Հռիփսիմե Բալոյանի բոլոր հրապարակումները

hripsime baloyan

Իսկ դո՞ւ

Ինչո՞ւ մարդիկ այսքան չարացան մեկ մեկու հանդեպ։  Ամեն օր  քնելուց առաջ ինքս ինձ այս հարցն եմ տալիս։  Ո՞րն է պատճառը․  պատերազմը, համաճարակը, երկրում տիրող իրավիճակը: Ի՞նչն է մարդկանց անսահման վատը դարձրել, այնքան վատը, որ նախընտրում են չիմանալ դիմացինի հաջողությունների,  ձեռքբերումների մասին, որովհետեւ  լսելուն պես անբացատրելի նեղող, տանջող զգացողություն է առաջանում  նրանց մեջ,  որը չեն կարողանում թաքցնել  իրենց, իբր թե,  բարի դեմքերից։

Չեք հավատա,  բայց անկեղծ,  սրտից եկած ուրախությունը այլ կերպ է զարդարում ձեր դեմքը, իսկ կեղծ ժպիտն էլ ավելի է տգեղացնում ձեզ:

Հա, ի՞նչ կլինի,  որ հարևանի տունն ու մեքենան ավելի լավը լինեն, քան քոնը,  ի՞նչ կլինի, որ հարևանի աղջիկն ավելի լավ տեղ հարս գնա,  քան քո աղջիկը,  ի՞նչ կլինի, որ հարևանի պաշտոնը, գործը քոնից լավը լինի:  Չի լինի,  չէ, մի տեսակ նեղվում ես։

Մի բան պատմեմ:

Հյուր էի գնացել, ու պետք է թեյ խմեինք: Տանտիրուհին ասաց.

-Հռիփսիմե,  հանկարծ չթողնես թեյնիկում եղած ջուրը եռա,  թե չէ` հարևաններս կհարստանան:

-Մի հատ էլ ասա,-  ծիծաղելով ասացի ես:

-Հա, հա, որ ջուրը եռա թեյնիկում, հարևանները կհարստանան։

Սարսափելին այն էր, որ հյուրերն ասացին.

-Վա՜յ,  չգիտեինք,  բա շուտ ասեիր, որ մենք էլ  իմանայինք:

Սա չարություն չէ՞:  Բնականաբար թեյնիկում եռացող ջուրը չէր հարստացնելու հարևաններին, բայց նույնիսկ այդ մասին մտածելը ցավ էր տալիս բոլորին:

Որպեսզի տխուր չավարտվի պատմությունս, կասեմ․

Ես կլինեմ թեյնիկի ջուրը մինչև վերջ  եռացնող հարևան,  բարեկամ,  ընկեր քեզ համար։  Իսկ դո՞ւ:

hripsime baloyan

Հին 17-ցին

Ողջույն, եթե 17․am-ի նորեկներից ես, դժվար թե ինձ ճանաչես կամ հիշես, բայց վստահ եմ, որ հին անդամներից անկասկած ինձ հիշողներ կլինեն, ինչպես ես չեմ մոռացել նրանց իմ երկար բացակայության ընթացքում:

5 տարի առաջ էր, երբ 17․am-ն իր անձնակազմով այցելեց մեր դպրոց՝ սեմինարներ անցկացնելու։ Ես և ընկերուհիս` Անին, հպարտ-հպարտ, մեզանից գոհ-գոհ գնացինք դահլիճ սեմինարին մասնակցելու համար, մեզ հետ էին համադասարանցիներս նույնպես։

Ես և Անին լուրջ, առանց մի խոսք ասելու լսում էինք 17․am-ի թիմին, մեզ փորձում էինք պահել հասուն 20-25 տարեկանի պես, փորձում էինք թաքցնել մեր բարբառը և խոսել այնպես, ինչպես 17-ի թիմը:

-Աղջի ջան, հանկարծ ըսքանի մոտ մեր Լեննականի բարբառով չխոսաս, խայտառակ էղնինք:

-Հա, սուս, հենց հարց տան, իրանց պես կպասխանենք, Երևանի բարբառով՝ խոսում ա, ասում ա, գալիս ա, գնում ա:

-Պայմանավորվանք: Դե արի հմի իրար հետ պարապինք, որ չխառնվինք: Ես հարց կուդամ, դու էլ պատասխանե իրանց ձևով:

Հիշում եմ ամեն ինչ՝ հատ առ հատ ինչ խոսել և արել ենք այդ երանելի 4 օրերին: Իսկ գիտե՞ք՝ ինչ անհամբերությամբ էինք սպասում հաջորդ օրվան: Պլանավորում էինք՝ ինչ հագնել, ինչպես դահլիճ մտնել, ինչպես ողջունել, որպեսզի ուշադրություն գրավենք և մեզ էլ խմբի հետ ուղարկեն հեռու տեղեր կամ Գյումրու տեսարժան վայրեր ֆոտոներ անելու, որպեսզի մեզ էլ անհատական ֆոտոխցիկներ տան: Այդպես էր, մենք միշտ ապահովված էինք ֆոտոապարատներով: Սկզբում առանց հասկանալու՝ ինչ տեսնում էինք, նկարում էինք՝ քար, խոտ, մարդ, աղբ, պոկված լարեր, լքված շուն, սոխի կամ կարտոֆիլի կեղև, իսկ հետո, երբ հասկացանք, որ օրիգինալ, հետաքրքիր կադրեր է պետք նկարել, սկսեցինք էլ ավելի շատ պոկված լարեր նկարել, պոկված տերևներ, գետնին ընկած թղթեր, ծխախոտի տուփեր և նման մեր պատկերացմամբ շատ օրիգինալ և տարբերվող բաներ: Այո, 4-5 տարի առաջ ես և ընկերուհիս շատ օրիգինալ ֆանտազիա ունեինք, որով լցնում էինք 17․am-ի ֆոտոխցիկների հիշողությունը:

-Ա՜ն, արի հլը տես՝ ինչ եմ գտել նկարելու: Քնած շուն, արի նկարենք:

-Հա լավ կադր է, արի երկուսս էլ նկարենք:

-Արի էն մեծ քարն էլ նկարենք, Երևանում դժվար սպես մեծ քար էղնի:

Հիշում եմ նաև մեր ընդմիջումները, երբ միասին բրդուճներ, քաղցր գաթաներ էինք ուտում։ Ես և ընկերուհիս առաջին օրը ամաչում էինք ուտել, բայց հաջորդ օրվանից մեզ լիովին թիմի անդամ զգացինք:

Չեմ խաբում, հիմա, հենց այս պահին, երբ նյութս եմ շարադրում, կարոտով եմ հիշում այդ օրերը: Հիմա կկրկնվեմ շատերի նման: Չեմ լինի օրիգինալ ու կասեմ անհնարին մի արտահայտություն՝ երանի հետ գային այդ օրերը:

hripsime baloyan

Ձմռան պաշար

Մոտենում է ձմեռը: Ահա, ժամանակն է ձմեռվա պաշարը հավաքելու, տան դռները փակելու և ներսում հանգիստ նստելու: Այս օրերին Գյումրիի շուկան լիքն է մարդկանցով: Եկել են հեռու-մոտիկ գյուղերից՝ իրենց բերքը վաճառելու:

Իսկ ի՞նչ է պետք գյումրեցուն ձմռանը հանգիստ լինելու համար. պահածոներ, կարտոֆիլ, սոխ: Եթե գյումրեցու նկուղը լիքն է դրանցով, ուրեմն նա երջանիկ է:

Շուկան լիքն է սառած, կարմրած առևտրականներով, որոնք կանգնած են անթիվ պարկերի, արկղերի կողքին ու վաճառում են դրանց մեջ եղած կարտոֆիլը, սոխը, բազուկը, գազարը:

Վաճառում են, էն էլ ոնց են վաճառում: Այնպես են գովում իրենց ապրանքը, որ փոշմանում ես, որ դու կարտոֆիլ կամ սոխ չես ծնվել:

-Արի, արի հլը տես՝ ինչ կարտոլ է, ըսպես կարտոլ սաղ աշխարհ չկա:

Աջից, ձախից սկսում են միջամտել մյուս առևտրականները:

-Արի, արի, իմ բոստանի կարտոլն առ, բանմ երկուս ավել կուտամ:

-Տո մեռնիմ սրտիդ, էս կառտոշկեն թողած՝ ի՞նչխ ուրիշ կառտոշկեքի կնայես, ամոթ չե՞ս էնե, արի, արդեն կշռել եմ, որ տանիս:

-Հլը միամ նայե, հլը տես՝ կպեճը՝ բարակ-բարակ, միջինը՝ սիպտակ- սիպտակ, տանիս սաղ ձմեռ բանցնես, ընձի կօրհնես, որ ըսպես կարտոլ եմ տվել:

-Քա վայ, հլը ստեղ գծած կարտոշկի նայե, դաժե կափսոսաս՝ ուտես:

Ու վայ այն առևտրականին, ում մոտից վերջում գնում են կարտոֆիլը: Կողքի վաճառողները էնպես վերից վար չափող հայացքով են նայում, որ խեղճը «թամամն առնում է»:

Կանչում են ու կանչում: Ընտրության հսկայական հնարավորություն կա. շուկան լիքն է կարտոֆիլով՝ տարբեր չափի, ձևի:

Ու էս ամենը քիչ է, մեկ էլ շուկայի ծայրից հանկարծ կլսվի.

-Ըբը սոխ պետք չէ՞:

Ու սկսվում է սոխի գովքն ու երկրպագությունը:

hripsime baloyan

Երկրաշարժը պապիկիս հիշողություններում

-Պապ, գիտե՞ս էգուց ինչ օր է:

-Բալես, ես ժամ-պատարագ կորցրել եմ: Ի՞նչ օր է:

-Դեկտեմբերի 7-ն է, պապ: Կհիշե՞ս,- ուզում էի շարունակել խոսքս, բայց պապիկս հայացքը դեպի ներքև ուղղած մի քանի անգամ կրկնեց.

-Դեկտեմբերի 7, 12-ին 20 պակաս… Դեկտեմբերի 7, 12-ին 20 պակաս…

Ու ես հասկացա, որ թեև իր տարիքին, հիշողությունները այդ օրվա մասին թարմ են մնացել: Ապա խնդրեցի պատմել երկրաշարժի մասին`սկզբից մինչև վերջ:

Ինչպես որ շատ հարցերում, այս մեկում էլ ինձ չմերժեց և մեկ բաժակ ջուր խմելուց հետո սկսեց պատմել:

-Ամեն ինչ սովորականի պես էր: Ես շուտ զարթնել, գնացել էի գործի: Տունը մերս էր, տատիկդ, քեռիդ, մորքուրդ ու մամադ: Քեռիդ ու մորքուրդ փոքր էին, իսկ մամադ արդեն դպրոցական էր, քեզի պես 9-րդ, թե 10-րդ դասարան: Տատդ քեռուդ ու մորքուրիդ քնացրել էր, օր մամայիդ դպրոց ղրկեր: Դռան շեմի մոտ սարքածս աթոռի վրեն նստած մամայիդ մազերն կհուսեր, որ դպրոց ղրկեր: Էդ ժամանակ դպրոցները առաջին -երկրորդ հերթերով էին: Մեր բախտից էր, օր մերդ երկրորդ հերթ էր,- թախծոտ ձայնով ու աչքերով շշնջաց պապս:

-Ինչի՞ համար, պապ:

-Եթե 5 րոպե ուշ սկսվեր երկրաշարժը, մամադ արդեն տնից դուրս եկած կեղներ, ու ինչ գիտես` ինչ….

-Լավ, պապ, էդ հատվածից անցի առաջ,- ասացի ես, չուզենալով մտածել այն մասին, թե ինչ կարող էր լինել մայրիկիս հետ, եթե նա երկրաշարժի ժամանակ դպրոցի ճանապարհին լիներ:

-Իսկ դու պապ, դու ի՞նչ կենեիր, ո՞ւր էիր:

-Ես էդ վախտերը լավ գործի էի: Հեչ մեկի տունը հաց չկար: Մարդիկ չեքերով ու ժամերով հերթ կանգնելուց հետո հազիվ կկռնանային հացմ առնեին, իսկ մեր տունը լիքն էր հացը: Հլը սա` ընչի՞:

-Ընչի՞:

-Որովհետև փռի հետ գործ կենեի ու մեծ ավտոներով մեկ հաց կբերեի, որ մարդիկ առնեին: Սաղ օրը հերթ էր մեր տան մոտ:

-Հա, պարզ է: Լավ, պապ, չշեղվենք:

-Ինչ չենե՞նք…

-Երկրաշարժից պատմե, պապ:

-Հա, ո՞ւր էի հասել: Ուրեմն, ես ավտոյի մեջ էի ու նախքան երկրաշարժի սկսվելը վատ զգացի: Գլուխս կֆռռար ահավոր: Ավտոյից իջա, մաքուր օդին կանգնա ու վայրկյաններ չանցած հավասարակշռությունս մեկից կորցրեցի: Անկախ ընձնից կօրորվեի ճաքած գետնի վրա: Երկինքը մեկից մռայլվավ, ու դղրդունը սկսվավ: Արդեն հասկնալով, ինչ կկատարվի, կփորձեի, օր գայի հասնեի տուն` մորս, երեխեքիս մոտ: Ժողովրդի ձեները, շենքերի գետնին հավասարվելը առ հմի աչքիս դեմն է,- արդեն արցունքներն աչքերին էր պատմում պապս:

-Ջուր բեր, բալես,- կտրուկ ձայնով ասաց պապս:

Արագ գնացի բերեցի ու ասացի.

-Իսկ հետո՞:

-Հետո, ի՞նչ հետո: Չեմ հասկցել ինչ ձևով, մե կերպմ եկել եմ մայլա, ու մերոնք արդեն հարևանների հետ դուրս էին եկել պատի տակ: Մեկը-մեկին բռնած կանգնել էին: Վազեցի մերոնց մոտ ու երեխեքիս առա քուչս: Բան չէր լսվի, մենակ մարդկանց, երեխեքի լացի ու երկրի դղրդունի ձենն էր քաղաքով մեկ: Ամեն մարդ իրա հարազատի տերն էր: Հեչ մեկի աչքին ուրիշը չէր երևա, մինչև որ քիչմ չհանդարտավ: Ահագին ժամանակ էդ պատի տակ կեսը կանգնած, կեսը նստած մնացին, մինչև խելքներս եկավ գլուխներս: Մայլեն լիքը փոքր երեխա, դուրսն էլ ցուրտ, առանց հաց, ջուր: Տղամարդկանցով գնացինք մայլի խանութները: Արդեն ամեն ինչ քանդված ու ավիրված էր: Ինչ որ հնարավոր էր, վերցրեցինք խանութից, բերեցինք մայլի ժողովրդին: Երեխեքին տոպրակներվ կանֆետ, պեչենի:

-Առանց փող ուտելիք բերեցի՞ք, պապ:

-Բալես, էդ պահին ո՞ւմ աչքին կերևար փողը: Սաղ խանութների դռները բաց, քանդված, մարդ չկար: Իմ դարդս ընտանիքիս բան չեղնելն էր: Աչքիս բան էլ չէր երևա: Ժամեր հետո արդեն համեմատած հանդարտ էր, բայց էլի մռայլ, ցուրտ, մուխ: Մերս մտավ տուն, ինչ տաք շոր ընկավ ձեռի տակ, բերեց: Դուրսը կրակ վառեցինք, հաց կերանք ու ըդպես մինչեւ մյուս օրվա առավոտ, մինչև Երևանից եկան ու ավտոներով մեզի տարան:

hripsime baloyan

Անարդար է

Արդեն շատերը տեղյակ կլինեն Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի մասին: Շատերն էլ հասցրել են դիտել, բացի` գյումրեցիներից, որովհետեւ Գյումրին ստիպված է սպասել այնքան, մինչեւ այդ ֆիլմը Գյումրիի կինոթատրոնում էլ ցուցադրվի:

Այսպես անարդար է: Չէ որ նկարահանումները եղել են Գյումրիում եւ վերջապես թեման սերտ կապ ունի հենց Գյումրու հետ: Ֆիլմում եղած ցավը միայն գյումրեցին կարող է հասկանալ, զգալ, վերապրել, որովհետեւ իմ քաղաքն ու իմ քաղաքի մարդիկ են ականատես եղել այդ ամենին և առաջնայինը հենց իմ քաղաքում պետք է ցուցադրվեր, հետագայում ՀՀ- ի մյուս մարզերում:

Ինչո՞ւ պետք է երևանցիները կամ այլ մարզի բնակիչները գյումրեցիներից շուտ դիտեն ֆիլմը և ոչ միայն այս ֆիլմը, ընդհանրապես ամեն բան միայն վերջում է հասնում Գյումրի: ՉԷ որ ոչ բոլորն են հնարավորություն ունենում գնալ հասնել այնտեղ, որտեղ ֆիլմերը ավելի վաղ են ցուցադրվում: Նույնիսկ ՌԴ գտնվող հայերը, և ոչ միայն հայերը, արդեն հասցրել են դիտել «Երկրաշարժ» ֆիլմը, իսկ մենք գյումրեցիներով ինչպես միշտ, լուռ և համբերատար սպասում ենք:

Անբացատրելի զգացողություն է, երբ գովազդների ժամանակ ներկայացվում է ֆիլմը, ներքևում գրվում, թե որտեղ, երբ կարող ենք դիտել, իսկ այդ որտեղների մեջ Գյումրու անունը չկա…

Ու երբ ֆիլմը վերջապես դիտեն գյումրեցիները, խոստանում եմ նրանց տպավորությունների մասին գրել ձեզ: Արդյո՞ սա իրենց ապրած երկրաշարժն էր:

hripsime baloyan

Թռիչք դեպի Մոսկվա

Թռիչք դեպի Մոսկվա. ընդամենը 10 000 դրամ: Վերջին օրերին ամենաշատ լսովող նախադասությունը, թե` հեռուստացույցով, թե` ռադիոյով, և թե` բանավոր:

Գյումրեցիների երկխոսության բովանդաութունը այս շաբաթվա ընթացքում հետևյալն է եղել.

Հարևաններ

-Քա, իմացե՞լ ես. տասը հազարով Մոսկվա կթռցնեն:

-Ի՞նչխ թե:

-Չե՞ս լսե, սաղ օրը տելեվիզրն էդ կըսե:

-Վայ, վադ եմ: Էս ինչ լավ բան սեցիր, կթռնիմ մարդուս, տղուս, աղջկաս, քրոջս, աղպորս կտեսնիմ: Քանի տարի է` չեմ տեսել:

-Կարող ա թռնիս` դու էլ ետ չգաս:

Աշակերտներ

-Իմացե՞լ ես ինչ է եղել. 10 000-ով Մոսկվա կռնանք սամալյոտով թռնինք, բայց առանց վեշ:

-Հա, ես գիտեմ:

-Լավ կեղներ, չէ՞, էքսկուրսիա կազմակերպեինք: Նույն օրը թռնեինք, նույն օրն էլ հետ գայինք: Մեկ է, նույն գինը գուկա: Լավ է Մոսկվան տեսնինք, քան պոեզով Երևան երթանք:

-Հա, ճիշտ ես: `Արի դասղեկին համոզենք:

-Է… Խելռա՞ր:

Ընտանիքի անդամների զրույցը, որոնցից մեկը Մոսկվայում է, իսկ մյուսը` Հայաստանում

-Ալո, այ տղա, աչքդ լուս: Էս Նոր տարուն գուկաս, կամ ես գուկամ` իրար հետ կնշենք Նոր տարին: Կռնա` երեխեքին էլ բերեմ:

-Սկսվավ էլի…

-Մինչև վերջ լսե. տասը հազար դրամ է ստեղից Մոսկվա:

-Ըբը, որ թռնիմ գամ, ու հետո թանկցնեն տոմսերը, ի՞նչխ բդի ետ գամ: Չես մտածե, չէ՞, էդ մասին:

Այս ցանկը կարող եմ անվե~րջ շարունակել, բայց այսքանն էլ է հերիք Գյումրիում տիրող «տոնական» տրամադրությունը ներկայացնելու համար:

hripsime baloyan

Անհամապատասխանություն

Հետաքրքիր է իմանալ` արդյո՞ք Հայաստանի Հանրապետության մարզերի բնակչության թիվը համապատասխանում է աշխարհագրության դասագրքում նշված թվին: Գուցե թվերն ուռճացվա՞ծ են կամ պակա՞ս, թեև վերջինի դեպքում կասկածում եմ:

Իմ տպավորությամբ, Շիրակի մարզում բնակչության թիվն օր-օրի նվազում է և չի համապատասխանում գրքային տվյալներին: Հիմա կմտածեք, թե որտեղից գիտեմ կամ ինչի՞ց եմ ենթադրում: Բնականաբար չեմ հաշվել և չեմ էլ կարող ստույգ թվեր ներկայացնել տարբերությունը ցույց տալու համար, բայց որոշ բաներ ակնառու են: Օրինակ` նկատել եմ, որ մարդկանց ակտիվ շարժ մարզում չկա: Ասես միապաղաղության մեջ ենք հայտնվել: Փողոցում   քայլելիս ավելի հաճախ եմ հանդիպում նույն դեմքերին ու հիշում, որ արդեն ինչ-որ տեղ տեսել եմ այդ դեմքը՝ հենց նույն հայացքով: Դիմացինն էլ ինձ է հիշում և մտածում. «Այն խանութում կամ սրճարանում եղած աղջիկն է», ու կարծես արդեն ծանոթներ լինենք, կարելի է ասել՝ «դեմքով ծանոթներ»: Ծիծաղելի է հնչում, բայց իրականում այդքան էլ ծիծաղելի չէ: Ծիծաղելի չէ, երբ հասկանում ես, որ տվյալ անձի բարեկամին, ընկերոջը կամ թեկուզ ծանոթին դու էլ ես ճանաչում: Երբ պարզում ես, որ նոր ձեռք բերած ընկերների, ծանոթների շրջանում արդեն շատերին ես ճանաչում: Անգամ սոցցանցերում է դա երևում. «Հարցում` նոր ընկերներին ավելացնելու, 7 ընդհանուր ընկեր»: Ու երբ ինչ-որ մեկին ես մատնանշում կամ ուղղակի նկարն ես ցույց տալիս, լսում ես արդեն ձանձրալի դարձած այս նախադասությունը. «Վա՜յ, ես էլ գիտեմ իրեն»: Արդեն ինչ-որ բան ասելն ու մեկնաբանելն է ձանձրալի դառնում, որովհետև բոլորը բոլորին ճանաչում են, և ուրեմն՝ ամեն ինչ գիտեն:

Մի խոսքով, ինչ եմ ուզում ասել. հին դեմքեր, ոչ մի թարմություն ու նորություն: Ու կամաց-կամաց   անհետաքրքրությամբ ես լցվում և ինքդ էլ ես նպաստում կյանքի միապաղաղությանը: Սկսում ես այլ տեղերում հետաքրքրություն փնտրել: «Այլ տեղեր»-ո՞ւմ: Ի՞նչ եք կարծում, որոնք են այդ «այլ տեղերը»: Ես շատ կուզեի, որ Հայաստանի Հանրապետությունից դուրս չլինեին դրանք, սակայն հիմնականում ՀՀ -ից դուրս են լինում, և հաճախ, ցավոք, շատ հեռու:

hripsime baloyan

Հպարտ եմ, որ հայ եմ, հպարտ եմ, որ գյումրեցի եմ

Ես սպասում էի այս պահին: Չգիտեմ, եղա՞ն մարդիկ, ովքեր գուշակեցին, թէ ինչի մասին է խոսքը,  բայց այ, գյումրեցիները, ուղղակի իրավունք չունեն չգուշակելու:  Դե իհարկե, խոսքը օլիմպիական խաղերում ոսկե մեդալ վաստակած Գյումրիի և ամբողջ Հայաստանի Հանրապետության հպարտության` Արթուր Ալեքսանյանի, մեր  «Սպիտակ Արջ»-ի  մասին է: Ինչպես կարող էի չանդրադառնալ այս թեմային և նրա գլխավոր հերոսին: Բնականաբար, չենք մոռանում նաև մեր մյուս երեք պարծանքներին`  Միհրան Հարությունյանին,Գոռ Մինասյանին և Ռուբեն Ալեքսանյանին:  Նրանց շնորհիվ է, որ հայը, հայ ազգը ունեցավ պահեր, զգացումներ, որոնք անբացատրելի են և անկրկնելի:

Թև այն դժվարությունների, որի միջով անցել ու շարունակում է անցնել Հայաստանը իր ժողովրդի հետ միասին, միևնույն է, չենք դադարում զարմացնել մեր մարզիկներով, որովհետև մերոնք միայն ֆիզիկապես չէ, որ գերազանցում են այլազգիներին, գերազանցում են նայև մարդկային, հոգևոր և մի շարք այլ բարձր արժանիքներով:

20 տարի անց Հայաստանի Հանրապետությունը օլիմպիական խաղերից կվերադառնա  ոսկե  մեդալով և դա շնորհիվ Գյումրիի, հենց Գյումրիի տված առյուծորդու՝ Արթուր Ալեքսանյանի: Բառերը, բառակապակցությունները, նախադասությունները չեն կարող ներկայացնել այն, ինչն այս պահին իմ ներսում է կատարվում:

Տագնապ, սրտի թրթիռ, որ ինձ նման զգում էր երևի թե յուրաքանչյուր հայ,  անհատույց չէր կարող մնալ: Արթուր Ալեքսանյանի շնորհիվ շատերի համար բացահայտվեց Հայաստանի Հանրապետության ոչ այդքան շքեղ, ոչ այդքան հարուստ, բայց միևնույն ժամանակ, հզոր քաղաքը` Գյումրին:

Քիչ չեն դեպքերը, երբ հենց գյումրեցի մարզիկների շնորհիվ   է Հայաստանի Հանրապետությունը համաշխարհային մրցույթներից վերադառնում  գլուխը վեր պարզած :

Աղվերանի մեդիա ճամբար. Pixilation-ի առեղծվածը

Մեդիա ճամբարի մասնակիցների կողմից առաջարկված գաղափարների շնորհիվ նկարահանվեց հերթական Pixilation-ը: Երրորդ անգամն է, որ մասնակցում եմ նման կարգի նկարահանման: Նախորդ երկու անգամներում որպես նկարահանվող էի, իսկ այս անգամ՝ դիտորդ: Հանձնարարությունս հետևյալն էր. հետևել նկարահանման ընթացքին, ֆոտոներ անել և ներկայացնել, թե ինչ է Pixilation-ը:

Pixilation  դիտելիս թվում է, թե այն նկարահանելը հեշտ է, բայց իրականում այդպես չէ: Նկարահանելու համար անհարաժեշտ է ծով համբերություն, կայուն նյարդային համակարգ, համակ ուշադրություն և լավ հիշողություն: Ահնրաժեշտ է, որ յուրաքանչյուր  կադր նախորդի շարունակությունը լինի, իսկ  դիրքերի  փոփոխություն՝ միայն հարկ եղած ժամանակ, հակառակ դեպքում ֆոտոները չեն ընդհանրացվի  և Pixilation-ը պարզապես կվերածվի ֆոտոշարքի: Չնայած  այս ամենը բավական դժվար է, բայց և այնպես նկարահանման գործընթացը նաև զվարաճալի է ու անչափ հետաքրքիր: Եվ այսպես, յուրաքանչյուր կադր մի քանի անգամ նկարելուց հետո որոշակի շտկումների են ենթարկվում և կարծես թե մոտենում վերջնական տարբերակին: Ահա ևս մեկ բան, որ սովորեցի մեդիա դասընթացների ընթացքում: Ամեն ինչ դեռ առջևում է:

hripsime baloyan

Աղվերանի մեդիա ճամբար. Մեդիա ճամբարի նախօրեին

Ուզում եմ կիսվել մեր տանը տիրող իրավիճակի մասին այն պահից սկսած, երբ իմացա, որ այս անգամ ինձ էլ է բախտ վիճակվել «Մանանայի» կողմից կազմակերպված Մեդիա ճամբարին մասնկացել: Դե ինչ, սկսեցինք:

Տու-լու-լու-լու-լու, տու-լու-լու-լու-լու…

-Հռիփսիմե, հեռախոսդ է:

-Մամ, թե դասարանի երեխեքն են, վերցրու, սա` Հռիփսիմեն քնած է, ուշ կզարթնի:

-Չէ, Երևանից է, 010 է կոդը:

-Երևանի՞ց… Թոոող… Ձեռ չտաս, եկա, աաաաաաա~, հաստատ հայտի համար է, մամ:

-Բարձրախոսը միացրու, ես էլ լսեմ` ինչ կսեն:

-Ալո:

-Հռիփսիմե՞: «Մանանայից» ա, Լիլիթը:

-Հա, ընկեր Լիլիթ, բարև ձեզ:

-Հռիփսիմե ջան, երևի կռահեցիր` ինչի համար եմ զանգել: Դու ընտրվել ես մասնակցելու մեդիա ճամբարին, որը ամսի 28-ից մինչեւ օգոստոսի երեքն ա։ Ուրեմն էսօրվանից մէյլիդ ուշադիր ես լինում, որովհետեւ շուտ-շուտ բաներ ենք ուղարկելու:

-Հա, անպայման, ընկեր Լիլիթ,- հստակ պատասխանեցի ես, բայց այդ հստակության տակ շատ ասելիք ունեի:

Հեռախոսն անջատելուն պես սկսվեց:

-Բերե~ք, բերե~ք շորերս, նաուշնիկներս, զարյադշնիկս, սրբիչս, մամ, նոր ատամի պաստա է պետք, կառնիս չէ՞ հմի:

-Ի՞նչ ես խառնվել, հլը ժամանակ կա,- խոսակցությանը միացավ հորաքույրս:

-8 օր է մնացել, ո՞ւր ա ժամանակ: Չեմ հասցնե: Մաաաամ, էն ժակետդ կուտա՞ս տանիմ. իրա գույնի կոշիկներիս հետ հագնիմ:

-Սկսվավ էլի՞,- ջղային տոնով ասաց մայրիկս,- Հանգիստ մնա: Ամեն ինչ իրա հունով կանցնի:

-Լավ, լավ,- զսպված ասացի և ավելացրեցի,- բերեք պայուսակս հմիկվանից դասավորենք, էլի :

-Հմիկվանից որ շոր ու զարյադշնիկ դնես, բդի 8 օր էդ շորերդ չհագնի՞ս ու մնաս առանց հեռախոսի զարյադկի՞:

-Չէ, ուրիշ շոր կհագնիմ ու քու զարյադկիցդ կօգտվիմ,- վստահ պատասխանեցի ես:

-Ուրիշ վախտ էղնի` կսես գտեք հենց իմ զարյադկես, ուրիշով չեմ դնե, կփչանա հեռախոսս, էս կեղնի, էն կեղնի…

-Ըըը, լավ, էսօր չեմ դնե վեշերս: Եգուց կդնեմ:

Ավարտեցի խոսքս, նստեցի համակարգչի դիմաց և մտա փոստս ստուգելու: