Anna Andreasyan

Շնորհավոր տոնդ, սիրելի դպրոց և գյուղ

Մի քանի օր առաջ իմ գյուղը և դպրոցը տոնեցին իրենց հիմնադրման 85-ամյակը։ Ես էլ հեռվից հետևում էի իրադարձություններին ֆեյսբուքի միջոցով։ Նայում էի իմ դպրոցի նկարները և այնքան դրական ու ջերմ զգացումներ ունեի։ Ահա տեսնում եմ նկարներում ընկերներիս, որոնց հետ կապված այնքան հիշողություններ ունեմ, այնքան հաճելի պահեր, որ եթե սկսեմ թվարկել, այսօր չեմ ավարտի։ Նկարները նայելիս ինձ ներկա էի զգում, թվում էր, թե այնտեղ եմ։

Իմ Մայիսյան գյուղը և դպրոցը 85 տարվա պատմություն ունեն, ու ես, իմ սերնդակիցների հետ միասին, այդ պատմության մի մասն եմ կազմում։ Իմ կյանքի 16 տարին անցել է այդ գյուղում, իսկ 11-ը՝ դպրոցում։ Իմ բոլոր հիշողությունները, բոլոր հաճելի պահերը կապված են դպրոցի և գյուղի հետ։

Ու այս պահին հասկանում եմ, որ մենք պատմություն ենք կերտում՝ ապրելով ու սովորելով այնտեղ։ Ուրիշների համար դա մի փոքրիկ, սովորական գյուղ է իր փոքրիկ դպրոցով, բայց ոչ ինձ համար։ Ինձ համար դա իմ ծննդավայրն է, իսկ դպրոցը, իրոք որ, երկրորդ տունը, որտեղ առաջին քայլերս եմ արել կրթության ոլորտում, ունեցել առաջին հաջողություններս։ Հաճախ բողոքում ենք, որ դպրոցը փոքր է, բայց դրա լավ կողմն էլ կա. բոլորս իրար ճանաչում ենք և ասես մի ընտանիք լինենք։ Այդ փոքրիկ դպրոցը, որի մասին շատերը նույնիսկ տեղյակ էլ չեն, օգնել է ինձ դառնալ այն, ինչ ես այսօր կամ։

Շնորհավո՛ր տոնդ, սիրելի դպրոց և գյուղ։ Եվ շնորհակալություն: