margarita ghazaryan

Շրջանավարտ 2020

Հարցազրույց Ճոճկանի Գոռ Խուդինյանի անվան միջնակարգ դպրոցի շրջանավարտներ, ապագա բանասերներ Ժենյա Անդրեասյանի և Ազնիվ Խուդինյանի հետ:

-Ինչպե՞ս անցկացրիք ձեր դպրոցական կյանքի վերջին տարին:

Ժենյա- Բավականին հետաքրքիր։ Դպրոցական վերջին տարին հարուստ էր իրադարձություններով, լավ հիշողություններով, սակայն տարվա վերջում, ինչպես գիտենք, համավարակը խանգարեց դասերի բնականոն ընթացքին և ավարտական միջոցառմանը։ Դա իհարկե տխրեցրեց մեզ, բայց ամեն դեպքում փորձում եմ լավատեսորեն տրամադրվել:

Ազնիվ -Դպրոցական կյանքիս վերջին տարին առանձնահատուկ էր ու տարբերվող։ Առաջին կիսամյակը անցավ այնպես, ինչպես սովորաբար լինում է ավարտական դասարաններում, ինչը չէի ասի երկրորդ կիսամյակի մասին։ Այն լի էր բազում փորձություններով և անակնկալներով։ Այն, ինչ ծրագրել էինք՝ կապված դպրոցական վերջին զանգի հետ, տեղի չունեցավ, որը մեզ բոլորիս համար ծանր հարված էր։ Եվ կարծես թե ամեն ինչ դասավորվեց այնպես, որ մենք, այսպես ասած, նոր կյանք մուտք գործեցինք շա՜տ դժվարությամբ։ Սակայն, անկախ ամեն ինչից՝ մեզանից և ոչ ոք հուսախաբ չեղավ և չկորցրեց հավատը ապագայի հանդեպ։ Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի, և ստիպված չենք լինի ապրել այնպես, ինչպես թելադրում է համաճարակը։

-Ո՞րն է ձեր դպրոցական կյանքի ամենավառ հիշողությունը, որը երբեք չեք կարող մոռանալ:

Ժենյա -Դպրոցական կյանքը լի է վառ ու գունեղ հիշողություններով: Դասարանի երեխաներով միշտ շատ մտերիմ և կապված ենք եղել։ Հիշում եմ, թե Թավշյա հեղափոխությունից առաջ՝ ցույցերի ժամանակ, ինչպես էինք դասից փախչելու ու ցուցարարներին միանալու ծրագրեր մշակում։ Մեր մշակած ծրագիրը հաջողությամբ իրականացրինք՝ դասարանով փախչելով և միանալով ցուցարաներին: Դա շա՜տ գեղեցիկ հուշ է՝ մնացած դպրոցական կյանքից։ Շատ չարություններ ենք արել, որոնք հիմա հիշում ենք ժպիտով ու մի փոքր ափսոսանքով, քանի որ հասկանում ենք, որ մանկությունն ավարտվում է, և այդ պահերն այլևս չեն կրկնվելու:

Ազնիվ- Հիշողությունները շատ են՝ կապված իմ դպրոցի, իմ դասարանի հետ։ Ու դրանք բոլորն էլ անմոռանալի են… Բայց ինձ թվում է՝ ես երբեք չեմ մոռանա մեր «վերջին զանգը», որն այդպես էլ չկայացավ։ Փոխարենը՝ փորձեցինք այնպես անել, որ այդ օրը մեզ համար անցնի շա՜տ ուրախ ու հուզումնառատ… Եվ ասեմ, որ հաջողվեց։

-Ի՞նչ նպատակներ ունեիք վերջին զանգի հետ կապված, ինչպիսի՞ն էիք այն պատկերացնում։

Ժենյա –Այո՛, վերջին զանգը տեղի չունեցավ այնպես, ինչպես մենք էինք պատկերացնում։ Արդեն պատրաստ էր միջոցառման ծրագիրը,այն շատ հետաքրքիր էր և զվարճալի։ Ուզում էինք մեծ շուքով նշել այդքան կարևոր օրը, և այս իրադարձությունների պատճառով հիասթափություն ապրեցինք: Բայց հասկացանք, որ պետք չէ տխրել: Պետք է չհուսահատվենք, կարողանանք ավելի դրական հայացքով նայել այս ամենին։ Մենք յուրահատուկ կերպով այն նշեցինք, թող այս օրն էլ այդպես հիշվի։ Ամեն դեպքում պետք է վատի մեջ էլ մարդ կարողանա լավը տեսնել, և մենք հենց այդպես էլ տրամադրվեցինք։

Ազնիվ- Դեռ մանկուց միշտ երազել ու մտովի պատկերացրել եմ վերջին զանգս։ Երազում էի այդ օրը շա՜տ ծաղիկներ ստանալ: Իսկ այս տարի արդեն պլանավորել էինք, թե ինչպես ենք անցկացնելու այն։ Նույնիսկ սցենարից որոշ հատվածներ էինք գրի առել, որպեսզի հասցնենք պատրաստվել։ Ընտրել էինք մեր հագուստների գույները, որոշել էինք միանման հագնվել. աղջիկներս՝ բաց վարդագույն շրջազգեստ, իսկ տղաները՝ սև կոստյում՝ վարդագույն փողկապով։ Բազմաթիվ հումորներ էինք մտածել՝ կապված թե՛ մեր, թե՛ ուսուցիչների հետ։ Բեմում կանգնելու դասավորությունը նույնպես որոշված էր։ Այդպես շատ օրինակներ կարող եմ բերել, սակայն, ցավոք, այդ ամեն ինչը մնաց երազանք, որն իրականացնելու հնարավորություն այլևս չենք ունենա…

-Այնուամենայնիվ, շատ ավարտական դասարաններ փորձել են ինչ-որ չափով գոնե լրացնել վերջին զանգի պակասը: Իսկ դուք ինչպե՞ս հրաժեշտ տվեցիք դպրոցին:

Ժենյա- Ասեմ, որ բավականին հետաքրքիր և անակնկալներով լի օր ունեցանք: Շատերը մեզ անակնկալներ մատուցեցին՝ փորձելով բարձրացնել մեր տրամադրությունը և լցնել վերջին զանգի պակասը: Մեր սիրելի դասղեկը օնլայն տարբերակով իր սրտի խոսքն ասաց և բարեմաղթանքներ հղեց մեզ, նաև բանաստեղծական տողերով ներկայացրեց յուրաքանչյուրիս բնութագիրը։ Դա շա՜տ հաճելի էր, և մեր օրն իսկապես տոն դարձավ։ Մեր դասարանի տղաներն էլ էին անակնկալ պատրաստել: Փոքրիկ խնջույք էին կազմակերպել, որի ընթացքում հիշեցինք դպրոցական կյանքի քաղցր հուշերը, մեր սրտի խոսքը հղեցինք միմյանց, նաև կարդացինք փոքր տարիքում մեր՝ ձմեռ պապիկին գրած նամակները և այլ զվարճալի ու անմոռաց հուշեր։ Այդ օրն իսկապես տոն էր: Վերջին զանգը մենք նշեցինք յուրովի, բայց շատ հետաքրքիր ձևով, և ես այն համարում եմ կայացած։

Ազնիվ- Մենք ևս հրաժեշտ տվեցինք դպրոցին շատ համեստ ու հասարակ ձևով, ինչպես, վստահ եմ, շատ շրջանավարտներ։ Սակայն դա չխանգարեց, որ այդ օրը մեզ համար տոն դառնա։ Դասընկերներիս, դասղեկիս և տնօրենիս հետ կարողացանք լցնել մեր օրը վառ ու լուսավոր հուշերով: Մեր դասարանի տղաները անակնկալ էին պատրաստել մեզ համար։ Մենք մեր առաջին և վերջին ուսուցիչներին ծաղիկներ նվիրեցինք՝ որպես շնորհակալություն այն ամենի համար, ինչ նրանք այսքան տարիների ընթացքում տվել են մեզ։ Ի վերջո, մեր հարազատ ու թանկ դպրոցին մենք հրաժեշտ տվեցինք երգ ու պարով, ինչը մեծ ոգևորության առիթ դարձավ մեզ համար։

-Իսկ արտակարգ դրության պայմաններում դպրոցն ավարտելը ի՞նչ դրական կողմեր ուներ:

Ժենյա- Դե, դրական կարելի է համարել այն, որ չեղարկվեցին դպրոցական քննությունները, և շրջանավարտները հնարավորություն ստացան ավելի մեծ ուշադրություն ու ժամանակ տրամադրել այն առարկային, որը իրենց պետք է բուհ ընդունվելու, մասնագիտություն ձեռք բերելու համար։ Բայց, այնուամենայնիվ, քննությունները մեզ պետք էին: Կարծում եմ՝ ավելի լավ կլիներ, եթե ամեն ինչ իր բնականոն հունով ընթանար:

Ազնիվ- Ճիշտն ասած, շատ դժվար է արտակարգ դրության պայմաններում դպրոցն ավարտելու մեջ որևէ դրական կողմ գտնելը։ Համադպրոցական քննությունների չեղարկման վերաբերյալ ուրախ եմ այնքանով, որ դա հնարավորություն տվեց կենտրոնանալ այն առարկաների վրա, որոնք հարկավոր են բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու համար։ Հիմա ավելի հանգիստ եմ, քանի որ բուհ ընդունվելու համար միայն մեկ գրավոր քննություն պետք է տամ, այն էլ հուլիսի սկզբին։ Ամբողջ ուժերս կենտրոնացրել եմ հայոց լեզու և գրականություն առարկաների վրա, որպեսզի սովորելու ընթացքում էլ շատ դժվարությունների առջև չկանգնեմ։ Ի վերջո, ամեն ինչի մեջ պետք է փորձել միայն ու միայն դրականը տեսնել, հակառակ դեպքում՝ հուսահատությունը վատ բաների կարող է հանգեցնել։

-Ի՞նչ նպատակներ ունեք ապագայի հետ կապված: Շուտով ընդունելության քննություններն են, ինչպե՞ս եք տրամադրված:

Ժենյա -Որոշել եմ բանասեր դառնալ: Բանասիրությունն իմ էության մեջ է, և հույս ունեմ, որ այդ ասպարեզում պիտանի մարդ կդառնամ: Քննություններին պատրաստվում եմ ինքնուսուցմամբ: Լավ եմ տրամադրված, պետք է լավատես լինել, լավատեությունը միշտ էլ դրական ազդեցություն է ունենում:

Ազնիվ- Նպատակս է՝ բանասեր դառնալ։ Այն առարկաները, որոնք կապված են այդ մասնագիտության հետ, անչափ հոգեհարազատ են ինձ։ Ես դեռ դպրոց հաճախելու սկզբից էլ առանձնակի ուշադրություն եմ դարձրել այդ առարկաներին։ Դա նաև իմ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի ընկեր Չիլինգարյանի շնորհիվ է։ Ինձ այլ բնագավառում գրեթե չեմ պատկերացնում։ Ընդունելության հետ կապված տրամադրվածությունս ինձ դուր է գալիս. մեծ հույսեր ունեմ, որ կընդունվեմ։

-Ասում են, որ հնարավոր է ուսումնական գործընթացը սեպտեմբերից նույնպես շարունակվի օնլայն տարբերակով, ի՞նչ կասեք օնլայն ուսանող լինելու մասին:

Ժենյա- Կասեմ՝ հույս ունեմ, որ վիրուսը շուտով կնահանջի, և ամեն ինչ կվերադառնա իր բնականոն ընթացքին։ Չեմ կարծում, որ օնլայն դասընթացները կարող են նույն արդյունավետությունը ունենալ:

Ազնիվ- Այդ միտքը փոքր-ինչ վախեցնում է ինձ, որովհետև ուսանողական կյանքի հետ կապված դեռևս անփորձ եմ։ Մտավախություններ ունեմ, որ առցանց տարբերակով ուսումնական գործընթացը իմ պարագայում այնքան էլ հաջող չի լինի և բազում խոչընդոտների պատճառ կհանդիսանա։ Անկախ ամեն ինչից՝ հույս ունեմ, որ լավ կլինի, և մտավախություններս իրենց չեն արդարացնի։ Իսկ այս արտակարգ իրավիճակն էլ շուտով իր տեղը կզիջի մեր բնականոն կյանքին…