eva

Ներաշխարհային մտաժողովի անորոշության մեջ

-Ինչու՞

-Չգիտեմ։

Ահա այս մշտական երկխոսության սառն ու անտարբեր մթնոլորտում է անցնում մտքերիս ամենօրյա նիստի ամբողջ ժամանակահատվածը։ Չգիտեմների անվերջ շղթան բավականին երկար ժամանակ է, ինչ քսանչորսժամյա ռեժիմով աշխատում է ու ինձ հանգիստ չի տալիս։ Ես էլ իմ հերթին քրտնաջան աշխատում եմ ու փորձում գտնել ինչուների պատասխանը։ Չեմ էլ հիշում, թե նրանցից որը սկզբում ի հայտ եկավ՝ ինչուն, թե չգիտեմը։ Հիշում եմ, որ հերթական նիստերից  մեկի ժամանակ ընդդիմությունը շատ նյարդային էր։ Նա անգամ չսպասեց իր հերթին և միանգամից սկսեց իր ելույթը։ Իր հնչեցրած յուրաքանչյուր նախադասությունը պարուրված էր ինչուների անվերջ շղթայով։ Նա պատասխաններ էր պահանջում ամենազորեղ ու ամենաանիրատեսական հարցերի պատասխաններն ունեցող իշխանությունից։ Զարմանալիորեն, այս նիստին իշխանությունը մի փոքր շփոթված էր։ Գուցե անքնությունից էր, կամ էլ գերհոգնածությունից։ Հնչեցրած հարցերին իշխանությունը պատասխանում էր շատ լակոնիկ՝ չգիտեմ։ Տևական ժամանակ մտաժողովի մթնոլորտը խրթին ու անառողջ էր։ Անտանելի համառ ինչուն ու հաստատակամ չգիտեմը ոխերիմ թշնամի էին դարձրել համերաշխության ձգտող ընդդիմությանն ու մշտապես օգնության ձեռք մեկնելու պատրաստ իշխանությանը։ Ես երկար ժամանակ չէի կարողանում հասկանալ նրանց կռվի պատճառը, որովհետև իմ մտքերի ժողովում ընտրությունները միշտ անցել են արդար և թափանցիկ։ Ընտրախախտումներ կաշառքի կամ այլ ձևով երբևէ չեն եղել, և իշխանությունը ընտրվել է մտքերի արդար մեծամասնությամբ։ Ցավոք, ես չէի կարողանում հասկանալ, թե նրանցից ով է ճիշտ, թե ում է հնարավոր մեղադրել կամ պաշտպանել, որովհետև ինչուն մեր յուրաքանչյուր գործողությանը, արարքին, փաստարկին հաջորդող անբաժանելի հարցն է, իսկ չգիտեմը․․․․․ Չգիտեմը, երևի թե, արդարանալու դասական ձև է, երբ չենք ուզում մեր ուղեղն աշխատեցնել։ Այնուամենայնիվ, իմ ուղեղում այս դեպքը չէր։ Չգիտեմն առաջացավ այն ժամանակ, երբ անբացատրելի դատարկություն սկսեցի զգալ։ Ես չգիտեի, թե ինչ եմ ուզում անել, ինչի մասին եմ ուզում խոսել, ինչ եմ ուզում ընդհանրապես։ Ես չգիտեի․․․․ Այս նախադասությունը այնքան թափառեց ուղեղիս ստորին ատյաններում, որ վերջիվերջո հասավ իշխանությանը և տիրեց նրան։ Երևի թե, ես անդադար անկայունության մեջ կգոյատևեի, եթե չհայտնվեր իմ փրկության բանալին, իմ ուղեղի անբաժան բարեկամը, իսկ երբեմն ամենաանտանելի թշնամին՝ սիրտը։ Նիստերից մեկն ընդհատվեց նրա անակնկալ այցով, որը խաղաղություն սփռեց չորսբոլորը։ Սիրտս ներթափանցեց մտքերիս ամենախորունկ կետերը ու իր խոսքերով դիպավ ամենանուրբ լարերին՝ բժշկելով նրանց այդ վարակից։

Դիմելով այդ նիստի գլխավոր հերոսներին՝ ինչուին ու չգիտեմին, նա ասաց․

-Մենք ամեն օր ընտրություն ենք կատարում լավի ու վատի, պայքարելու կամ հանձնվելու, շահելու կամ կորցնելու, երջանկանալու կամ դժբախտանալու, աշխատելու կամ ծուլանալու, սիրելու կամ ատելու, և վերջապես, ապրելու, մեռնելու կամ ուղղակի գոյատևելու միջև, ուստի բնական է, որ գալիս է ժամանակ, երբ ինչուն մեզ հանգիստ չի տալիս։ Մեր կյանքում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները կառուցվում ու վերլուծվում են ինչուի միջամտությամբ նաև։ Անշուշտ, գործելուց առաջ պետք է հասկանալ, թե ինչու ենք անում դա, բայց, լռակյաց դատարկության մեջ աներեր ինչուի բացակայող պատասխանները փնտրելով, մենք ուղղակի կվատնենք մեր թանկագին ու արագավազ ժամանակը և մի օր կհասկանանք, որ երկու ոտքով խրվել ենք  ամենախորը ճահճի մեջ, ու դրանից դուրս գալու համար մի ողջ հավերժություն պետք կգա։ Ինչ վերաբերում է չգիտեմին, ես էլ չգիտեմ (ժպտում է սիրտը)․․․ Ուղղակի պետք է մի քանի րոպեով թեթևացնել մտավոր ծանրաբեռնվածությունը և սկսել նորից․․․ Չեմ ասում սկսել նոր էջից, որովհետև նոր էջ չի բացվում, մենք ուղղակի փոխում ենք մեր նավի ուղղությունը և շարունակում ենք գրել մեր պատմությունը՝ ավելացնելով կամ պակասեցնելով հերոսներին, դարձնելով այն ավելի հետաքրքիր կամ չափազանց միանվագ, մեր ետևից տանելով ընթերցողին  կամ հիասթափեցնելով նրան….. Ինչպես պետության մեջ իշխանությունն ու ընդդիմությունը գործում են հանուն ժողովրդի բարօրության, այնպես էլ ուղեղում, մտային ընդդիմությունն ու իշխանությունը աշխատում են հանուն մտավոր ներդաշնակության՝ թույլ չտալով առաջնորդին խորտակվել ինչուների ու չգիտեմների լաբիրինթոսային անդունդը։ Կյանքն այնքան էլ երկար չէ գունագեղ վայրկյանները խորը հուսահատությամբ, անիմաստ շփոթությամբ և անհասկանալի կասկածամտությամբ լցնելու համար։ Վե՛րջ տվեք չգիտեմներին ու սկսե՛ք նորից, իսկ ինչուները թող լինեն, բայց լինեն չափավոր և տեղին։

Զարմանալի է, բայց փխրուն թվացող սրտիս այս ամուր ու համոզիչ ելույթը  բարելավեց մշտարթուն ուղեղիս աշխատանքը ու մի փոքր ցրեց բազմահազար մտքերիս գորշ խառնաշփոթը։ Նիստից հետո ես հասցրի մի քանի բառ փոխանակել սրտիս հետ ու մտածեցի, որ նա կտա ինձ հուզող հարցի պատասխանը և հարցրի՝ ինչու՞։ Սիրտս նայեց ինձ իր իմաստուն հայացքով ու ժպիտով պատասխանեց՝ չգիտեմ․․․․