Բարև զինվոր: Գիտեմ, որ նամակս սկսելու ամենասխալ ձևը սա է, բայց ուրիշ տարբերակ ուղղակի չգտա: Թեև գիտեմ, որ նամակս քեզ չի հասնելու, դու այն չես կարդալու ու չես պատասխանելու, բայց կգրեմ հավատալով, որ ինչ-որ տեղ երկնքում դու կզգաս, որ այն հենց քեզ է ուղղված:
Եթե գրելու լինեի մի քանի ամիս առաջ, նամակս գուցե անուն ունենար, հասցեատեր, բայց այսօր այն քեզ է ուղղված իմ ծանոթ ու անծանոթ, այսօր, վաղը և հավերժ զինվոր մնացող եղբայր:
Գրում եմ քեզ իմ անունից, բայց և գիտեմ, որ տողերս աղոթքի պես դուրս են եկել մի ողջ ժողովրդի շուրթերից, այնպես, ինչպես մորդ՝ քեզ ուղղված ամեն խոսքն էր մեր անունից, ինչպես «նրա» ամեն «սպասում եմ քեզ»-ը մեր շուրթերից աղոթք էր առ Աստված:
Ամանոր է, Ամանոր, որի ամենանվիրական մաղթանքը այն անհասանելի խաղաղությունն է, վերջապես նրան հասնելու, կարոտած թևերով փարվելու բաղձանքը: Նրանից քո կարոտն առնելու բաղձանքը:
Իսկ ես Ամանորի շնորհավորանքներ շռայլելու համար չէ, որ գրում եմ քեզ, և ոչ էլ շնորհակալության՝ մեզ ևս մեկ Նոր տարի նվիրելու համար: Երեք միլիոն մարդ մեկի պես քեզ պաթոսաշատ խոսքերով շնորհակալություն է հայտնում, խոնարհվում քո առաջ, բայց ես դա չէ, որ քեզ ասել եմ ուզում:
Կներես մեզ, զինվոր:
Կներես ամեն ասված ու չասված բառի, ամեն բաց թողած պահի համար:
Կներես չհասկանալու, չհասկացվելու համար:
Կներես մի գիշեր քեզ համար չաղոթելու, քեզ երազում չտեսնելու համար:
Կներես չգնահատելու, համեմատելու համար: Չհասկանալու համար, որ համեմատելու կարիք չի էլ եղել: Այն, ինչ կար քո մեջ, եռապատիկ անգամ ուժեղ էր ժառանգածից, իսկ մենք չէինք նկատում:
Կներես, որ բավական ուժեղ չեղանք՝ քեզ սպասելու: Որ քաջություն չունեցանք ասելու սրտում տաք-տաք պահածը: Որ մոռացանք չմոռանալ…
Կներես դեռ տաք արյունդ քեզնից խլելու համար, բաբախող սիրտդ ցավեցնելու համար:
Կներես խոստանալու ու մոռանալու համար: Չխոստանալու համար…
Գիտեմ, զինվոր, գիտեմ, որ արդեն ներել ես: Հերոսի հոգին չներել չի կարող: Բայց մի վերջին անգամ շշնջա երկնքից, ասա, որ կներես քո պահած հայրենիքը քեզնից լավ չպահելու համար:
Կներե՞ս…