Ani Ghulinyan

Ոչինչ առաջվանը չի լինելու

Գիտեք, այս նյութը գրելուց առաջ ինչքան եմ մտածել: Նախ, հիշում էի Անուշի` մի քանի օր առաջ հրապարակված նյութը իր տասնհինգամյակի մասին, հետո Մերիի «Բողոքի ակցիա» նյութը, որտեղ ասում էր. «Մի որևէ նյութ գրելուց առաջ ես մի քանի օր մտքերս հետս տանում-բերում եմ, մեջս հազար տակ շուռ եմ տալիս, որ մի քիչ ամբողջանա, բայց հենց որ կայքում կարդում եմ մոտավոր նույն գաղափարն արտահայտող մի որևէ հոդված կամ մի նախադասություն, վերջ, էդ նյութը միանգամից գնում է մտքիս Recycle Bin: Անկեղծ ասած, վախենում էի, որ եթե ինձնից հետո մեկն էլ դառնա 15 տարեկան ու որոշի դրա մասին նյութ գրել, հետո մեկ ուրիշն էլ, մենք կարժանանանք Մերիի «զայրույթին»: Բայց խոստանում եմ այլևս երբեք ուրիշներին կրկնող նյութ չգրել, միայն այս անգամ մի փոքր բացառություն:

Անցնեմ բուն թեմային: Այսօր 15 տարեկան եմ դառնում: Ընդհանուր առմամբ, ես իմ ապրած կյանքից այդքան էլ գոհ չեմ, առաջիկայում կաշխատեմ ավելի բովանդակալից ապրել: Կյանքիս 14-րդ տարում ավելի շատ բան հասցրեցի անել, իմանալ, ավելի շատ մարդկանց հետ ծանոթացա, քան նախորդ տարիներին:
Բոլորիս հետ էլ լինում են չէ՞ պահեր, երբ մտածում ենք Արիստոտելից ավելի լավ փիլիսոփա ենք: Դեռ չապրած կյանքի մասին խոսում ենք յոթանասուն տարեկան մարդու նման, ով կյանքում շատ բան է տեսել, ու բոլոր նրանց, ովքեր կփորձեն մեզ համոզել, որ մենք դեռ փոքր ենք կյանքի մասին դատողություններ անելու, մի լավ կոպտում ենք: Կարծես թե այս իմաստուն լինելու պատրանքը հատուկ է դեռահասներին: Դեռահաս բառից էլ եմ խուսափում, ինձ թվում է ես դեռահաս չեմ լինելու, միանգամից ` մանկությունից պատանեկություն, թե չէ այնքան սարսափելի բաներ են պատմում դեռահասների մասին, թե` շրջապատին լավ չեն հասկանում, մեկուսանում են… Չէ, չէ, ավելի լավ է այդ մի բանից էլ զերծ մնամ:
Նախորդ տարվանից սկսել եմ իմ ծննդյան օրերը չսիրել, կամ ուրիշներինն ավելի շատ սիրել: Գիտե՞ք ինչու, որովհետև իմ ծննդյան օրվան մեկ ամիս անց հաջորդում է հայրիկիս ծննդյան օրը, ու ամեն տարի տարեդարձս չարագույժ ագռավի նման ազդարարում է, որ ծնողներս էլ են մեծանում, մեծանում եմ և ես, որ էլ ոչինչ առաջվանը չի լինելու: Ինչքան մտածում եմ չմեծանալու մասին, այդքան ավելի արագ եմ մեծանում, ու ամեն տարվա հետ ժամանակը թռչում է ավելի արագ: Դեռ երեկ դպրոցական նստարանին նստած «այբ, բեն, գիմ»-ն էի սովորում, այսօր արդեն մասնագիտական կողմնորոշման մասին պետք է մտածեմ:
Ուսուցչուհիս տարիներ առաջ մի հանելուկ էր ասում, թե մի ծերունի կա, ով տեսել է թե՛ մեր պապերին, թե՛ հայրերին, թե´ մեզ է տեսնելու, և թե´ մեր սերունդներին, ո՞վ է նա: Հանելուկի պատասխանն էր` ժամանակը: Երանի այդ ժամանակ կոչվող ծերուկը մի օր մահանար ու այլևս չշարժվեր:
Երեկ դպրոցից տուն գալիս ընկերուհուս հետ խոսում էինք.
-Ծերանում ենք, էլի: Արդեն 15 տարի ապրել եմ, 5475 օր, պատկերացնո՞ւմ ես:
-Նահանջ տարիները հանած 5471: Բա ես ի՞նչ ասեմ, դպրոցը ավարտելիս պառավ տատիկ եմ լինելու: Տես, ես կնճիռներ ունեմ,- ու դիտավորյալ ծամածռեց դեմքը:
Կատակը մի կողմ, բայց իրոք, արագ ենք մեծանում: