Lili Ghulyan

Նռնենին

90-ականներն էր: Արցախյան առաջին պատերազմը նոր էր ավարտվել, զինադադար էր։ Լոռու մարզի սրտում ապրող մի երիտասարդ, 18 տարին գլորելով, զորակոչվեց բանակ։ Ծնողները շատ անհանգիստ էին. սահմանին պայթյունավտանգ իրավիճակ էր։ Զորակոչվեց Արցախ, ունեցավ դաժան օրեր, չվերջացող մայրամուտներ և կարմիր  լուսաբացներ։ Խաղաղ ժամանակ րոպեն՝ ակնթարթ, իսկ խրամատում դար էր թվում։ Կյանքը կարծես կանգ էր առել։ Բանակում նա ընկերներ ձեռք բերեց, որոնցից շատերի հետ երկար տարիներ շարունակվեցին խոսակցությունները հին օրերի դժվարությունների, կորցրած ընկերների և բանակային կյանքի մասին։

Անցան տարիներ, նրանք  հասակ առան, կազմեցին իրենց ընտանիքները։ Երիտասարդը երկու դուստր ունեցավ, որոնցից մեկն էլ ես եմ։

Երեսուն տարի անց նորից լսվեց պատերազմի ձայնը, անհանգստությունն ու տագնապը պարուրել էին ժողովրդիս, խուճապ էր տիրել երկրումս։ Հորս բանակային ամենամոտ ընկերը պատերազմի կիզակետում էր։  Ապրում էր Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում, որտեղից կարողացավ իր ընտանիքին տեղափոխել ապահով վայր։ Նրանց հյուրընկալեցինք մեր տանը։ Մինչև հիմա աչքերիս առաջ մեր ջերմ գրկախառնություններն են. կարծես հազար տարի էր, ինչ միմյանց ճանաչում էինք, այնինչ դա առաջին հանդիպումն էր։ Հիշում եմ երեխաների վախեցած հայացքները, ծեր կնոջ օրհնանքն ու աղոթքը, տղամարդու թախծոտ աչքերը, հույսը հաղթանակի նկատմամբ։ Ասում էր. «Մեր շենը մի դրախտ ա, ամեն քար ու խոտ ուրան նշանակությունը օնե։ Գյումք, նոռնը հսածա իլալ արդեն, մչա էլ շատ ա իլալ, մեր բուստանումն էլ կա ծառեր, կռեվը պրծնե, ծեզ Արցախի նոռնան պիրլանըմ»։

Պատերազմն ավարտվեց, հույսը մարեց, վերջին մխիթարանքը կորավ, սարսափելի իրավիճակ տիրեց ամբողջ երկրում, նամանավանդ Արցախում։ Այն, ինչ կատարվեց այդ 44 օրվա ընթացքում, երազ էր թվում, կամ էլ սարսափ ժանրի ֆիլմ էր հիշեցնում։

Վերջերս նորից հյուրընկալեցինք արդեն հարազատ դարձած ընտանիքին։ Թանկ նվեր ունեինք՝ նռան տնկի, Արցախի նռան տնկի։ Տարանք տնկեցինք մեր այգու ամենատաքուկ անկյունում։ Եվ այդ օրվանից մեր նռնենին դարձավ իմ ամենասիրելի ծառը, որովհետև այն Արցախից էր, հարազատ ու սուրբ Արցախից, որի համար իր կյանքը զոհեց նաև իմ եղբայրը։