seroja baboyan

Ի՞նչ է լինում, երբ մարդ քայլում է փողոցով

Շատերդ կասեք` ի՞նչ է պատահել որ, հենց այստեղից էլ սկսում եմ իմ նյութը։

Այդ հարցի պատասխանը շատերն են դժվարանում գտնել, շատերը նույնիսկ չգիտեն դրա պատասխանը։ Պատճառը. այդ փողոցում քայլող մարդու անտարբերությունն է։

Ամեն մեկն իր մասին մտածելով, տարված ինչ որ մտքերով, խնդիրներով քայլում են փողոցով և ոչ մեկին չի հետաքրքրում, թե ինչ է կատարվում իրենց շուրջը: Ինձ թվում է, եթե անգամ նրանց կողքին ռումբ պայթի` նրանք չեն էլ նկատի ու կշարունակեն իրենց ճանապարհը։ Ես ինքս եմ այդպիսին, բայց ունեմ արդարացում` ոչ միշտ եմ այդպես անում։

Վերջին շրջանում սկսել եմ նայել շուրջս, հետաքրքրվել ամեն մի մանրուքով: Ինձ թվում է` դա լավ է, որովհետև անտարբերությամբ ապրելն էլ ավելի վատ է։ Դադարում եմ իմ մտքերի մեջ թափառել, սկսում եմ դանդաղ քայլել, ինչ- որ տեղ շտապելու փոխարեն: Նայում եմ շուրջս, մարդկանց, փորձում հասկանալ նրանց, հետաքրքրվել նրանցով, հասկանալ` ով է ուրախ, ով տխուր:

Ահա` էլի քայլում եմ, մի երեխա ընկավ ու սկսեց լաց լինել, ինչ-որ երկու տղամարդ վիճում են, այս նույն փողոցի մի անկյունում պապիկները հավաքվել նարդի են խաղում, իսկ ով էլ որ չի խաղում, մեկնաբանում է խաղը, այն էլ ինչ հավեսով։ Նրանց կողքով անցնելիս զգում ես չիբուխի ծխի հոտ, քայլում առաջ ու նկատում այնպիսի բաներ, որ նախկինում երբեք չես նկատել ու չես էլ փորձել նկատել։

Շատերդ կասեք` իմ հոգսերն ու խնդիրները թողած շո՞ւրջս նայեմ, ինչի՞ս է պետք։ Ձեզ ոչ ոք չի ստիպում, բայց անտարբերությունն է, որ մարդկանց վերածում է զոմբիների։ Ասես նրանց կյանքի կարգախոսը լինի «Ես, իմ մտքերը և վերջ»։

Օրինակ վերցրեք հասարակ գյուղացուց, որի խնդիրները շատ-շատ են, բայց երբ նրան ինչ-որ բան պետք լինի, օգնության կհասնեն մնացած գյուղացիները: Եթե գյուղում ինչ-որ մեկին մի բան պատահի, ամբողջ գյուղը կկանգնի և կաջակցի այդ մարդուն` ինչով կարող է։

Ես, իհարկե, չգիտեմ, թե ինչից է դա, բայց դա է իրական մարդկությունը: Հիշեցի Պարուր Սևակին, ասում էր. «Մարդ եղեք, մարդիկ»։

Սևակն ի՞նչ իմանար, որ իր երազած մեծատառով Մարդը, այսօր էլ երազանք է մնացել:

Հ.Գ. Կյանքը ունի սկիզբ, ունի և վերջ, էլ ի՞նչ իմաստ ունի կյանքը, եթե պետք է ապրել այդ կյանքը անտարբերությամբ։