Էրտանկ գըդնինկ կանաչ սարեր…

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Արագածոտնի մարզում երկու վեհանձն լեռների ստորոտում մի գյուղ է փռված՝ Մելիքգյուղը, որտեղ և ծնվել եմ ես: Կներեք, չներկայացա: Ես Լուսինեն եմ, Լուսը, Լուսնյակը, Լուսինը, ինչպես կուզեք, կամ ինչպես դիմում են ինձ: Անասելի շատ եմ սիրում գյուղական միջավայրը և հատկապես իմ գյուղը:Իմ մասին պիտի պատմեմ, բայց թեմայից անընդհատ շեղվում եմ: Թող գյուղս էլ պատմի իմ մասին…

1826-29թթ. ռուս-պարսկական պատերազից հետո Թուրքմենչայի պայմանագրով հայերին արտոնվում է իրենց ցանկությամբ Պարսկահայաստանից տեղափոխվել ռուսական սահմանները: Եվ հայերի զգալի մի զանգված տեղափոխվում է Արևելյան Հայաստան, որոնց մեջ և իմ նախնիները, ովքեր Մշո Ալաշկերտից գալիս և հասնում են Արարատյան դաշտ: Արարատյան դաշտի շոգերից դժգոհ, հեղինակավոր մարդկանցից մեկը դիմում է ժողովրդին.

-Հ’օդա չարխին տըրեխ կըսին, բ’երնին ռեխ կըսին, մոձագ հ’ելե մառտ կըխեխտա, շոկ լե մառտու բեն կըկըդրա: Էդա մեր տեխ չէ: Քէլեկ, լաո, քէլեկ էրտանկ, էրտանկ գըդնինկ կանաչ սարեր, պաղ հ’ախպըրներ, զուլալ ջըրեր…

Եվ գալիս ու հաստատվում են Ապարանի շրջանի գյուղերում, ինչպես նաև Մելիքգյուղում, որն ըստ ուսումնասիրությունների, բնակեցված է եղել հինգերորդ դարից սկսած:

Ինչպես իմացաք, արմատներով մշեցի եմ, ավելի ճշգրիտ` Ալաշկերտից, բայց այժմ մեզ ասում են ապարանցի: Դեմ չեմ, ապարանցի լինելն էլ է պատիվ:

Այ, հիմա մի քանի խոսք իմ մասին: Աշխարհում ինչքան խելքին մոտ ու հեռու բան կա, բոլորով հետաքրքրվում եմ, բայց առաջնային՝ քաղաքականությամբ, մշակույթի բոլոր ճյուղերով, կրթությամբ և մարդկային կյանքերով՝ դժբախտ ու երջանիկ: Սիրում եմ փիլիսոփայել տարբեր թեմաներով, վիճել, բայց միայն բանավոր:

Էլ ինչ ասեմ, կարծես ամեն ինչ ասված է, ինչն էլ չեմ գրել, թողել եմ ընթերցողի վառ ու բարի երևակայությանը այն հույսով, որ ընթերցողս միայն հեքիաթներ ու առասպելներ չի կարդացել…