susanna geghamyan

Արցախից Լիճք

Մորս մանկությունը այդքան էլ հեշտ չի եղել, չնայած նրան, որ նա ծնվել է ամեն ինչով ապահովված ընտանիքում: Իսկ ինչո՞ւ է նրա մանկությունը դժվար անցել, հիմա կպատմեմ:

Երբ մայրս 13-14 տարեկան է եղել, սկսվել է Արցախյան պատերազմը: Մայրս արցախցի է և կորցրել է իր հարազատներին և ընկերներին: Դե գիտեք, երեխայի համար հեշտ չէ այդ ամենի միջով անցնելը: Բայց չնայած դրան մայրս դարձել է կրթված մարդ: Իրենց գյուղից հեռանալուց հետո մայրս հաճախել է մի այլ դպրոց: Հետո այդ դպրոցից տեղափոխվել է մեկ այլ դպրոց, և այդպես անցել են նրա դպրոցական տարիները: Մայրս պատմում է, որ պատերազմի ժամանակ իրենց տունը նման է եղել հյուրանոցի: Նրանց տուն շատ են այցելել ֆիդայի տղերք: Գյուղից հեռանալու ժամանակ մորս ընտանիքը իր հետ ոչ մի իր չի վերցրել, միայն մի քանի ոսկյա զարդեր: Այդ ոսկին տատիկս պահել է իր շորերի մեջ: Իսկ ոսկու մի մասը պահել է լվացքի մեքենայի շարժիչի մեջ, մտածելով, որ նորից հետ կվերադառնան իրենց տուն, բայց…

Մայրս պատմում է.

-Մեր տնից գնալուց հետո, մենք օր է եղել, որ հաց չենք ունեցել: Բայց հաղթահարել ենք ամեն մի դժվարություն:

Բայց չնայած դրան… Իսկ հիմա մայրիկիս հետ կպարզեմ, թե ինչպես է ծանոթացել հայրիկիս հետ, թե ինչպես են ամուսնացել և ինչպես է ԼՂՀ-ից հասել Լիճք գյուղ:

-Մամ, դու ու պապան ինչպե՞ս եք ծանոթացել:

-Բալ ջան, մորաքույրդ ամուսնացել էր հորեղբորդ հետ…

-Հա, մամ էդ գիտեմ:

-Այ աղջի, դե սպասի` պատմեմ:

-Լավ, մամ ջան:

-Դե, մենք հաճախ գալիս էինք մորաքրոջդ տեսնելու, այդ ժամանակ հայրդ էլ էր տանը լինում:

-Հա, պապային տեսար, սիրահարվեցիր:

-Կարելի է այդպես էլ ասել:

-Մամ, բա ո՞նց եղավ, որ ամուսնացաք?:

-Մի օր եկա մորաքրոջդ տեսնելու ու էլ չգնացի:

-Կարելի է ասել` եկար ու մնացիր, հա՞:

-Դե հա…

-Մամ, իսկ չե՞ս փոշմանել, որ էդքան հեռու տեղից եկել ես ու ամուսնացել Լիճքում:

-Չէ, շատ գոհ եմ, մենակ նրանից եմ դժգոհ, որ քո նման շատախոս աղջիկ ունեմ:

-Հա, մամ ջան, դեռ շատ կդժգոհես:

Մայրս անցնում է իր գործերին, իսկ ես սկսում եմ գրել այս հարցազրույցը: