Ani avetisyan

Նոր էջ ենք բացում

«Բեղուն գրչի և հոդվածների խոհականության համար»

Երբ մարդկանց բացատրում ես այն, ինչ իսկապես կա սրտումդ՝ քեզ տարօրինակ կամ ստախոս են կարծում, իսկ ամենամտերիմները սեփական աչքերով են  տեսնում ամեն քայլդ, առաջընթացդ: Է՜, որոշել էի չփիլիսոփայել:

Նորից սկսեմ:

Ապրիլի 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի Առաջին մրցանակաբաշխությունը: Մրցանակաբաշխությանը հրավիրված էին հարյուրից ավելի պատանի թղթակիցներ և մեդիաոլորտի (ու ոչ միայն) ներկայացուցիչներ, պաշտոնական հյուրեր, մեդիաոլորտի մասնագետներ, ծնողներ և էլի շատ ու շատ մարդիկ: Մրցանակաբաշխության թերևս ամենահուզիչ պահը մեզ՝ թղթակիցներիս համար «Մանանա» կենտրոնի մասին դրսի հայացքն էր ու տարբեր մարդկանց կարծիքները լսելն ու նրանց կողմից կենտրոնի աշխատանքը ըստ արժանվույն գնահատելն էր: Թվում էր, թե «Մանանային» հասցեագրված յուրաքանչյուր պատվոգիր և շնորհակալագիր մեզանից յուրաքանչյուրն էր ստանում:

Իսկ այդ պահին ամենքս էլ սրտի մի անկյունում սպասում էինք, որ ուր որ է մեր անունն էլ կհնչի մրցանակակիրների ցուցակում: Եվ… Եվ ես այդ երջանիկներից մեկն էի:

Իսկ երբ գնում ես, ստանում մրցանակդ, ուրախ ու մի քիչ էլ զարմացած նայում շուրջդ՝ կտրվում ես աշխարհից, դեմքիդ արտահայտությունից էլ չի երևում այն, ինչ «թրթռում» է սրտումդ: Իսկ թրթռում էր հատկապես լսածդ խորհուրդը. «Երբ անգամ կայացած լրագրող դառնաք, չմոռանաք այն դպրոցը, որ անցել եք «Մանանայում»:

Դե, հիմա արի ու բացատրիր, թե որքան կարևոր է այդ դպրոցը քեզ համար…