Sona mkhitaryan

Նկարելն ու սիրել նկարելը տարբեր բաներ են

Երեք տարի առաջ առաջին անգամ գնացի նկարչության պարապմունքների: Ինձ ընկերուհիս ասաց, որ հոկտեմբերի երկուսից Ակնալճում նկարչության խմբակ է գործելու է, և առաջարկեց միասին գնալ: Խմբակը մասնավոր է, որը վարում է Արթիկ քաղաքի նախկին բնակիչ Հակոբ Հակոբյանը: Նա շատ վաղուց տեղափոխվել է մեր գյուղ: Խմբակը անցկացվում է գյուղի մշակույթի տանը: Երբ գնացի՝ չէի պատկերացնում, որ հենց նույն օրը կնկարեմ բոլորի հետ: Անհրաժեշտ պարագաներից ինձ հետ վերցրել էի միայն մատիտ, ռետին և կանաչ թուղթ… Ինչո՞ւ կանաչ, որովհետև սպիտակ չունեի: Առաջին անգամվա համար լավ էր ստացվել, ու այդ նկարս մինչև հիմա պահել եմ: Ես նախքան նկարչության գնալը, տանը նկարում էի մատիտներով, «ֆլոմաստերներով», ու մայրիկս, երբ «Ներկիր ինքդ» ալբոմ էր ինձ համար գնում, ես չէի ներկում, այլ նայում էի նկարներին ու նույնը գծագրում, ներկում էի:
Սկզբում խմբում ընդամենը չորս հոգի էինք: Ընթացքում էլի ավելանում էին, բայց երբ գալիս էր ցուրտ ձմեռը՝ դուրս էին գալիս` ասելով, թե գարնանը կգան: Բայց քչերն էին գալիս, ովքեր էլ գալիս էին՝ սովորածը մոռացած: Քանի որ խմբի ավագը ես էի, ինձ էին զանգում ու ասում:
-Սոն, բարև: Լսի` մամաս չի թողնում գամ պարապմունքի: Ասում ա, որ ցուրտ ա ու կմրսեմ:
-Ան ջան, սա էնպիսի հարց ա, որ պիտի զանգես ընկեր Հակոբին:
-Դե քեզ եմ ասում, կասես, էլի:
Ու այսպես լիքը խոսակցություններ եմ ունեցել:

Մեր ձմեռը իրոք դաժան էր: Փոքր էլեկտրական վառարանով էինք տաքանում: Տանիքից ձյունը հալվում էր, ու պատերը խոնավանում էին: Լինում էր` լույս չէինք ունենում, բայց նկարում էինք, թեկուզ սառելով: Այդ դեպքում երկու ձեռնոց միաժամանակ էինք հագնում: Նկարելու համար անհրաժեշտ ջուրը մենք տանից բերում էինք, բայց մինչև հասնում էինք տեղ, տեղավորվում՝ արդեն սառած էր լինում: Մեր փոխարեն ջուրն էինք տաքացնում, որ հալվի:
-Երեխեք, էդ ջուրը չհալվե՞ց:
-Չէ հըլը, Սոն:
Երբ կիսով չափ հալվում էր՝ մի երկու հոգու բաժակները լցնում էինք, հետո էլի էինք տաքացնում` մյուսների համար: Ես միշտ այդ առաջին երկու հոգու մեջ էի: Նկարելիս մեր հաստ վերարկուները շատ էին խանգարում. հանում էինք, բայց դեռ չհանած, նորից հագնում: Ու այսպես մենք անցկացրել ենք երեք դաժան ձմեռ ու դեռ կանցկացնենք:
Ես եթե չսիրեի` չէի գնա, իսկ նկարելն ու սիրել նկարելը տարբեր բաներ են: