hey Jude”-ը այն երգերից է, որը միշտ առաջ եմ տանում, բայց առանց որի իմ երգերի ցանկը չի կարող լինել։

Փետրվարյան անձրև էր։ Աբսուրդ։ Գլոբալ տաքացումը երբեք այդքան իրական չէր եղել։ Իսկ ես արդեն մոռացել էի ծնունդիս գնած նոր անձրևանոցի մասին։ Վերջին մոտ երկու տարիների ընթացքում առաջին անգամ երգը առաջ չտարա, որովհետև բիթլզյան օր էր։ Սենտիմենտալ Լիլիթ, որը որոշել է բռնել ակնթարթը ու չշտապել գնալ դասի։

Այդ ժամանակ նոր էի հասկացել, թե իրականում ինչքան բան եմ բաց թողնում օրվա ընթացքում միայն այն պատճառով, որ միշտ ինչ-որ տեղ եմ շտապում։

Կանգառից համալսարան քայլելու 2 րոպեանոց ճանապարհը երբեք ինձ 10 րոպե չէր թվացել։

***

«Լիլիթ, մի՛ վազի»։ Եթե մի օր Google-ը ունենար որոնումների ֆունկցիա, ըստ որի ես կկարողանայի իմանալ, թե ինձ հետ շփվելիս որ արտահայտությունն է ամենաշատը կրկնվում ընկերներիս կողմից, այս արտահայտությունը հաստատ առաջին երեքում կլիներ։

Իսկ եթե հաշվի առնենք նաև ընտանիքի անդամներին, ուրեմն հնարավոր է՝ տատիկի` «շուտ կգաս տուն», «դրսում չուտես», «աթոռի վրայի շորերը հագի» արտահայտությունները հայտնվեին «Լիլիթ, մի վազիի» կողքին։

-Էսօր տանը չես ուտելու, չէ՞,- վալենտինին հաջորդող օրը ճշտեց տատիկս՝ իմանալով, որ այդ օրը ուզում եմ օգտվել վալենտինի օրը համալսարանի հետևի կաֆեում երրորդ փորձից շահած 25 տոկոսանոց զեղչից մի բանի վրա, որը կյանքում չէի վերցնի, եթե այդքան ջանքեր գործադրած չլինեի։

Եթե Google-ը ունենար ֆունկցիա, ըստ որի որոշվեր, թե որ արտահայտությունն եմ օրվա ընթացքում ամենաշատը կրկնում, հավանաբար «սոված եմ» ու «գնամ չայ խմեմ»-ը կլինեին բավականին հաճախ կրկնվող։ Իսկ դրանց տակ երևի անորեքսիկ հասարակության մասին իմ բոլոր բողոքները։

Այդ օրը խելացի պլան էի մշակել, ըստ որի ես կհասցնեի գրել ֆրանսերենի երկու էսսեները 13։20-14։00-ի դասամիջոցի ընթացքում, որից հետո կիջնեի կաֆե՝ առանց հերթի 25 տոկոս զեղչով սենդվիչ վայելելու։

Գրադարանում ինչպես միշտ տեղ չկար, բայց ես կարողացա գտնել ազատ սեղան և մեկ ազատ աթոռ։ Իսկ 40 րոպեանոց դասամիջոցի ավարտվելուն պես, ավարտեցի նաև իմ սևագրանման ու թանաքոտ էսսեները։

Կաֆեում մարդ չկար, իսկ մինչև հաջորդ դասը դեռ 1 ու կես ժամ ժամանակ ունեի։ Ցանկացած անհասկանալի իրավիճակում կարելի է գնալ խանութ, որը դատարկվում է հենց երկար դասամիջոցի ընթացքում ու հայտանաբերել, որ բացի խմորեղենից, ոչինչ չի մնացել։

Այդպես էլ արեցի։ Երբ միկադոն ուտելուց հետո պայուսակիցս վերցնում էի «սեղեալով» պեչենին, որոշեցի նայել ժամին։

14։10։ Մի պահ կանգ առա ու հասկացա, որ ինձնից ընդամենը 10 րոպե է պահանջվել խանութ գնալու, գնում կատարելու, ուտելու և համալսարան վերադառնալու համար, իսկ այդ ողջ ընթացքում ոչ մեկի կողմից չեմ լսել «Լիլիթ, մի՛ վազի» արտահայտությունը։

Հաջորդ մի քանի րոպեն քայլում էի ընկերուհուս երազանքների արագությամբ, երբ նրա ոտքերը հոգնած են լինում ինձ հետ կես ժամ «վազելուց» հետո։ Քայլերի դանդաղեցման հետ միասին ժամանակը սկսեց ավելի դանդաղ ընթանալ։

«Փաստորեն ես իսկապես միշտ ինչ-որ տեղ եմ շտապում»,- բացահայտեցի ես։

***

Ժամանակի զգացողությունը երբեք ոչ մեկի կողմից սահմանված չի եղել։ Իսկ ժամանակի ֆիզիկապես գոյություն ունենալու մասին թեորեմը դեռ ապացուցված չէ։

-Բարև,- ասացի ես ու սովորության համաձայն գրկեցի, բայց դա տևեց կես վայրկյանից մի փոքր ավելի։

Երբ մի պահ մտածեցի բաց թողնել, զգացի ձեռքերի թեթևակի ամրությունը ձախ ուսիս։ Այնուամենայնիվ 1,5 վայրկյան անց բաց թողեցի, որովհետև եթե մի ակնթարթ էլ մնայինք նույն դիրքում, անհարմար կզգայի բաց թողնել՝ ճիշտ ժամանակին բաց թողնելու մասին մտածելով։

Տեսնես ո՞վ է սահմանել մարդկանց գրկելու ճիշտ տևողությունը։

***

19։04, հիմնականում այդ ժամին էի համալսարանից հետ գալուց սպասում երկրորդ տրանսպորտին, բայց այս անգամ առաջին տրանսպորտի վարորդը որոշեց մի կանգառ ուշ կանգնել։

Որոշեցի քայլելով հասնել տուն, որը ինձնից կխլեր ընդամենը 7 րոպե ու մի փոքր էներգիայից մնացած մաս։ Վաղուց չէի քայլել մութ փողոցներով, միայն հիշում եմ ինձ վազելուց, շտապելուց կամ տրանսպորտի մեջ խցկված։

Առանց մարդ բաց տարածությունով անցնելուց միայն երկու տղաներ կային: Երբ անցա նրանց կողքով, հայտնվեցի մանկությանս ֆոբիաներից մեկի տարածքում։ Մութ, բաց տարածության միակ վառ լուսամփոփի տակ կանգնած էր փոքր, վինտաժ ավտոմեքենա։ Գլուխս բարձրացրի վեր, որ նայեմ լուսամփոփին ու տեսա, թե ինչպես է լվացքի պարաններից մեկում ինչ-որ վերմակ խճճվել։

Հոգեկան  հանգստություն, դանդաղ քայլեր, սթրես, մանկության ֆոբիա, պատերազմ, իսկ միակ բանը, որի մասին մտածել էի՝ հայրիկը դժվար ինձ նորից Լվովի շոկոլադ բերի, իսկ իմ սիրած կոնվերսները հագնելուց միշտ Ուկրաինայի մասին եմ մտածում։

***

Չեմ սիրում հրաժեշտներ, ես երբեք մարդկանց ամբողջությամբ բաց չեմ թողնում, անգամ նրանք, ովքեր իսկապես հեռացել են կյանքից, ապրում են ինչ-որ տեղ մեր իրականությունում։

Ամառային հով գիշեր էր, իսկ ես իմ ամենաչսիրած վարդերը ձեռքիս որոշել էի նորից երկրորդ տրանսպորտին սպասելու տեղը, զբոսնելով տուն հասնել։ Իսկապես, չեմ սիրում մարդկանց հրաժեշտ տալ։

***

«Լիլիթ, մինչև գնաս-գաս` սիրտս կկանգնի»,- վերջերս ամենաշատը այս արտահայտությունն է կրկնում տատիկս՝ անհանգստանալով իմ առաջին ճանապարհորդության մասին։

Երկու օր առաջ ստացա պատվաստանյութի երրորդ դեղաչափը։ Չէ, ընդհանրապես պատրաստ չէի ոչ հոգեպես, ոչ էլ ֆիզիկապես։ Բայց կարևորը Եվրոպայում ընդունված լինի, թե չէ իմ առողջության մասին ո՞վ է մտածում։

Մինչև հիմա ինձ թվում է՝ հանգստացնող են ներարկել, որովհետև պատվաստումից հետո միայն պառկելու ու հանգստանալու ցանկություն ունեմ, ժամանակն իսկապես կարող է չափից երկար թվալ։

Մի պահ թվաց, որ արդեն առավոտ է, աչքերս բացեցի, դեռ երեկոյան 7-ն էր, իսկ տպավորություն էր, որ մի օր քնել եմ։

Երևի մի օր կկարողանամ ճիշտ հաշվարկել ժամանակն ու ամենաերջանիկ կյանքն ունենալու հավանականությունը։