Մտքի թղթե ինքնաթիռները

Հիմա նոր եմ հասկանում, թե ինչու քչերի մոտ է ստացվում ստեղծագործել: Ես երևի այն միջանկյալ տեղ գրավող մարդկանցից եմ, որը և՛ կարողանում է, և՝ չէ:

Սկսեմ բացատրել:
Հանկարծ մի դեպք է պատահում  կամ մի փաստ, մի միտք շատ է տանջում, ստիպված հանձնում եմ թղթին, ու ստացվում է, որ գրում եմ: Դե, նաև մի քիչ գեղարվեստական համ ու հոտ եմ հաղորդում  թղթին, ու ստացվում է: Ու սա է հիմնական շարժառիթը: Չունեմ ոգեշնչում, շատ հաճախ՝ նույնիսկ շարժառիթ, դրա համար չի ստացվում մտքերս հավաքել: Եղել է պահ, երբ մեքենայով  երկար ճանապարհ եմ գնացել, հանկարծ անձրևել է, ականջակալներով երաժշտություն եմ լսել, ու նկատել եմ, թե ինչպես դանդաղորեն ապակիների վրա սկսել են անձրևի կաթիլներ կուտակվել: Կուտակված կաթիլներից շատերը, որոնք ավելի վերևում են գտնվել, բազմաթիվ փորձություններ հաղթահարելով  իջել են ապակու վրայից ու անհետացել: Մտածել եմ գրել այդ թեմայով. «Ու չկա էլ կաթիլը…»  վերնագրով: Բայց մինչև հասել եմ տուն, մտքերս ցրվել են հազարավոր ուղղություններով, ու չեմ գրել:
Մի անգամ էլ գազօջախն էի վառում, վերցրեցի լուցկու տուփը, բացեցի և տեսա, որ ընդամենը մեկ հատիկ է մնացել, մտածեցի, թե ի՞նչ կլինի, եթե հանկարծ այդ մի հատիկով չկարողանամ միանգամից վառել. պետք է գնամ նոր տուփ բերեմ ու վառեմ, իսկ այն մի հատիկի «կյանքի առաքելությունը»  պարզապես  կտապալվեր: Վառեցի այդ մի հատիկով գազօջախը և ուզում էի գրել «Երբ վառվում է լուցկու վերջին հատիկը…» վերնագրով, բայց մինչև ավարտեցի գործս, մոռացա իմ այդ մտադրության մասին:
Մի անգամ ել ուզեցի գրել իմ պատրաստած առաջին թխվածքի մասին: Գնացի գնեցի ամեն պարագա, սկսեցի պատրաստել: Բացել էի բաղադրատոմսերի գիրքը, ընտրել էի մի եռաշերտ  թխվածք ու արդեն մի շերտը պատրաստել էի, իսկ երկրորդ շերտի պատրաստման ժամանակ լույսերը անջատվեցին, և վառարանը անջատվեց: 2 ժամ շարունակ լույս չկար, իսկ ես վհատվեցի, դեն նետեցի չստացված շերտերը և իմ այդ մեկ շերտը զարդարեցի եռաշերտ թխվածքի համար նախատեսած  պարագաներով: Ստացվածից այնքան էլ գոհ չէի, բայց հարազատներս շատ քաջալերեցին ինձ, որ համեղ է ստացվել, ու ես ինձ առավել երջանիկ զգացի, այդ պահին ցանկություն ունեի գրել. «Երբ ոչինչ չի ստացվում, ու հանկարծ  ամեն ինչ ստացվում է…», բայց դուրս եկա բակ խաղալու:  Իմ մտքերը ամպերի պես բարձրացան ինձանից:
Սա մի քանի չստացված պատմություններ, որոնք եթե ստացվեին, հաստատ ամեն ինչ ավելի լավ կստացվեր, քան հիմա: Եթե հանկարծ քայլեմ փողոցով, այգում, կամ մի ուրիշ այլ վայրում (օրինակ, շքերթի ժամանակ շարքում կամ որևէ այլ կարևոր արարողության  ժամանակ) իմ ուշադրությունը գրավի մի հետաքրքիր նյութ, որին  լրագրողի աչքով կնայեմ, պետք է հենց այդ պահին, չգիտեմ որտեղից, միանգամից գտնեմ թուղթ և գրիչ, հարմար տեղավորվեմ ու սկսեմ գրել: Թե չէ` էլի կդառնան մտքերս թղթե ինքնաթիռներ ու կհեռանան ինձնից: Գուցե գնան մեկ ուրիշի մոտ, ով չի ալարի, գրի կառնի դրանք ու կդիտվի որպես յուրօրինակ մտածող:
Առակիս վերջում գրեմ եզրակացությունս. ձեր ինքնաթիռները պահեք ձեր օդանավակայաններում, պարզապես  գրեք այն, ինչը հարմար եք գտնում: Եթե իմ ծանոթներին կամ բարեկամներին հարցնեք, ես միշտ պայուսակով եմ, ու ոչ-ոք չգիտի պատճառը, թե ինչու: Կարծում եմ արդեն կռահեցիք: