narek babayan

Մի թղթակցի կարճ պատմություն

«Ստեղծագործական մոտեցում և թիմային աշխատանք»

Ինձ համար հանգիստ, տխուր ու ձանձրույթը մեջս նստած էի ՀԵՊ դասի։ Դասից ազատեցին, ասացին՝ ինչ որ սեմինարների են գալիս։ Ասացի՝ լավ, ավելի ձանձրալի էլ չի լինի։ Եկան մարդիկ, հարցրեցին, ուզու՞մ եմ արդյոք ունենալ հնարավորինս հետաքրքիր կյանք, որ կարող է ապրել հայ պատանին ու դառնալ ահագին ճանաչված։ Դե, ես համաձայնվեցի, հետո նրանք ինձ տարան սեմինարների, դասերի, ճամբար, հանդիպումներ։

Այսպես, մի տարվա ընթացքում ես դարձա պատանի թղթակից ու արժանացա «Ստեղծագործական մոտեցում և թիմային աշխատանք»  անվանակարգի հաղթողի կոչմանը: Անվանումից երևի կկռահեք, որ ես մենակ չեմ այդ անվանակարգում, այլ ընկերոջս հետ, ում հետ ընկերությունս սկսվեց այդ նույն օրվանից, երբ իմացա 17-ի մասին։ Հա, 17-ի շնորհիվ ես ունեմ մտերիմ ընկեր, ում հետ, անկեղծ ասած, ոչ միշտ ենք յոլա գնում։ Բայց դա էական չի, մենք ամենալավ թի՜մն ենք։

Եվ այսպես, ես դարձա պատանի թղթակից (վկայականն ունեմ, կգաք՝ ցույց կտամ)։ Կազմեցի լավագույն թիմի մի մասնիկը, ունեցա առաջին հաղորդավարական փորձս, բավականին մեծ բեմում։ Ի դեպ, ասեմ, որ կար ժամանակ, երբ ոտքերս դաս պատմելուց դողում էին, լեզուս կապ էր ընկնում։ Իսկ մրցանակաբաշխության ժամանակ, մոտս մոտավորապես այսպիսի իրավիճակ էր․

2 ժամ մինչև ելույթը: Հիմա վեր-վեր եմ թռնում, հեսա ժամը գա, ոտքես էլի կսկսեն իրենց գործառույթը լավ չկատարել։

30 րոպե մինչև ելույթը: Գնում ենք կամերային, բայց ինչ-որ վախս ուշանում ա, լավ, բեմը տեսնեմ՝ կսկսվի։

Բեմի վրա կանգնած եմ: Լավ, հեսա մարդիկ հավաքվեն ու սկսեմ վախենալ։

Ելույթը սկսվեց, ու, այսպես ասեմ, պետքս չէր։ Ես ուրախ-ուրախ խոսում էի հանդիսատեսի հետ։ Չգիտեմ, հանիսատեսից էր, ինձնից, թե ումից։ Բայց ինչ կա՝ կա։ Ինձնից լիարժեք գոհ չեմ, ինչքան էլ բոլորն ասեն, որ լավ էր։ Որովհետև բոլորը տեսան այն, ինչ եղավ։ Իսկ ես, գիտեի այն, ինչ կարող էր լինել, բայց չեղավ։ Բայց դե, էլի ոչինչ։

Մի քիչ էլ նյութական ձեռքբերումիցս գլուխ գովեմ, ու վերջ։ Ես ու ընկերս Սան Ֆրանցիսկոյի AIWA կազմակերպության և GoPro ընկերության կողմից ստացանք ներկայիս ժամանակների ամենալավ էքշըն տեսախցիկներից մեկը, ու ասեմ, որ ես մինչև ստանալուս րոպեն էլ չգիտեի, որ մրցանակակիր եմ, թեև ես էի հաղթողներին հայտարարում։ Տեքստի այդ հատվածը հաղորդավարուհու ձեռքում էր։

Այսքանը մի պատանի թղթակցի կարճ պատմությունն էր «Մանանա» կենտրոնում, առանց էմոցիաների։ Որովհետև իմ բառապաշարը չունի այդքան պաշար, որ ես ազատ կարողանամ ընթերցողին հասցնել ուզածս։ Բայց դուք պատկերացրեք մոտավորապես՝ ամենալավից էլ բարձր։

Շնորհակալ եմ։