Որն է երիտասարդների դերը Հայաստանի ժողովրդավարացման հարցում

Լուսանկարը՝ Հովնան Բաղդասարյանի

Լուսանկարը՝ Հովնան Բաղդասարյանի

«Ժողովրդավարություն» բառը հաճախ է մեզ հանդիպում տպագիր մամուլում, համացանցում, լսում ենք հեռուստացույցով և ռադիոյով, բայց թե ինչ նշանակություն ունի այս բառը, քչերս ենք հասկանում: Երբ համացանցում փորձում ես փնտրել այս բառի նշանակությունը, հանդիպում ես հետևյալ բացատրություններին. «Ժողովրդավարությունը ժողովրդի իշխանությունն է, երբ իշխանությունը բացառապես պատկանում է ժողովրդին և այդ իշխանությունը կյանքի է կոչվում կամ ուղղակիորեն նրա միջոցով, կամ էլ ազատ ընտրական համակարգի օգնությամբ՝ այդ ժողովրդից ընտրված ներկայացուցիչների միջոցով», կամ էլ «ժողովրդավարությունը ժողովրդի իշխանությունն է, որն իրականացվում է ժողովրդի կողմից՝ ժողովրդի համար», ինչպես նաև «Ժողովրդավարությունը կամ դեմոկրատիան քաղաքական համակարգի տեսակ է, որտեղ կառավարումն իրականացվում է պետության ողջ բնակչության կամ իրավասու խմբերի կողմից՝ սովորաբար ընտրված ներկայացուցիչների միջոցով»: Ուշադիր կարդալով վերոնշյալ բացատրությունները՝ պարզ է դառնում մի բան, որ բոլորն էլ ունեն նույն նշանակությունը. «Ժողովրդավարությունը այնպիսի քաղաքական համակարգ է, որտեղ որոշիչ է ժողովրդի կամքը»:

1995թ-ի հուլիսի 5-ին Սահմանադրության ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունն իրեն հռչակեց ժողովրդավար երկիր, սակայն Սահմանադրության ընդունումը դեռևս չի նշանակում լիարժեք ժողովրդավարություն: Ժողովրդավարությունը բարդ և համակարգային գործընթաց է, և հաճախ ենք լսում, որ Հայաստանը դեռևս ժողովրդավարացման գործընթացի մեջ է: Եվ այստեղ էլ առաջ է գալիս այն հարցը, թե ինչ դեր կարող է խաղալ ժողովրդի անքակտելի մաս հանդիսացող երիտասարդությունն այդ գործընթացում, որն է հայ երիտասարդության դերը Հայաստանի ժողովրդավարացման հարցում:

Երիտասարդությունը ցանկացած պետության հիմնաքարն է հանդիսանում, այն ապահովում է պետության զարգացումն ու առաջխաղացումը: Երիտասարդներն են, որ իրենց նորարար և ստեղծարար մտածելակերպով խթանում են պետության գործունեության բոլոր ոլորտները, այդ թվում՝ քաղաքականը:

Պետության ժողովրդավարացման գործում մեծ նշանակություն ունի երիտասարդների մասնակցությունը: Չկա ակտիվ երիտասարդություն, չկա նաև ժողովրդավար պետություն: Ցանկացած ժողովրդավարական շարժում սկսվում և տարածվում է երիտասարդների կողմից և միջոցով: Այսօրվա երիտասարդները վաղվա ղեկավարներն են, քաղաքական գործիչները, պետություն կառուցողները և պետության սովորական քաղաքացիները: Այն արժեքները, գաղափարները, որոնք կրում են այսօրվա երիտասարդները, դառնալու են վաղվա պետության արժեքային համակարգի հիմքը: Երիտասարդների ակտիվ մասնակցությունը ժողովրդավարության մեջ նպաստում է ակտիվ քաղաքացիական հասարակության ձևավորմանը:

Այն հիմնական դերը, որ պետք է ստանձնի ցանկացած երիտասարդ Հայաստանի ժողովրդավարացման համար, կրթություն ստանալն է: Գիտելիքն ու կրթությունն են, որ ձևավորում են անհատ երիտասարդին, որն էլ իր հերթին ձևավորում է երիտասարդությունը: Կրթված և զարգացած երիտասարդությունը նշանակում է համապատասխանաբար կրթված և զարգացած հասարակություն, պետություն: Միայն կիրթ և զարգացած հասարակությունն է, որ կարող է ձևավորել ժողովրդավար պետություն: Ուսում ստանալուց զատ երիտասարդները պետք է ակտիվություն ցուցաբերեն քաղաքական ոլորտում, ակտիվ մասնակցություն ցուցաբերեն քաղաքական գործընթացներին, արտահայտեն իրենց տեսակետերն ու կարծիքները: Հատկապես կարևոր է երիտասարդների մասնակցությունն ընտրական գործընթացներին, որովհետև հենց ընտրությունների միջոցով է, որ ընտրվում են պետության տվյալ պահի ղեկավարները: Ազատ, արդար ընտրությունների կայացման գործում մեծ է երիտասարդների նշանակությունը:

Սակայն ժողովրդավարությունը չի սահմանափակվում ընտրական գործընթացով, այն իր մեջ ներառում է խոսքի ազատությունը, հավասարությունը (ներառյալ գենդերային հավասարությունը), ազատ մամուլը, օրենքի գերակայությունը և այլն:

Երիտասարդները պետք է օգտվեն այդ առավելությունից և արտահայտեն իրենց տեսակետներն ու կարծիքներն այս կամ այն իրադարձության վերաբերյալ: Համացանցի առկայությունն առավել քան երբևէ հեշտացնում է երիտասարդների խոսքի և արտահայտվելու ազատությունը: Իմ կարծիքը չափազանց կարևոր է պետության, հասարակության համար, քանի որ, ինչպես արդեն նշել եմ, այսօրվա երիտասարդները կազմելու են վաղվա հասարակությունը, իսկ նրանց կարծիքներն ու տեսակետները`  ապագայի պետության հիմնական գաղափարախոսությունը:

Ես` ինքս, կազմակերպում եմ ժողովրդավարության և տարբեր թեմաների վերաբերող սեմինարներ և ընդգրկում եմ երիտասարդների, լսում նրանց կարծիքներն ու դիտողություննեը հնչած թեմաների շուրջ: Եվ այսպես փորձում  եմ իմ ներդրումն ունենալ Հայաստանի ժողովրդավարության կայացման գործում:

Ես առաջարկում եմ, որ Հայաստանում ավելանան երիտասարդների կողմից ստեղծված հասարակական կազմակերպությունները, որ նրանք ունենան գործունեության հստակ ծրագիր, որով կկարողանան վերահսկել հասարակական կյանքի տարբեր ոլորտները:

Շատ կարևոր է, որ երիտասարդները պայքարեն իրենց իրավունքների, հասարակության մեջ տեղ գտած արատավոր և անարդար երևույթների նկատմամբ:

Ակտիվ երիտասարդությունը կարող է և կդառնա  Հայաստանի ժողովրդավարացման հիմնական դերակատարը: Միայն երիտասարդների ակտիվությունն է, որ կխթանի ժողովրդավարացման գործընթացը Հայաստանի Հանրապետությունում:

Ես հավատում եմ հայ երիտասարդների մտքի սլացքին և ուժին: