seda mkhitaryan

Շնորհակալությունների շարքից

Երբ հայտնվում են մարդիկ, ովքեր պատրաստ են առանց որևէ պատճառի օգնել քեզ, աջակցել, տաք թեյ կամ խմորեղեն առաջարկել, միայն քո մասին իմանալով այնքանը, որ իրենց աղջկա հետ 7 օր ճամբարում ես եղել, հասկանում ես, որ լավ ու բարի մարդիկ դեռ բոլորովին էլ չեն անհետացել, ինչպես կյանքից հոգնած մարդկանց ստատուսներում է, այդպիսի մարդիկ դեռ կան, ու վստահ եմ, լինելու են։

Խոսքս ավելի հստակեցնեմ: Ուզում եմ պատմել ճամբարային ընկերոջս՝ Անի Ղուլինյանի ընտանիքի մասին։ Նախ, երևի պատմեմ, թե ինչպես կամ ավելի ճիշտ, ինչ խնդրի պատճառով հանդիպեցի իրենց գեղեցիկ ընտանիքին ու մարդկային վերաբերմունքին: Մրցանակաբաշխությանը (որի մասին գիտեք, էլ չեմ պատմում) մասնակցելու համար նախ և առաջ պետք էր հասնել Երևան, իսկ իմ դեպքում պետք էր Քարինջ գյուղից հասնել Դսեղ, Վանաձոր ու հետո միայն Երևան: Երևի հասկացաք. ուղիղ տրանսպորտ չկա, բայց ոչ միայն դեպի Երևան, այլ նաև Դսեղ, ու սարսափելի է, բայց նաև Վանաձոր (սա առանձին նյութի թեմա է)։ Դասավորվեց այնպես, ավելի ճիշտ, Անին դասավորեց այնպես, որ իր հայրիկը ինձ կհասցնի Դսեղ, հետո այնտեղից միասին կգնանք։

Գյուղամեջ հասնելուն պես տեսա նրանց մեքենան, Անին էր ու իր հայրիկը, եկել էին ինձ երազանքիս հետևից տանելու, Անին իջավ մեքենայից, ամուր գրկեցինք միմյանց ու ճանապարհվեցինք Դսեղ։ Տեղ հասանք 9:30-ին, բայց պիտի Երևան ճանապարհվեինք 10:00-ին, այսինքն կես ժամ կա։ Գնացինք Անիենց տուն: Պարզ, հայկական ընտանիք էր, լցված սիրով ու ջերմությամբ, ինձ ընդունեցին ինչպես հին ծանոթի։ Սենյակում լսվում էր Անիի փոքր եղբոր՝ Հայկի լացի ձայնը, ում փորը ցավում էր, կամ մրսածությունից, կամ անծանոթ աղջկա ներկայությունից։ Մի քանի րոպե անց նրա լացը անցավ, ընկերացանք, ու ես արդեն ծանոթանում էի նրա ավտոմեքենաներին ու բանալիների հավաքածուին։ Անիի մայրիկի հետ մի քանի րոպե խոսելուց հետո բացահայտեցինք, որ ինչպես հայկական ընտանիքների մեծամասնության դեպքում է, մեր երկուսի դեպքում էլ նույնն է. հայրիկները գնում են արտագնա աշխատանքի (սա էլ է առանձին նյութի թեմա), չնայած ի ուրախություն Անիի ու նրա ընտանիքի անդամների, նրա հայրը քանի տարի է՝ տանն է ու գյուղում աշխատանք է գտել։ Հետո գնացինք Երևան, թե ինչ տեղի ունեցավ, արդեն բոլորդ գիտեք, մենք հետ եկանք Անիենց տուն՝ մի քիչ հանգստանալու համար: Հայկը արդեն քնել էր, ինչպես Անիի մայրն ասաց, շատ էր սպասել Սեդաներին, բայց քունը տարել էր ու քնել էր, փոխարենը նոր անդամ էր ավելացել՝ Սյուզին, Անիի քույրը, որն առավոտյան դասի էր, իսկ հիմա տանն էր, մի քանի րոպե հանգստանալուց ու կատակելուց հետո Անին ու իր հայրը ինձ հետ բերեցին Քարինջ։

Հիմա ինչ եմ ուզում ասել՝ այնքան ուրախ եմ, որ ճանաչեցի ու հնարավորություն ունեցա շփվելու այս գեղեցիկ ու հյուրընկալ ընտանիքի հետ։ Շնորհակալ եմ, այս բառի մեջ տեղավորվում է միայն մի փոքրիկ պատառիկ զգացողությունների, բայց դժբախտաբար մարդկությունը դեռ ավելի արտահայտիչ բառ չի հորինել, շնորհակալ եմ…