Որպեսզի հիշենք

Լուսանկարը՝ Հասմիկ Գալստյանի

Լուսանկարը՝ Հասմիկ Գալստյանի

Մեր գյուղի կենտրոնում է գտնվում այս հուշարձանը՝ Անհայտ զինվորի արձանը, որի պատվանդանի վրա փորագրված են անուններ։ Դրանք այն մարդկանց անուններն են, ովքեր զոհվել են Մեծ հայրենականում։

Տատիկիս հայրը՝ Մաթևոս պապը, նույնպես մասնակցել է այդ պատերազմին, բայց նրա անունը գրված չէ, որովհետև նա չի զոհվել՝ հետ է վերադարձել։

Լուսանկարը՝ Հասմիկ Գալստյանի

Լուսանկարը՝ Հասմիկ Գալստյանի

1941թվականին, երբ սկսվում է պատերազմը, Մաթևոս պապը կամավոր մեկնում է ռազմի դաշտ։ Արդեն 1942 թվականին այն ջոկատը, որում Մաթևոս պապն էր՝ հրամանատար Վլասովի գլխավորությամբ, ընկնում է շրջափակման մեջ։ Ամբողջ ջոկատին գերի են վերցնում՝ այդ թվում և պապիկիս։ Գերիներին տանում են տարբեր վայրեր՝ ծանր աշխատանքներ կատարելու։ Պապիկիս տանում են շաքարի գործարան։ Այնտեղ նա շատ վատ պայմաններում է աշխատում։ Կոտրվում են նրա երկու դաստակները։ Դրանից հետո պապիկիս համեմատաբար ավելի հեշտ աշխատանք են տալիս, այդ ամբողջ ընթացքում պապիկիս օգնում է մի գերամանուհի։ Տատիկս պատմում է, որ իմ մեծ պապը հաճախ էր հիշում պատերազմը, իր ընկերներին, այն գերմանուհուն և միշտ աչքերը թրջվում էին։

Ամեն անգամ, արձանի մոտ ծաղիկ դնելիս՝ հատ-հատ կարդում եմ բոլոր զոհվածների անունները, հիշում մեծ պապիս նույնպես, թեև նրա անունը զոհվածների ցանկում չկա։