Ձգված պարապմունք

Երբ մոտ 15 օր պարապմունքի չես գնում, հետո գնալը` մի տեսակ դժվար է լինում: Սկզբի 30 րոպեն մի կերպ դիմացա: Հաջորդ 30-ը` չհասկացա ոնց անցավ: Դրան հաջորդող 30-ը` ստիպված էի լսել: Դե, նոր դաս էր`չլսելու իրավունք չունեի: Իսկ այ, վերջին 30 րոպեն,  իրոք, ծանր էր…

Դա այն պահն է, երբ անընդհատ, մեխանիկորեն ձեռքդ դեպի հեռախոսն է գնում, իսկ «նա» ժամը չի էլ փոխում:

Հերթական անգամ ձեռքս տանելով հեռախոսին, հանկարծ, պատուհանի գոգին տեսա նոր ծաղկած ծաղիկը:  Առաջին անգամ էի տեսնում այդպիսի ծաղիկ, ու այն ինձ շատ հետաքրքրեց:

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Ուսուցչուհիս զգաց, որ ուշադրությունս շեղվել է դեպի ծաղիկն ու սկսեց նրա մասին խոսել.

-Շա~տ սիրուն է, չէ՞: Առաջին անգամ է ծաղկում: Մի քանի տարի առաջ աշակերտներիցս մեկն է նվիրել:

Ուսուցչուհին պատմում էր, իսկ ես`անկեղծ ասած, չէի լսում, որովհետև մոտեցել և ուսումնասիրում էի «անծանոթուհուն»: Նայում էի ու մտածում. «Կարող ա` բնական չի՞: Թե՞ բացված կիվի ա: Կամ էլ վագրի կաշվի՞ց ա, եսի՞մ…»

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Լուսանկարը` Մանե Մինասյանի

Այսպես` մտածելով  ծաղկի մասին, հիշեցի, որ պարապմունքի եմ ու նորից հանեցի հեռախոսը, որն արդեն ցույց էր տալիս 19:45… Այսինքն մնացել է 15 րոպե: Նկարեցի գեղեցկուհուն ու վերադարձա պարապմունքից:

Այդպես էլ անունը չիմացա… Գուցե դո՞ւք գիտեք: