marat sirunyan

Յա՜, Աստվա՜ծ…

Առավոտը նոր-նոր էր ուզում աչքերը բացել, երբ լուս ու մութի մեջ գյուղացին արդեն իրենց սառն աղբյուրի ջրով շտապ-շտապ երեսն էր ցողում: Հետո դժվարությամբ մեջքն ուղղեց, դուրս եկավ դարպասներից, մի պահ կանգ առավ ու նայեց աշխարհին, ուր ամենաչքնաղը էլի ու էլի Մասիսն էր` ամենավեհ ու ամենահամեստ լեռը, որն ամեն պահ աչքի առաջ էր ու իր արած-չարածի լուռ վկան էր միշտ: Քայլերն ուղղեց հին օրերի ընկերոջ կողմ, ով քիչ հեռվում լուռ ու մունջ իրեն էր սպասում .
-Հը՞, մտքիդ ի՞նչ կա,- հասավ թե չէ՝ խոսեց  գյուղացին,- տես հա՜, ամոթով չթողնես:
Սկսեց աչքերով մանրամասն զննել արդեն վաղուց հալից ընկած իր երկաթե ընկերոջը, որը թեև իր վիճակին իր գործը  դեռ պատվով էր անում ու օգնում վաստակել ապրելու միջոց:
Միայն թե այս ծերուկի հետ լեզու գտնելը մի քիչ դժվար էր, դե երևի ծերունական բնավորություն է, չնայած ամենաբարդը շարժի գցելն էր, որն արարողակարգի էր նման, ու ամեն մեկի խելքի բանը չէր:
Օրը դանդաղ լուսանում էր, Մասիսի դեմքը` հետզհետե պարզվում:
Գյուղացին անցավ ամենօրյա «արարողակարգի» կատարմանը: Հատուկ պարանի մի ծայրը հարմարեցրեց շարժի գցող մեխանիզմի մի հատվածից, մյուս ծայրը ձեռքում պահելով հայացքն ուղղեց երկինք՝ ողջ հավատով Աստծու բարեհաճությունն ու օգնությունը ակնկալելով:
-Յա՜, Աստվա՜ծ,- կանչեց գյուղացին ու ողջ ուժով քաշեց ձեռքում պահած պարանի ծայրից:
Տրակտորը հոգոցի նման մեկ-երկու հռնդյուն արձակեց ու նորից խոր քնի մեջ ընկավ: Գյուղացու հուսահատ հայացքը տրակտորի արձակած սև ծխի բարակ քուլաների հետ մեկտեղ կրկին երկինք ուղղվեց, ու շուրթերն ակամայից շարժվեցին.
-Յա՜, Աստվա՞ծ,- հուսախաբ շշնջաց գյուղացին, ու բազում հոգսերի բեռի ծանրությունը կարծես նորովի զգալով, խոր հոգոց հանեց ու ամեն ինչ սկսեց նորից: Մի քանի փորձից հետո տրակտորի ահեղ հռնդյունը կոտրեց արշալույսի անուշ լռությունն այնպես, որ աշխարհում ամեն ինչ կարծես այդ ձայնից արթնացավ: Արևի առաջին շողերը շնչակտուր  դուրս պրծան բլուրի հետևից, թռչունները գլուխները բներից դեռ չհանած սկսեցին դայլայլել, հետո թռան դեպի լուսատուի պայծառ շողերի կողմը, ու երկինքը նորից իր լազուրի մեջ կյանք գտավ:
Տրակտորը, որ արդեն ճամփա էր ելել ու պարբերաբար իր սև ու թանձր ծխի քուլաներն էր նետում երկնքի կողմը, իբր, թե ինչքա՞ն պիտի սև տանջանքով մի կտոր հացի ճար անենք: «Հը՞, լավ չի, չէ՞»,- երևի էսպես էր գոչում իր գոռ ձայնով ու ավելի ուժգին մրոտում երկնքի թավշե երեսը:
Արտը վարելու ժամանակն էր, գործի անցան: Տրակտորի մոտենալուն պես հողե փոշեհատիկները դողդղում էին, հետո` գութանի իրենց հասնելուն պես անհետ կորում խորքերում: Հերթը նորերինն էր` աշխարհը տեսնելու, բայց և նրանց էլ երկար ժամանակով չէր վիճակված դա…
Հողի հարթ երեսը քիչ-քիչ խորդուբորդ էր դառնում, ինչպես մարդու դեմքը` տարիքի հետ կնճիռներով պատվում: Միայն թե հողի հետ աշխատելով ամենը կարելի է նույն տեսքի բերել, մարդունը` չնայած իր հողածին լինելուն, այլևս երբեք:
Ու այս հողածին գյուղացին մունջ ու անտրտունջ իր գործն էր անում, հույսը մեկ իր, մեկ Աստծո, մեկ էլ իր երկաթե ծեր ընկերոջ վրա դնելով: Ամեն օր հողի հետ կռիվ էր անում, հողի հետ ընկերություն: Ու թե տրակտորի հետ լեզու գտնել չէր լինում, էլի Աստծուն էր օգնության կանչում.
-Յա՜, Աստվա՜ծ…

Ու թե դրանից էլ բան դուրս չէր գալիս, հողից դուրս եկող գոլորշու հետ իր խռովքն էլ էր խառնում ու տանջված հայացքով  ճանապարհում երկինք: Ու էդպես էլ պիտի շարունակվի, մինչև որ ինքն էլ նորից հող դառնա, ձուլվի արտին, հետո մի օր ցողը սրբի իր գոյությունն ու տաք գոլորշու հետ երկինք ելնի ու էնտեղ միայն մի բան կասի`
-Է՜, Աստվա՜ծ…