nina arustamyan

Մտածելու ժամանակը

Երևի սպասում էիր հերթական նյութիս, սպասում էիր, որ կգամ ու էլի կյանքիս ինչ-որ մարդու մասին մի գեղեցիկ ու տխուր նյութ կբերեմ։ Շնորհակալ եմ, որ սպասել ես ու հիմա սպասում ես, թե ինչի մասին եմ խոսելու:

Կներես, ուշացա, մի փոքր զբաղված էի, բայց կորոնավիրուսի գալուց հետո ազատ եմ։ Կռահեցիր, չէ՞, ինչի մասին է լինելու նյութս, ինչի մասին եմ խոսելու։

Կորոնավիրուսից հաստատ չեմ խոսի։ Որոշել եմ խոսել ընկերությունից, մարդկանցից կամ մարդկանց ընկերությունից։

Դեռ մանկուց ես ամեն օր ընկերներ եմ ձեռք բերել, դե, այն ժամանակ համացանց չկար, ինստագրամով իրար չէինք հետևում, իսկ ֆեյսբուքում էլ իրար հետ ընկեր չէինք, անգամ իրար հեռախոսահամար չունեինք, բայց շատ լավ գիտեինք, որ աշխարհի ծայրում մարդ կա, ով գիտի ինձ, կամ ես իրեն։ Դե, հիմա ուրիշ է, հիմա մարդիկ մինչև իրար ճանաչելը կարող է պատահական ինստագրամում կամ ֆեյսբուքում էջդ տեսած լինեն, իսկ հանդիպման ժամանակ էլ ասեն․

-Վա՜յ, դեմքդ այնքան ծանոթ է․․․

Ժամանակները թռիչքաձև առաջ են գնում, իսկ մարդը րոպեում փոխվում է։ Մեկ զանգ, մեկ միջոցառման առաջարկ, ընկերներ և այլն, և այլն, փոխվում են։

Ես էլ եմ փոխվում, ինչպես կարող եմ չփոխվել մարդկանց վերաբերմունքից։ Ընկերներիցս մեկը ասաց․

-Դու այնքան լավն ես, որ պետք չի տենց լինես էս վատ մարդկանց շրջապատում։

Ամաչեցի, կարմրեցի, հպարտացա։ Չէ, ոչ թե իր ասածից, այլ այն բանից, որ կյանքում չեմ փոխում վերաբերմունքս ընկերներիս հանդեպ։

Նինան նվիրվող է, բայց․․․

Այժմ ժամանակն է, որ անցյալով խոսենք նվիրվածության մասին։ Նինան նվիրվում էր անչափ՝ չհասկանալով անգամ՝ արժանի է, թե ոչ, բայց․․․

Շրջապատս մեծ է, ահռելի մեծ, բայց չգիտես՝ ինչպես, անգամ ամենազբաղված ժամանակ, ժամանակ եմ գտնում, որ օգնեմ․ չէ՞ որ ընկեր եմ։

Ե՞րբ է վերջին անգամ քեզ գրել մոտ ընկերդ, ում մոտ ընկեր էիր համարում անցած տարի դեկտեմբերին, ո՞ւր է։ Հաղորդագրություն ուղարկիր՝ մի բառ, անունը կարճ գրիր, կամ միանգամից հարցրու, թե ինչպես է։ Վստահ ես որ շա՜տ ջերմ կպատասխանի կամ կսկսեք մի ամբողջ օր իրար հետ չանցկացրած օրերը քննարկել, ոնց անում էիք անցած տարի․․․

Դե չէ, ես դա շատ լավ գիտեմ։

Գուցե վատը այն է, որ այժմ բոլորս մեր սրտերում անուն ենք պահում, որ գրենք, բայց չենք գրում, քանի որ առաջվանից ոչինչ չկա։ Մենք վստահ ենք բոլորի վրա, որ երբ զանգենք կպատասխանի, երբ գրենք՝ կգրի, բայց․․․

Ժամանակը ու տարածությունը ցույց են տալիս, որ դու նույնիսկ քեզ վրա վստահ չես, թե կարող ես արդյոք մի մարդու հետ պահել քո ջերմ հարաբերությունը, երբ իր հետ չխոսես օրինակ՝ 1 ամիս կամ 3 ամիս։ Դե չէ, չեք կարող, ոչ մի բան չի պահպանվում, երբ միակողմանի է, չէ՞ որ ամեն ինչ երկու հոգու ձեռքսեղման վրա է աճում, ճյուղեր տալիս, ամուր հպվում հողին, իսկ մի հոգու ձեռքում թույլ է, քո նյարդային ու հուզմունքային լարերից չի աճի, ինչքան էլ որ ուզես։

Ես ունեի ընկերներ, ովքեր ընկեր էին 1 շաբաթ առաջ, բայց այժմ անցյալով եմ խոսում, քանի որ այժմ եմ զգում, թե ով է ընկերը, թե ում համար չեմ քնել օրերով, թե ում եմ ընկեր համարել․․․

Գուցե կորոնան եկավ, որ աշխարհը, մարդկանց աղմուկից ու ոտնաձայներից հոգնած, փոքր-ինչ հանգստանա, իսկ ես ուղղակի հասկանամ, թե ով է իմ ընկերը, ով է հիշում նույնիսկ այն ժամանակ, երբ տանն է ու 2 ժամը մեկ վիրտուալ աշխարհում դաս է անում, բայց գրում է, որ իմանա՝ լա՞վ եմ։

Դե, կներես ինձ, ընկեր, որ այլևս հպարտությամբ անունդ չեմ շշնջա ու չեմ ասի, որ հպարտանում եմ։

Գուցե երկար ստացվեց, բայց ներեք ինձ, երբեմն լավ է գրես թղթին, քան թե խոսես ինչ-որ մեկի հետ, ով անգամ լսելու ունակություն չունի։