davit aleqsanyan

Աղվերանի մեդիա ճամբար. Շուշան, նյութ եմ գրել, կնայե՞ս

Այսօր արդեն ամսից ավելի է, ինչ վերադարձել եմ մեդիա ճամբարից: Վերադառնանք ճամբար: Ես սովորականի պես առավոտյան շուտ արթնացա:

-Սաք, Սաքո, հել` գնանք մարզասրահ, որ հասցնենք մարզվենք, լվացվենք ու գնանք հաց ուտելու:

-Հա, Դավ, հեսա:

Մեր կողքի սենյակում էր նաև Խաչիկը, բայց նա ավելի շուտ էր արթնանում քնից: Չգիտեմ ոնց, այս անգամ նա քնած էր մնացել: Նրան էլ հանեցինք քնից ու գնացինք մարզասրահ: Հաց ուտելուց հետո հավաքվեցինք սրահում, որտեղ քննարկում էինք մեր ֆիլմերի գաղափարները: Այդ օրը ունեինք նաև ֆոտոարշավ: Սակայն ես չգնացի ֆոտոարշավին: Էնպես չէր, որ չէի ուզում: Ուղղակի ես մասնակցելու էի հաջորդ օրվա ֆոտոարշավին: Ես քանի որ չէի գնացել  արշավին, նստեցի նյութ գրելու: Ես վերցրեցի թղթերս ու գնացի իմ սենյակ` այնտեղ գրելու: 15-20 րոպե անց վերադարձա:

-Շուշան, նյութ եմ գրել, կնայե՞ս:

-Հա, դիր այդտեղ, էսա` կնայեմ:

-Բա դու ի՞նչ էս անում:

-Նյութ եմ գրել,  ուզում եմ մի վերնագիր մտածել:

-Տուր` կարդամ, տեսնեմ ինչի մասին է, ես էլ օգնեմ` մտածենք:

Կարդում եմ ու այդ ընթացքում գալիս է Նարեն:

-Նարե, դու էլ արի` մտածենք, տեսնենք ինչ վերնագիր դնենք:

Նարեն նույնպես ծանոթացավ նյութի բովանդակությանը և ասաց.

-Եկեք վերնագիրը դնենք. «Շուշան, նյութ եմ գրել, կնայե՞ս»:

-Ուղղակի ես մի քիչ ավելի հետաքրքիր բան եմ ուզում:

-Բայց ինչի՞, լավն ա, էլի:

Թեթև վիճաբանությունից հետո Շուշանիկը որոշեց դնել իր մտածած վերնագիրը: Նյութի վերջում գրելով իմ խոսքերը. «Շուշան, նյութ եմ գրել, կնայե՞ս»: