Gayane Avagyan

Ուզում եմ հետ տալ ժամանակը

-Գայուշիկ, արի իջնենք բակ: Գիտես, մեր բակ նոր երեխաներ են եկել. համ կխաղանք, համ էլ կծանոթանանք:

Էլի ընկա մանկության գիրկը: Նարեկի ձայնն էր, բակ էր կանչում խաղալու: Ես էլ հո չէի՞ կարող ասել`ոչ: Ախր, մյուս տարի դպրոց եմ գնալու, էլ ե՞րբ եմ հասցնելու բակային խաղերին ժամանակ տրամադրել: Մի կողմից` Նարեկի ձայնն եմ հիշում, մյուս կողմից` մայրիկիս.

-Ամբողջ օրը դրսում ես, Գայանե ջան: Բալես, մյուս տարի դպրոց ես գնալու, փոխանակ գաս ասես. «Մամ, ինձ տառ գրել սովորեցրու»,- միանգամից վազում ես դուրս:

-Մամ, ախր դաս միշտ էլ սովորելու եմ, բայց հո մի՞շտ չի, որ կարողանալու եմ բակում «գործնագործ», «անունգոռոցի» ու «կլաս» խաղալ: Չէ, իջնում եմ դուրս: Դաս անելու համար տասներկու տարի եմ ունենալու, հաստատ կհասցնեմ: Դպրոցի ժամանակ հաստատ ինձ չեք թողնելու գնամ ընկերներիս հետ խաղալու:

Ճիշտ նկատեցիք`չարաճճի ու չլսող երեխա եմ եղել: Դե, հիմա էլ տասնյոթ տարեկան եմ, բայց շատ չեմ փոխվել` չարաճճիությունից մի մասնիկ դեռ մոտս պահում եմ:

Գիտեք, երբ ասում են քո մասին պատմիր, միանգամից ինձ փոքր տարիքում եմ հիշում: Իմ բակը, ընկերներիս, հա, ու մեր բակի ջղային տատիկներին:

Փոքր տարիքում կարծում էի, թե մեր շենքի տատիկների աչքի փուշն եմ, բայց հիմա տեսնելուց այնպես ջերմ զրույց են անում հետս: Ահա Սեդա տատիի խոսքերն  էլ հիշեցի.

-Գնացեք շենքի դիմաց խաղացեք, ի՞նչ եք եկել մեր լուսամուտի տակ գոռգոռում: Մի րոպե չեք թողնի մարդ աչք փակի:

Մայրս էլ ասում էր, որ մեծերին չպատասխանեմ, ու ինչ ասում են` խելոք լսեմ: Ես էլ խոստանում էի իր ասածով անել, ճիշտ է, միայն խոստանում էի: Դե, փոքրիկ էի, չէի հասկանում:

Մեր բակի «բիսեդկան» էլ հիշեցի:  Թաղի տատիկները հավաքվում էին այնտեղ, սկսում ասել-խոսելը: Հա, հիշեցի. հատուկ ժամ ունեին հավաքվելու համար` կեսօրին, երբ գործերը արած-պրծած էին լինում, այդ ժամանակ բամբասելունն էր հերթը: Մենք էլ երեխեքով առավոտյան հավաքվում էինք այնտեղ ու ճաշ էինք պատրաստում: Էհ, ինչ ճաշ էր` էլ ծառի տերևներով, էլ հող-ավազով, էլ մեծ ու փոքր քարերով: Հետո էլ ուրախ-ուրախ տիկնիկներին նստեցնում էինք ու խեղճերին կերցնում:

Հեյ գիտի, օրեր: Գիտեք, մեկ-մեկ ուզում եմ վերադառնալ մանկություն: Ընկերներիս տեսնել, մեր ջղային հարևաններին` խոսք եմ տալիս, կլսեմ մայրիկիս ու էլ տատիկներին չեմ ջղայնացնի, մեր բակի բուսականությունն էլ  չեմ վնասի: Ոնց որ ասում են`խելոք բալիկ կլինեմ:

Ուզում եմ հետ տալ ժամանակը…