anush mkrtchyan

Շենիկի Վարդավառը՝ առանց ջրի

Այսօր ամսի 23-ն է՝ Վարդավառ: Ուզո՞ւմ ես հարցնել՝ աղջիկ ջան, բա ի՞նչ ես նստել համակարգչի դիմաց, գնա ջրվելու: Հա, իհարկե, հիմա կվազեմ փողոց, որտեղ ես եմ, դատարկ դույլը ու էլի ես:

Չզարմանաս, եթե ասեմ, որ մեր՝ Արմավիրի մարզի Շենիկ գյուղում այս օրով ջուր չկա: Խուճապի մի՛ մատնվիր, ես ամեն ինչ կբացատրեմ:

Հարևանի տղան զանգում է գյուղի «ջրի մարդուն»՝ Ահարոն ձաձային:

-Ահարոն, բարև: Էս ինչի՞ ջրերը չկա էս օրով:

-Գապե ջան, արտեզյան ջրերի շլանգները տրաքվել ա, կանալի ջուրն էլ Գրիգորի Մարտինը փակել ա, իրա բոստանն ա ջրում, զանգեք իրան:

Զանգ Գրիգորի Մարտինին.

-Մարտին, բայլուս: Էս ի՞նչ լավ օր ես գտել բոստան ջրելու: Գոնե մի 2 ժամով ջուրը թող, գա մայլեն՝ մի քիչ ջրոցի խաղանք:

-Ջուրը, առավոտ 6-ին նոր բացել եմ …,- մնացածը արդեն չեմ հիշում:

Հիմա ուզում եմ հետադարձ հայացք գցել անցյալին: Մի 5 տարի առաջ, մաման ինձ մի կերպ էր փողոցից տուն բերում, որ մի քիչ չորանամ, էսօր ինքն ա համոզում, որ մի տեղ գնամ ջրվեմ, դե, ասում են՝ Վարդավառ ա, էլի: Մի քանի տարի առաջ մեր փողոցում էրեխեքը «ռեդիի» դույլերով իրար հավեսով ջրում էին, հիմա էրեխեքն էլ չկան, ուր մնաց՝ «ռեդիի» դույլերը:

Ասածս էն ա, որ ամեն ինչ գնալով փոխվում ա, մեր գյուղում, որ՝ հաստատ: Եթե ավել մի դույլ ջուր ունեք, ուղարկեք Շենիկ, ասում են՝ Վարդավառ ա…