Ruzanna esayan

«Ո՞նց մնամ այնտեղ, որտեղ իմ հարազատներին են սպանել»

Իմ զրուցակիցն է մայրս` Լիաննա Բալյանը: Նա և հայրս` Գուրգեն Եսայանը, փախստականներ են, ովքեր գաղթել են Կիրովաբադ քաղաքից, որն այժմ անվանում են Գանձակ (Գյանջա):

-Մամ, ինձ միշտ ասել են, որ քո կյանքը բաժանված է մի քանի մասի. կբացատրե՞ս:

-Հա, կասեմ: Երբ 1988 թ.-ին ադրբեջանցիները հարձակվեցին Կիրովաբադի վրա` մեզ այնտեղից տեղափոխեցին: Մենք բնակություն հաստատեցինք Աբովյան քաղաքում, և երեք տարի այնտեղ բնակվելուց հետո ես ամուսնացա և եկա ապրելու Նոր Հաճնում:

-Վա~յ, իսկ այդ ժամանակ քանի՞ տարեկան էիր, երբ տեղափոխեցին քեզ: 

-14 տարեկան էի, յոթերորդ դասարանում էի սովորում:

-Մամ, բա դուք ո՞նց հասկացաք, որ կռիվը սկսվում է:

-1988 թվականի փետրվարին Սումգայիթ քաղաքում ադրբեջանցիները ջարդեր էին սկսել: Լուրեր էին պտտվում, որ վաղ թե ուշ մեզ են հասնելու: Մեր դասարանում մի ադրբեջանցի աղջիկ կար, անունը` Մինա: Նա մի օր եկավ և ասաց, որ ադրբեջանցիները այդ օրը հարձակվելու են հայերի վրա: Մենք ուշադրություն չդարձրինք, ասացինք` խոսում է, էլի: Այնինչ նա ճիշտ էր ասում: Տուն վերադառնալիս փողոցներում աղմուկ էր, և բոլորը տուն էին վազում: Մայրս ասաց, որ արդեն հարձակվել են, ու պիտի արագ թաքնվեմ:

-Է~, մամ, փշաքաղվեցի, բայց մի քիչ էլ պատմի, հա՞:

-Դե, բալես, լսի: Մեծ աղմուկով մտնում էին փողոցներ, ինչ կար-չկար, ջարդում: Դրսում մարդ տեսնելիս այնքան էին ծեծում, մինչև մահանա, իսկ ովքեր չէին մահանում, մենք տանում էինք ոչ թե հիվանդանոց, այլ եկեղեցի, որովհետև հիվանդանոցը թուրքի թաղամասում էր: Երբ ամենը ջարդելով դուրս եկան հայկական թաղամասից, հայերը միախմբվեցին և ամիսներ շարունակ կռիվ տվեցին: Հիշում եմ, մի անգամ, գիշերվա երեքը կլիներ, արթնացա, և կողքիս ոչ ոք չկար, անգամ եղբայրս, ով 21 տարեկան  էր: Հագնվեցի ու միանգամից թռա դուրս և տեսա, թե ինչպես ծնողներս, եղբայրս և հարևանները մեծ կրակ էին վառել ու չորսբոլորը նստել:

-Մամ, վախեցա, բա որ տեսար կողքիդ մարդ չկա, չվախեցա՞ր: 

-Համ վախեցա, համ ցավ զգացի: Ճիշտ է, այնտեղ քիչ էր այն, ինչ հայկական էր, բայց դա իմ ծննդավայրն էր, որտեղ անցել էին իմ կյանքի 14 տարիները: Եվ դժվար էր այդ ամենը ուղղակի թողնել և հեռանալ:

-Բա դուք ո՞նց դուրս եկաք Կիրովաբադից: 

-Արդեն մի քանի ամիս էր, ինչ կռիվը սկսվել էր: Դեկտեմբերի 3-ին, լավ հիշում եմ, օգնության հասան ռուս զինվորները ու երեխաներին ուղղաթիռով տեղափոխեցին Հայաստան:

-Հա՞, բա ձեզ ո՞նց դիմավորեցին:

-Շատ լավ: Ով բարեկամ չուներ Հայաստանում, իրենց ուրիշն էր պահում, իսկ ով ուներ, գնում էր բարեկամի տուն: Ու հենց այստեղ մենք նոր կյանք մտանք, հատուկ փախստականների համար դասարաններ բացվեցին: Հիշում եմ այն երջանիկ պահը, երբ առաջին անգամ գրեցի «Ա» տառը: Ու բոլորս շատ ուրախ էինք, որ կարողանում էինք գրի առնել այն, ինչ խոսում էինք: Դե, այնտեղ ադրբեջաներեն ու ռուսերեն էինք սովորում, բայց խոսում էինք հայերեն:

-Մամ, որ հնարավորություն ունենաս գնալ քո ծննդավայր, առաջին հերթին ի՞նչ կանես: 

-Կգնամ մեր փողոց, կտեսնեմ, արդյոք կա՞ մեր տունը, դպրոցը, եկեղեցին: Կհիշեմ մանկությունս, ընկերներիս, մեր խաղերը, մի խոսքով այն, ինչ կատարվել է այն տարիներին:

-Իսկ հնարավորություն ունենալու դեպքում մի քանի տարի կմնա՞ս:

-Չէ, չեմ կարող: Ամեն անգամ այդ փողոցներով անցնելիս կհիշեմ կռիվը, ու ինձ անընդհատ կթվա, որ այն, ուր որ է, նորից կսկսվի: Ո՞նց մնամ այնտեղ, որտեղ իմ հարազատներին են սպանել: Չեմ կարող այնտեղ հանգիստ շնչել, կվերադառնամ իմ տուն ու հենց այստեղ էլ կապրեմ: