Astghik Hunanyan vayots dzor

Նոյի մեկ զույգ չարիքը

Մ.թ.ա եսիմ՝ որ թվական, ամենուրեք ջուր, ջրհեղեղ: Նոյն իր տապանում տեղավորեց բոլոր արարածներից մեկական զույգ ու ջրհեղեղից փրկեց թե՛ իրեն, և իր ընտանիքին, և թե՛ այդ անմեղ արարածներին: Անմե՞ղ, չէ, դրանց շարքին էին պատկանում նաև մոծակները:

1828 թ., ռուս-թուրքական պատերազմների վերջը, Թուրքմենչայ գյուղ, պայմանագիր: Պայմանագի՞ր, ի՞նչ պայմանագիր, ախ, այո, այն պայմանագիրը, ըստ որի պարսկական Խոյ և Սալմաստ գավառներից մեծ թվով հայեր պետք է գաղթեին ռուսական տիրապետության տակ գտնվող հայկական տարածքներ՝ մասնավորապես պատմական Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառ: Զանգվածային գաղթն իր մեջ ներառում էր նաև մոծակների շուրջ 20 հազար տեսակ: Երևի ինչպես Եղեգնաձորի, Ջերմուկի, Վայքի, Գլաձորի, Մալիշկայի, Ագարակաձորի և այլ գյուղերի բնակչությանն են անվանում «թազա հայեր», այդպես էլ այդ հայերին այստեղ տեղափոխած սայլերին «փարված» և մեր կողմեր եկած մոծակներին՝ «թազա մոծակներ»: Դաժան է, շատ դաժան:

2002-2017 թվականների ամառներ, մոծակներ. շատ մոծակներ: Դեռ մանկուց էլ մոծակներն ինձ շատ են սիրել: Ասում են, մոծակները խայթում են այն մարդկանց, ովքեր անուշ բույր ունեն. հա, բայց այսքա՞ն: Ամառվա ամենամեծ մինուսն էլ հենց նրանք են՝ այդ մակաբույծները, որոնց Նոյը բարձրացրեց տապան՝ առանց գիտակցելու, թե ինչ չարիք է գործում: Թե ասա՝ այ Նոյ ջան, չէի՞ր կարող այդ մի զույգ «անմեղ» արարածներին էլ տապան չբարձրացնել, մենք էլ հանգիստ կապրեինք ու նորմալ կվայելեինք ամառները: Ինչ վերաբերում է մոծակներին, կարծում եմ՝ նրանք հավերժ մրցակցության մեջ են՝ թե ով ավելի շատ մարդու արյուն կքամի ու պատճառ կդառնա մարդկանց՝ ողջ ամառ տանջվելուն ու նվնվալուն:

Հիմա էլ էս նյութը գրում եմ մի կերպ ինձ ստիպելով, որ չքորեմ, ինչ-որ մեկը հենց այս պահին հաղորդում է վարում՝ մի կերպ իրեն ստիպելով, որ ձեռք չտա խայթած տեղին, ինչ-որ մի վարձու մարդասպան հենց այս պահին ջանում է հրացանը չշարժել, որ հանկարծ չշեղվի նշանակետից, մի կերպ իրեն ստիպելով՝ չքորել մոծակի կծած տեղերը: Գալիս են, նստում վրադ, արագ խայթում ու լույսի արագությունը գերազանցելով՝ կորչում են տեսադաշտիցդ, ու չես էլ հասցնում վրեժ լուծել: Բայց եթե դու ես պատիդ մոծակ տեսնում, իմացիր, եթե առաջին անգամ հողաթափով կամ ինչ-որ ուրիշ՝ շատ ծանր իրով հարվածում ես, ու նրանք մազապուրծ փախչում են, ապա անպայման ընկիր հետևներից ու սպանիր, թե չէ, ի տարբերություն մեզ՝ նրանք հաստատ վրեժ կլուծեն։ Հասկանո՞ւմ եք, նրանք վնասում են մարդկանց ու ոչ մի պատիժ չեն ստանում։ Անարդար է, չէ՞։ Նստած ես քեզ համար, ոչ մեկին վնաս չես տալիս, չէ, պետք է պարտադիր գան ու իրենց մեծ կնճիթով արյունդ ծծեն, մի հազար հատ կետիկներ թողնեն ու գնան, բայց մի քանի վայրկյան անց այդ կետերը անպայման ողջ մարմնովդ կտարածվեն, կկարմրեն, ու բացի սպիրտով «շփում» անելուց կամ «մոծակի դեղ»-ը ամբողջությամբ խայթած տեղում դատարկելուց՝ ոչինչ չես կարողանա անել։

Ամառ է, շա՜տ շոգ, եթե գիշերը ծածկվում ես, շոգից չես կարողանում քնել, իսկ եթե չես ծածկվում, մոծակները ոչ մի առողջ տեղ չեն թողնում մարմնիդ վրա:

Գիտե՞ք, մի բան եմ մտածում. ամռանը տեղի ունեցող բոլոր պատերազմների ելքերը փոխել են հենց մոծակները: Կամ բախտդ բերում է, և քո զորքի վրա են «ցրվում», կամ էլ հակառակորդիդ, կամ էլ երկու կողմերն էլ տուժում են ու պարտվում, ինչպես, օրինակ՝ Ավարայրի ճակատամարտում: Կամ դու, որ երազում ես անտառում՝ գետի ափին փայտյա տնակ ունենալու մասին, չե՞ս մտածել, որ գետ է, մոծակները սովորականից շատ կլինեն, ու երազանքներիդ կյանքը իսկական դժոխքի կվերածվի, բա որ ասո՞ւմ եմ:

Հիմա էլ նոր ձև է՝ այնքան փոքր են, որ կարողանում են անգամ անցնել ցանցապատված պատուհանների միջով, դեռ վարկած էլ ունեի, որ ճանճերն են գիշերը մոծակների վերածվում, այդպես մի նայիր, լուրջ եմ ասում, էլ ուրիշ ի՞նչ է մնում մտածել: Էլ ի՞նչ սատանա, ի՞նչ նացիստ, ի՞նչ Վոլդեմորթ, ի՞նչ Ջոկեր, ի՞նչ հեքիաթի չար կերպար, եթե մարդիկ կարողանային, հիմա մոծակների մասին էլ հազարավոր ֆիլմեր կնկարեին՝ սարսափ ժանրի, իսկ դրանք բազմաթիվ օսկարներ կստանային, ինչո՞ւ չէ, որ: