hripsime baloyan

Ո՞ւր են նրանք

Փոխվեց դարը, փոխվեցին մարդիկ, փոխվեց կյանքը: Դատարկ են բակերը, փոխարենը` լիքն են համակարգչի դիմաց նստածները: Ո՞ւր են պահմտոցի, վազոցի խաղացողները, տանից ուտելիք բերողները, խոտերի վրա փոքրիկ ճաշկերույթ կազմակերպողները և բակից տուն չգնալու համար ժամերով լաց լինողները: Չկան:

Հիմա բոլորը, այդ թվում և ես, համակարգչի դիմաց զոմբիացած «selfie, copy past, wi-fi, okay, instagram» բառերը կրկնելով, ստեղնաշարի ստեղների հերթականությունը անգիր արած, ձեռքերի մատներն ենք շարժում և լարված էկրանին նայում, որը կարծես պատուհան լինի հսկայական տեսարանով, ինչն էլ մեզ կախարդեց: Սարսափելի է: Մի՞թե այդ սարքը, ինչպես շատ հաճախ ասում է ուսուցչուհիս, «սև յաշիկը», իրենից կարող է այդքան մեծ բան ներկայացնել: Արդյո՞ք ծնողների, ընկերների հետ հետաքրքիր ժամանակ անցկացնելը, դրսում մաքուր օդին զբոսնելը, գիրք կարդալը, խաղալը և այլ բնական, հաճելի վայելքները կարելի է փոխարինել մի սարքի հետ, որով ժամեր շարունակ հայերեն բառերը օտար տառերով հավաքում, ուղարկում ենք էկրանի մյուս կողմում գտնվողին, որը պարզ էլ չէ, թե արդյո՞ք այն անձնավորությունն է, ինչ ներկայանում է, և անհամբեր սպասում չուշացող պատասխանին:

Փաստորեն, այո, որովհետև այսքան բանը գրելուց, մտածելուց հետո դեռ շարունակում եմ կտկտացնելով հավաքել մտքիս եկած նախադասությունները և դրա հետ մեկտեղ լարված նայել արևի լույսին փոխարինող էկրանին:

Սարսափելի է, մենք չենք գիտակցում, բայց անկախ մեր կամքից վնասում ենք մեզ: