nona petrosyan

Դիլիջանյան մեդիա ճամբար. Նկարվելու է

Օր երկրորդ` ահա և եկավ ֆիլմերի գաղափարների քննարկման ժամանակը: Մենք առաջարկում էինք ֆիլմերի գաղափարներ, որոնք պետք է նկարահանեինք ճամբարի ընթացքում: Հնչում էին բազմաթիվ հետաքրքիր առաջարկներ, բայց ինձ ամենաշատը դուր եկավ նկարահանել սարում ապրող մարդկանց մասին ֆիլմի  գաղափարը: Կոչվում է սարի յայլա (օբա): Հա, չգիտեք: Լավ, ասում եմ` ուրեմն ամառվա ամիսներին գյուղացիներն իրենց անասուններին տանում են սար և իրենք նույնպես  մնում են այնտեղ: Հա, ինչո՞ւ հավանեցի: Այդ առաջարկը լսելուն պես միանգամից հիշեցի տատիկիս  ու դրանից հետո մոտ 15 րոպե ոչինչ չէի լսում: Հիշում էի, թե ինչպես էր տատիկս պատմում սարում անցկացրած ժամանակների մասին ու երազում  կրկին լինել այնտեղ, բայց… Ախ, այդ բայցը: Նա հիմա չի կարողանում երկար քայլել և ճնշում ունի:

-Էհ, աղջիկս, այնպես կուզենայի նորից այնտեղ լինեի` երազանքս է:

-Տատ, իսկ կլինի՞ ես էլ գամ:

-Հա, բալես, որ ես գնամ` անպայման:

Այդ  խոսակցությունից հետո ես երազում եմ լինել այնտեղ, և իհարկե, տատիկիս հետ: Ես գիտեմ, որ տատիկիս համար դա շատ վտանգավոր է, բայց շատ կուզենայի այնտեղ լինել, զգալ այն մարդկանց ապրումները, ովքեր այնտեղ են ապրում թեկուզ որոշ ժամանակ: Չեմ հիշում` ով արեց այդ առաջարկը, բայց ես քո կողքին եմ և մինչև վերջ այնպես եմ անելու, որ անպայման նկարվի այդ ֆիլմը: Վստահ եմ, դա շատ մարդկանց մեջ բազմաթիվ հիշողություններ կարթնացնի: