syuzanna kharatyan

Շուտով կխոսեմ անգլերեն

ACCESS միկրոդրամաշնորհային ծրագիր. Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը արդեն չորրորդ անգամ են մեկնարկում Հայաստանի մարզերում անգլերենի ուսուցման այս ծրագիրը: Հայաստանի մանուկներ հիմնադրամի շահառու յոթ գյուղերի 13-ից 16 տարեկան աշակերտներն ունեն հնարավորություն մասնակցելու այս ծրագրին Լեռնագոգ (Արմավիր), Արագածավան (Արագածոտն), Բենիամին (Շիրակ), Վահագնի, Եղեգնուտ, Դսեղ (Լոռի) գյուղերից: ACCESS-ը անգլերենի 2-ամյա ուսուցման ծրագիր է, հաղորդակցման մեթոդի միջոցով անգլերենի սկզբնական գիտելիքներ ունեցող աշակերտները կարողանում են ազատ շփվել անգլերենով: Անգլերենի ուսուցման ACCESS միկրոդրամաշնորհային ծրագիրը գործում է աշխարհի 80 երկրներում: «ՀՀ-ում այն գործել է 2011 թվականից՝ ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ, ծրագիրն իրագործում է Հայաստանի մանուկներ հիմնադրամը»,- ինձ հետ զրույցում նշեց Հայաստանի մանուկներ հիմնադրամում անգլերենի ծրագրերի համակարգող Սյուզի Խաչատրյանը:

Զրուցել եմ նաև ACCESS-ի ուսուցիչ Մարինե Միսկարյանի հետ:

-Ինչպե՞ս ընտրեցիք ձեր մասնագիտությունը: 

-Մասնագիտությունս ընտրել եմ շատ պատահական, երբ 2002 թ.-ին հանդիպեցի Ամերիկյան խաղաղության կորպուսի կամավորներին, այդ ժամանակ բավականին մեծ էի սովորելու համար՝ 23 տարեկան: Սկսել եմ սովորել կամավորների հետ, իսկ դրանից հետո շարունակել եմ խորացնել գիտելիքներս։ Շատ կամավորական աշխատանքներ եմ կատարել: Կամավոր աշխատել եմ մանկապարտեզի դաստիարակների հետ, աշխատել եմ Ամերիկյան համալսարանում, որպես կամավոր նաև աշխատել եմ Երևանի նախկին գիշերօթիկ դպրոցում: ACCESS-ի առաջին երեք ուսուցիչներից մեկն եմ:

-Քանի՞ տարի է, ինչ աշխատում եք COAF-ում։

-Ծրագրի բացման օրվանից աշխատել եմ, երբ Արմավիրում սկսվեց առաջին ACCESS ծրագիրը, այդ ժամանակ միացել եմ ծրագրին։

Զրուցել եմ նաև ACCESS-ի 2015-2017թթ.-ի շրջանավարտների հետ և հարցին, թե ինչպես էին պատկերացնում ACCESS-ը մինչ սկսելը, և ինչ եղավ հետո, նրանք պատասխանեցին այսպես.

-Երկու տարի առաջ իմ կյանքն ուրիշ էր: Չէի պատկերացնում, որ անսպասելի ու անհասկանալի կերպով կփոխվի: Անհասկանալի, որովհետև չէի պատկերացնում, թե ինչ հնարավորություն է ACCESS-ն ինձ համար ու անսպասելի, որովհետև ինձ համար անգլերեն սովորելն անհնար էր թվում, բայց մի քանի ամիս հետո, երբ հասկացա՝ ինչ է կատարվում, երբ հասկացա, որ անգլերենը շատ մեծ հնարավորություն է բոլորի համար, սկսեցի ավելի լավ սովորել: ACCESS-ն օգնեց լինել ինքնավստահ, զարգացրեց մտահորիզոնս ու ամենակարևորը՝ ACCESS-ի շնորհիվ գիրքս հաջողության հասավ: Գիրքը գրել եմ ACCESS-ում ձեռք բերած հմտությունների շնորհիվ: 2 տարի անց, կարող եմ ասել, որ այն փոխեց իմ կյանքը, ավելի մեծ ու իրական հնարավորություն տվեց SMART ապագա ունենալու համար (Սաթե Պետրոսյան, գ. Դեբեդ):

-Երբ իմացա ACCESS-ի մասին, մտածեցի, որ դա էլ կլինի սովորական դասընթաց՝ ինչպես դպրոցում, մտածում էի՝ ո՞նց ենք 2 տարվա մեջ անգլերեն սովորելու, իսկ ուսուցիչը վստահեցնում էր, որ վերջում մենք անգլերեն խոսել կիմանանք, ու քանի գնում, համոզվում էի, որ հնարավոր է սովորել: Երկու տարի անց արդեն կարողանում էի խոսել անգլերեն, բայց սկզբում չէի հավատում (Հասմիկ, Թումանյան):

-Սկզբում, երբ իմացա ACCESS-ի մասին, այն ինձ տարօրինակ ծրագիր թվաց, անգամ հիշում եմ, որ առաջին դասին չուզենալով եմ գնացել, քանի որ մտածում էի՝ ինչի՞ս է պետք անգլերենը, բայց առաջին դասից հետո կյանքս 180 աստիճանով փոխվեց: Միսս Մարինեն այնպես էր կազմակերպել մեր առաջին դասը, որ ես սիրահարվեցի անգլերենին: Սկսեցի մեծ հաճույքով և ուրախությամբ գնալ դասերին: Եվ ժամանակի հետ հասկացա, որ անգլերենը ինձ ավելի շատ է պետք, քան պատկերացնում էի (Մարուսյա Մաղաքյան, Թումանյան):

Դե ինչ, շուտով մենք էլ կսկսենք խոսել անգլերեն: