Ոչ ոքից չե՞նք գերադասում

«Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում, մենք մեզ ոչ ոքից չենք գերադասում»․․․

Ունենալով հազարամյակների պատմություն՝ տարբեր ժամանակներում եղել ենք որևէ կայսրության, պետության կազմում, սակայն այսօր մենք՝ հայերս, կազմում ենք ՀՀ բնակչության 98 տոկոսից ավելին։

Գրելուս պատճառը դարձան «Լուրերի»-ի տեսանյութը  և «Россия 88» ֆիլմը։ Տեսանյութը Մանասի մասին է (ազգությամբ հնդիկ, ծանոթ եմ «Startup Boost Weekend»-ից), թե ինչպես է «UWC Dilijan»-ում հայերեն սովորել։ Մանրամասները կարող եք ինքներդ նայել։ Սակայն խնդիրը վիրավորական մեկնաբանություններն էին (հիմա էլ չկան, ֆիլտրված են)։ Իսկ երեկ որոշեցի նայել ֆիլմը, այն Ռուսաստանում 2000-ականներին գործող նեոնացիստական խմբի մասին է։ Խմբի անդամները իրենց համարում էին հայրենասերներ և նպատակը` երկիրը իմիգրանտներից «մաքրելն էր»։ Հա, մեծ տարբերություն կա, բայց երևույթը՝ գերադասելը, վիրավորելը, նույնն են։ Չեմ ուզում դրամատիկ մտքեր արտահայտել, ուղղակի կփորձեմ լինել պրակտիկ։

Իրականում ամբողջ աշխարհում այս խնդիրը մի քանի տասնամյակ կա, ուղղակի մենք այս խնդրին բախվեցինք վերջերս, երբ հիմնականում հնդիկների ու պարսիկների համեմատաբար մեծ հոսք ունեցանք։

Աշխարհում իմիգրանտների հետ կապված թոփ պոպուլիստական խնդիրներն են՝ աշխատատեղերի ու աշխատավարձի կրճատումը, տվյալ երկրի հարկատուների հաշվին ապրելը, հանցագործությունները։ Մնացածին կարող եք ծանոթանալ հոդվածում։

Ու էլի մենք բացառություն ենք․ մեզ նշվածները չեն հետաքրքրում, մեզ համար կարևորը միատարր ազգ լինելն է։ Հա, ու լինելով 10 միլիոն (դե ասում են)՝ 7 միլիոնը բնակվում է Հայաստանից դուրս, այսինքն՝ իմիգրանտ։

Թեման կարելի է անընդհատ քննարկել, բայց էստեղ կթողնեմ հոդվածներ իմ ամենասիրելի հրատարակությունից՝ «The Economist», որ իրոք մտածելու առիթ կտան․

«Որպեսզի աշխարհը ավելի հարստանա՝ թողեք մարդկանց ազատ շարժվեն (To make the world richer, let people move)», «Ինչպե՞ս է միգրացիան աշխարհը դարձնում ավելի խելացի (How migration makes the world brainier)», դե ու բնականաբար հակառակ պնդումը՝ «Ամենահաջողակ երկրները ամենամիատարրերն են (The most successful countries are the most homogenous)»։

Ի՞նչ կարծիքի եք․․․