diana hovsepyan

Ճանապարհ դեպի տիեզերք՝ մարդկության երազանքը

«Սիրելի ընկերներ, ծանոթներ և անծանոթներ, համաերկրացիներ, բոլոր երկրների մարդիկ՝ մի քանի րոպե հետո, տիեզերանավը ինձ կտանի դեպի հեռավոր տիեզերքի սահմանները…»

58 տարի առաջ 1961թ. ապրիլի 12-ին հենց այս խոսքերով, թռիչքից մեկ ժամ առաջ, Յուրի Գագարինը դիմեց մարդկանց, որոնց համար նա կատարեց այդ վտանգավոր ճանապարհորդությունը Երկիր մոլորակի մթնոլորտից դուրս: Գագարինը անցկացրեց 108 դժվար րոպեներ, որոնց շունչները պահած հետևում էին շատ ու շատ մարդիկ տարբեր երկրներից: Այս քայլը մեծ հնարավորություններ ստեղծեց հետագա տիեզերական ճանապարհորդությունների համար: Գագարինից հետո տիեզերագնացներն արդեն հանգստության և գիտելիքների մեծ պաշարով էին ուղևորվում տիեզերք: «Նա մեզ բոլորիս համար հարթեց ճանապարհ դեպի տիեզերք», – ասել է Գագարինի մասին Նիլ Արմսթրոնգը (առաջին մարդը, ով ոտք դրեց Լուսին):

Եղե՞լ են արդյոք կանայք տիեզերքում կամ ունեցե՞լ են որևէ ազդեցություն տիեզերագնացության զարգացման հարցում: Միանշանակ այո՛: 1963թ. հուլիսի 16-ին իրականացվեց առաջին կին-տիեզերագնացի  թռիչքը՝ Վալենտինա Տերեշկովայի: ‹‹Հե՜յ, երկի՜նք, հանի՛ր գլխարկդ››, – ասաց Վալենտինա Տերեշկովան, նախքան լեգենդ դառնալը: Այս խոսքերը պատմության մաս դարձան, ինչպես Գագարինի հայտնի «Թռա՜նք» արտահայտությունը:

Քեթի Բոումենի շնորհիվ աշխարհն առաջին անգամ տեսավ Սև անցքի լուսանկարը, հենց նա էր գլխավորում այդ ծրագրի ալգորիթմների մշակումը: Մարգարետ Համիլտոնի շնորհիվ 1969թ. մարդկային ոտքը առաջին անգամ  դիպչեց Լուսնին:

Դեռ վաղ ժամանակներից մարդկանց հետաքրքրել է իրենց գլխավերևում գտնվող աստղազարդ երկինքը: Նրանք հիանում էին դրանով և բազում առեղծվածներ կապում նրա հետ: Շատերը հաստատում էին աստղերի մեծ ուժի մասին, հորինում էին լեգենդներ, պատմություններ երկնքի մասին, այդ բոլորը փոխանցվելով սերնդեսերունդ հասել է մինչև մեր օրերը:

Վինսենթ Վան Գոգը ասել է. «Չգիտեմ թե ինչու, բայց ամեն անգամ նայելով աստղերին ուզում եմ միշտ երազել…», ես համաձայն եմ մեծանուն նկարչի հետ, բոլոր երազող մարդիկ նայելով այդ կայծերին, ակամա սկսում են երազել են ինչ-որ «Մեծ» բանի մասին: Մի քանի դար առաջ դեպի Տիեզերք տանող ճանապարհը ևս եղել է ինչ-որ մեկի  «Մեծ» երազանքը, որն անիրականանալի էր թվում, բայց քանի որ երազանքներն իրականանալու հատկություն ունեն՝ դեպի տիեզերք տանող ճանապարհն էլ գտնվեց:

Մեզանից շատերին երևի թե հետաքրքրել են նմանատիպ հարցերը. «Ի՞նչ է գտնվում այնտեղ՝ վերևում» կամ «Այս ի՞նչ մարգարիտներ են վառվում երկնքում…»: Ինձ թվում է մեզանից ամեն մեկը յուրովի է պատասխանել այս հարցերին: Օրինակ՝ Հին Հնդկաստանում կարծում էին, թե Երկիր մոլորակը գտնվում է երեք փղերի մեջքի վրա, որոնք էլ իրենց հերթին կանգնած էին հսկա կրիայի վրա, Հին հույները կարծում էին, որ Երկիր մոլորակը ոչ թե նման է գնդի կամ օվալի, այլ սկավառակի տեսք ունի: Ես փոքր տարիքում Արեգակնային համակարգը նմանեցնում էի թաց սարդոստայնի, որի կենտրոնում՝ կաթիլի տեսքով, Արեգակն էր, իսկ շուրջը հավաքված կաթիլները՝ մյուս մոլորակները: Դե, ինչպես գիտենք, Երկիր մոլորակը կլոր է, իսկ մնացած բոլոր վարկածները մարդկանց երևակայության արդյունքն են:

Ինձ համար տիեզերքը ասոցացվում է անսահմանության հետ՝ մարդկանց անսահման հնարավորությունների հետ: Չնայած նրան, որ տիեզերական գիտությունը համեմատաբար դանդաղ տեմպերոով է առաջ շարժվում, այնուամենայնիվ այն ևս առաջ է գնում: SpaceX ընկերությունը՝ Իլոն Մասկի գլխավորությամբ, 2026թ. ծրագրել է առաջին անգամ մարդ ուղարկել Մարս մոլորակ: Կարելի է ասել, որ մենք քիչ-քիչ մոտենում ենք նոր բացահայտումներին, բայց այս ամենը դեռ չնչին մասն է կազմում նրա, ինչը դեռ պիտի բացահայտվի: Մենք դեռ չենք կարող թռչել դեպի մեր մոլորակի մոտ գտնվող աստղերը, նույնիսկ դժվարությամբ ենք դուրս թռչում մեր Արեգակնային համակարգի սահմաններից: Այս ճանապարհը դեպի տիեզերք դեռ փակ է մեզ համար:

Միակ բանը, որ մենք պետք է անենք՝ պահպանենք մեր մոլորակը, ախր, այն այնքան գեղեցիկ է և առեղծվածային: Երկիր մոլորակի գեղեցկության մասին նշել է նաև Գագարինը. «Շրջապտույտ կատարելով երկիր մոլորակի շուրջը օդանավ-ուղեծրով, ես տեսա, թե որքա՜ն գեղեցիկ է մեր մոլորակը: Մարդի՜կ, եկեք պահպանենք և կրկնապատկենք այս գեղեցկությունը, այլ ոչ թե կործանենք այն»: