Sargis Melkonyan

Որ կոչվում է․․․

Առաջին ձյան հետ ակամա խորանում ես ամանորյա հրաշքի մեջ՝ ցրտահարված ձեռքերդ վառարանի մոտ տաքացնելով և Ձմեռ պապի մասին մտածելով։ Մի տեսակ ուրիշ աշխարհ է Ձմեռ Պապի մասին մտածելը․ ուզում ես հավատալ, տեսնել, զգալ, որ նա գոյություն ունի, սակայն երկրորդ պահին անհնար ես համարում նրա լինելը, բայց երրորդ պահին ուզում ես, որ հրաշք կատարվի, չորրորդում՝ երկմտում, բայց հետո ուզում ես հավատալ, ուզում ես դուրս վազել տնից՝ կիսաչոր մատներով, սառած, կարմիր քթով, ուզում ես դուրս վազել ու խրվել ձյուների մեջ՝ սառնության մեջ փնտրելու ամանորյա ջերմությունը․․․

Բայց հետո հասկանում ես, ու դեռ դուռը չբացած հետ ես դառնում։ Այո, ուրիշները քեզ գիժ են համարում, բայց դու ուզում ես հավատալ հրաշքին, ուզում ես․․․ Ու հենց այդ պայքարն է ներսումդ, որ ստիպում է մի պահ արտասվել․․․ Ու դու բացում ես համացանցը, որոնում Նոր տարվա մասին քո սիրելի երգերը, լսում․․․ Սիրտդ մի քիչ հովանում է, բայց դու դեռ ուզում ես հավատալ հրաշքին, դուրս ես վազում՝ ոչնչի մասին չմտածելով, վազում ես, մինչև ծնկները խրվում ձյան մեջ։ Ուզում ես լացել, արցունքներն ուզում են հոսել աչքերիցդ, բայց մի քանի կաթիլից հետո դադարում ես լացել, ու հասկանում ես, որ քեզ պատել է մի անհասկանալի զգացողություն, որ կոչվում է (ինքս էլ չգիտեմ, թե ինչ)․․․