Nelli Khachatryan

Որտեղից ես սկսում դու

-Բարև:

Մտածում ես՝ քե՞զ չեմ բարևում… Ա, գիտեմ, դու ապրիլի 7-ի այն համերգին էլ երևի ծափ չես տվել: Մտածում ես՝ ի՞նչ կապ ունի, հիմա կբացատրեմ:

Ինչ վերաբերում է ապրիլի 7-ի համերգին. Գարիկ Պապոյանն ու Սոնա Ռուբենյանը բացօթյա համերգ էին կազմակերպել, հիշո՞ւմ ես… Մի երգի ժամանակ Գարիկը ասաց, որ հատուկ տակտով ծափահարենք, երգի համար երաժշտություն էր ծառայելու քո ծափը… Ես էլ ծափ էի տալիս ու նայում շուրջս, ուզում էի «բռնացնել» էն մարդկանց, ովքեր մտածում էին, որ իրենց ծափը ոչ մի բան չի փոխելու, ու ձեռքերը ծալած ուղղակի լսում էին:  Բարեբախտաբար այդպես մտածողները փոքրամասնություն էին, և երաժշտություն ամեն դեպքում ստացվեց ստեղծել:

Հիմա անցնենք բարևին: Չնայած արդեն գլխի ես ընկնում բարևի ու համերգի կապը, չէ՞… Երբ դիմում են հասարակությանը,  դու քեզ, չգիտես ինչու, հասարակության անդամ չես զգում, կամ չգիտեմ, միգուցե  քո դերը այնքան չես կարևորում, որ մտածես՝ խոսքը նաև քեզ էր ուղղված:

Բարևից ու համերգից սահուն կերպով կարող ենք անցնել քաղաքական ընտրություններ:

Կարծես այստեղ էլ քո ձայնը կարևոր չես համարում: Դու վաղը կասես «երկրը երկիր չի», ու կգնաս: Չէ, ես թեմայով էլ չեմ ուզում խորանալ, մենակ ուզում եմ քեզ գնահատես, ու մի բան էլ. հաջորդ անգամ, երբ գրեմ՝ բարև, քեզ եմ բարևում: Հա, հենց քեզ: Անպայման կպատասխանես, ես լսելու եմ: