Jenya Arzumanyan

Շնորհավոր տոնդ, Հայոց հավերժ հաղթական բանակ

Ամրակուռ է մեր հոգին` դարերի զավակ,

Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ… 

1992 թվականին, հենց այս օրն էր, երբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը փաստացի ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշումը։ Ինչու՞ փաստացի, քանի որ առանց որևէ որոշման ընդունման հայի մեջ միշտ թևածել է պաշտպանի ոգին, հայի երակներում քաջի արյունը մշտապես հոսել է, Հայաստան անունը վաղուց է դաջվել հայի մտքում։

1992 թվականին սկսեց զորակոչը, որը միտված էր բանակը ժամկետային զինծառայողներով համալրելու գործընթացին։ Դա պարզապես համալրում չէր, այլ հայոց աշխարհին, հայոց հողին ու հայոց բանակին նոր թափ ու նոր շունչ հաղորդելու լավագույն միջոցն ու հույսն էր։

Հայոց բանակը ձևավորվեց պատերազմի բովում, կրակի ու բոցի տակ, բայց որ ամենակարևորն էր՝ Աստծու հովանու և նրա սուրբ աջի ներքո։

Դժվար ճանապարհի վրա բազում վայրիվերումներ են լինում, վերելքներ ու վայրէջքներ,  հաջողություններ և ձախողումներ։ Սակայն կարևորը  ազգային միասնության ու անհատական պատասխանատվության հպարտ ու վեհ զգացումը չկորցնելն է։

Պարտավոր ենք առանց վախի, ցավիու հուսահատության քայլել առաջ, պարտավոր ենք հավատալ, համախմբվել մեկ միասնական նպատակի շուրջ։ Պարտավոր ենք լինել ուժեղ՝ հանուն մեր լուսավոր ու թախծոտ, ուրախ և տխուր օրերի և դժվարությամբ հաղթահարած ճանապարհի համար։

Դու դեռ ապրելու ես, հաղթելու և խիզախորեն քայլդ անելու ես։

Միշտ։ Դու փրկելու ես մեր հավատը, կամքը, ազատությունն ու տունը։

Ուժդ առ Աստված, դեպի հավերժիճամփան բռնած ամեն հերոսին ընդառաջ։

Շնորհավոր տո’նդ, Հայոց խրոխտ բանակ, շնորհավոր տո’նդ, հայոց երկրային ու երկնային քաջ։