Roza Harutyunyan vayots dzor

Շնորհավոր, տատ

Ավարտվեց կանանց միամսյակը։ Չնայած՝ տղաներից շատերն են բողոքում, ու շատերն էլ ավելորդություն են համարում, բայց մեր դասարանում գեղեցիկ սովորություն է միամսյակը: Այն տարվա մեջ միակ ամիսն է, երբ տղաները գրատախտակ են ջնջում: Դե, իհարկե, դրանից առաջ ու հետո երբեք նման ճոխություն չենք տեսնում:

Մեր տան ավանդույթի համաձայն՝ միշտ տատիկին ենք առաջինը շնորհավորել ու պարտաճանաչ նշել ենք գեղեցիկ տոնը: Բայց տատիկիս մահանալուց հետո կարծես թե շատ բան փոխվեց մեր կյանքում ու առօրյայում: Տատիկիս հետ շատ էի կապված, որովհետև մյուս տատիկս մահացել է դեռևս իմ ծնվելուց առաջ: Երկու կողմի սերն էլ մի տատիկիցս եմ ստացել, և անկեղծ ասեմ՝ ինձ թվացել է, որ ինձ մի քիչ ավելի շատ է սիրել: Հիշում եմ, ոնց էր ուրախացել, երբ իմացավ՝ նյութ եմ գրել իր զինվոր թոռան մասին: Մեր կռիվներն առաջնահերթ խնդիր էր դարձնում ու սկսում կշտամբանքները: Տատիկս ջղայնանում էր, իսկ պապիկը ժպտալով ասում էր՝ սրիկաներ, մի կռվեք: Նա միշտ սիրել է կարգապահությունը, իսկ մենք միշտ խախտել ենք լռությունը: Այս տարի չնշեցինք, չգիտեմ՝ ինչու: Միգուցե վախեցել ենք տատիկի աթոռը դատարկ տեսնելուց: Կամ էլ ուղղակի կազմակերպիչը չկա:

Շնորհավոր, տատ: