Tatev Telunc new

Մտքեր ու հուշեր Հայաստանից

Ողջույն: Արդեն գրեթե երկու տարի է, ինչ ես Հայաստանում մշտապես չեմ բնակվում: Ես ժամանակավորապես ապրում եմ Գերմանիայում, աշխարհի 80-ից ավելի ազգերի մարդկանց հետ: Գիտեմ, որ ապրելակերպս առաջին հայացքից թվում է շատ գրավիչ և հարուստ տարբեր փորձառություններով, այդպես էլ կա: Բայց հեռավորությունն ու աշխարհին ավելի մոտ գտնվելը ինձ ավելի շատ կապեց  աշխարհի մյուս կողմում գտնվող, իմ փոքր ու վտանգի մեջ ապրող տան հետ:

Անկեղծ ասած, երբ Հայաստանում էի, շատ էի ցանկանում փախչել, տեսնել աշխարհը, ծանոթանալ նոր քաղաքների ու մարդկանց հետ, փոխել իրականությունս… Դա անելը ինձ հաջողվեց: Այժմ ես մուտք ունեմ ավելի շատ գիտելիքների, ռեսուրսների, հնարավորությունների և մարդկանց հետ, բայց շատ հաճախ, երբ նստած եմ լինում դասարանում, խոսում եմ ընկերներիս կամ ուսուցիչներիս հետ, քայլում եմ փողոցներով, փորձում եմ քուն մտնել, և այլն, ուղեղիս խորքից ինձ պատում են հիշողություններ, մտքեր, և նույնիսկ խոսքեր ու ձայներ, որոնք լսել եմ Հայաստանում, տանը, կամ Գորիսի փողոցներում:

Երբեք չեմ հասկացել, երբ մարդիկ նախկինում ասում էին, որ կարոտում են տունը: Ես միշտ եղել եմ ճանապարհին, տան զգացում հազվադեպ եմ ունեցել: Բայց վերջերս նման մտքերը դարձել են հազարավոր մտքերիս մի մեծ հատվածը: Չգիտեմ, արդյոք սա այն գիտակցումի՞ց է, որ տունս կարող է պատերազմի պատճառով մի օր պաշտոնապես էլ իմը չլինել, կամ նրանից, որ տատս, ում իմ տունն էի համարում, էլ չկա, կամ նրանից, որ անկեղծորեն նախանձում եմ բոլոր նրանց, ովքեր հիմա շանս ունեն լսել հայերեն ձայներ իրենց շրջապատում, լինել տանը և ուտել հայկական ուտելիքներ, բայց փաստը նրանում է կայանում, որ ես կարոտում եմ այն ամենը, ինչը ժամանակին այդքան սովորական է եղել, որ դրա բացակայությունը այժմ գալիս է հիշողությունների ու կարոտի միջոցով:

Ճիշտ են ասում, որ պետք է հեռու լինել երբեմն, որ ավելի մոտ զգաս: Հիմա ես ավելի շատ եմ գնահատում այն, ինչ ունեցել եմ, բայց երբեք չեմ արժեվորել, քանի որ այն իմ ժամանակի նորման է եղել: Օրինակ, այստեղ երբ խնդրում են հայերեն խոսել, սիրում եմ պատասխաններ տալ Գորիսի բառբառով, Հայաստանի համը զգում եմ այլազգի օդանավակայաններում հայկական ուտելիքներով, սենյակիս Հայաստանի դրոշին նայելով և այլն:

Մի խոսքով, անչափ շնորհակալ եմ այն փորձի համար, որի միջոցով կարողանում եմ սովորել աշխարհի մասին և ճանաչել աշխարհը, ինչպես նաև գիտակցել ու անսահման սիրել Հայաստանի յուրօրինակությունը այդ ամենի մեջ և զգալ զգացմունքներ, որոնք իմ անձի հետ ժամանակին չէի ասոցացնում: