angelina

Որտեղից սկսել

Երեկ երեկոյան ընկերուհիներով զրուցում էինք, ու հանկարծ նրանցից մեկը հարց տվեց.
-Երեխեք, այ օրինակ, որ լինեիք ամենակարող, ի՞նչ կանեիք, ինչ կփոխեիք էս կյանքում:

Ընկերուհիներիցս ամենքը տվեցին պատասխաններ հօգուտ իրենց:

-Այ, եթե ես լինեի ամենակարող, բոլոր վարսավիրանոցներն ու մոլերը կառնեի, մի մեծ տուն կառնեի ու ինձ համար կյանք կանեի: Ոնց որ ասում են. կյանքը` ուրախ, ապրուստը` ձրի,-ասաց նրանցից մեկը:

-Չէ, ես կթողնեի, Հայաստանից կգնայի,- ասաց մյուսը:

Մինչ նրանք կասեին իրենց կարծիքները, ես, նայելով աստղերին, ընկել էի երազանքների գիրկն ու պատկերացնում էի դրախտային Հայաստան:

-Երեխեք, նայեք հլը, Անգելն արդեն իրեն ամենակարող ա պատկերացնում: Լավ, դե ասա` տեսնենք դու ի՞նչ կանես, որ ամենակարող լինես:

-Դե եթե ռեալ նայենք քո ասածին, ապա ոչինչ էլ չեմ կարող անել, որովհետև ամենակարող միայն Աստված է: Իսկ եթե պատկերացմամբ, կբարելավեի Հայաստանի տնտեսությունն ու արդյունաբերությունը: Այնպես կանեի, որ Հայաստանը հարուստ լիներ ոսկու, քարածխի և նավթի հսկայական պաշարներով:

Խիստ  հսկողություն կսահմանեի «բնություն-մարդ» հարաբերությունների վրա: Ոչ թե, որ հիմա գրած ա`«Աղբ թափելը տուգանվում է` 30000 դրամ», բայց երբ այդ տարածքին նայում ես, մտածում ես 30 մլն-ի աղբ է թափված, ու նման է աղբանոցի:  Հետո էլ մարդիկ ասում են. «Գնանք` բնության գրկում հանգստանանք»: Բնությո՞ւն եք թողել, որ մի հատ էլ գնաք հանգստանաք:

Այնպես կանեի, որ ոչ մի ընտանիք քաղցած չմնա, այղ պատճառով աշխատատեղերը կավելացնեի: Հացը կդարձնեի անվճար, բայց մյուս մթերքների գները 1-2%-ով կավելացնեի:

Կրթությունը խիստ կերպով կհսկեի, որ ոչ մեկը չհամարձակվի կաշառք տա ու վերցնի, որպեսզի ոչ ոք չկարողանա առանց գիտելիքների ընդունվի և դեռ մի բան էլ, գերազանցությամբ դպրոց ու բուհ ավարտի, առանց ոչ մի բան իմանալու աշխատանքի ընդունվի ու, գումարած դրան, մարդկանց կյանքեր խլի:

-Լավ Անգել, հերիք ա:

-Չէ, թողեք` շարունակեմ: Ուր էի հասել: Հա, հիշեցի: Երեխաներին ու մեծահասակներին ով տարավ մանկատուն կամ ծերանոց, ազատազրկվում ա 5 տարով:

Հայոց բանակում զինատեսակների թիվը կշատացնեի, որ պետք եղած ժամանակ, առանց զոհերի թշնամուն հետ մղենք:

Հլը, մի րոպե, շատ առաջ գնացի: Մինչև այս ամենը իրականացնելը, կառավարությանը կփոխեմ: Ոչ թե հիմիկվա պես, որ մի բաժակ ջուրն իրենք միանգամից են խմում, իսվ ժողովրդին կաթիլներ էլ չի հասնում:

Դե, կարծում եմ այսքանից հետո կկրկնապատկվեր նաև բնակչության թիվը, կվերանար արտագաղթողների թիվը, ու անգամ մարդիկ կսկսեն ներգաղթել Հայաստան` բարեկեցիկ ապրելու: Երբ այսքանն անեի, նոր կանցնեի ձեր վարսավիրանսցներին ու մոլերին:

Երբ լռություն տիրեց, դարձյալ ընկա մտքերի մեջ: Բայց մի՞թե այս ամենն անելու համար ամենակարող պետք է լինել: