Ուզում եմ ստեղծագործել ակտուալությունից դուրս

Հարցազրույց նկարչուհի Գոհար Մարտիրոսյանի հետ

-Ինչպե՞ս որոշեցիք դառնալ նկարչուհի: Ի՞նչ կրթություն եք ստացել: 

-Նկարիչներն ասում են, թե սովորելն անհնար է. նկարել կա՛մ կարող ես, կա՛մ ոչ, բայց դա իրականում պարզապես կարծրատիպ է: Նկարել սովորել հնարավոր է, չեմ կարծում, որ դա իմ ընտրությունն է եղել, չեմ էլ կարծում, որ ես մի օր նստել որոշել եմ, թե ինչ պետք է անեմ, ուղղակի ընտանիքումս տեսել են, թե ես ինչպես եմ ինչ-որ բաներ խզբզել, հետո խոսել են դրա մասին, և այդ խոսակցությունները ինձ ներշնչել են: Մարդիկ կողքից, դպրոցում սկսեցին ինձ նկարչուհի անվանել: Դպրոցում նկարչության դաս կար, որին ես չէի սպասում այնպես, ինչպես, օրինակ, տղաները ֆիզկուլտուրայի դասին: Այդքան շատ չեմ սիրել նկարելը, ուղղակի ես գիտեի՝ ես ով եմ: Իրականում շատ վտանգավոր է, երբ քեզ ներշնչում են, կողքից ավելի շատ են ասում, թե դու ով ես:

-Դուք ստեղծագործում եք Գյումրիում, ի՞նչ է տալիս Ձեզ Գյումրին, ի՞նչ դժվարությունների եք հանդիպում այստեղ, և, ընդհանրապես, Ձեր ժանրում, նկարչության մեջ: Ինչպե՞ս եք փորձում զարգանալ արվեստի մեջ:

-Ինչ-որ բաներ կան, փոխակերպվել է իմ արվեստը այստեղ և այլ ձևով է ընթացել, բայց ես փորձում եմ այն «անտարածություն» դիտարկել: Գյումրին շատ կարևոր է, երբեմն ինձ համար շատ փակող, բայց հիմնավոր է ինձ դարձնում: Այդ ստատիկությունը, որ կա Գյումրիում, ինչ-որ ձևով իրեն շատ հիմնավոր է դարձնում: Օրինակ՝ քանդակը չես կարող տեղափոխել, որովհետև այն ծանր է, բայց այդ ծանրության մեջ այնքան մոնումենտալիզմ կա: Դա ավելի հիմնավոր է, քան այն արվեստները, որոնք ստեղծում ես ինչ-որ քամոտ տարածության մեջ՝ այլ երկրներում: Դրանք ավելի անհիմն են ու անցողիկ, քան թե Գյումրիում ստեղծվածները: Դա Գյումրիի յուրօրինակությունն է:

-Ի՞նչ արձագանքներ եք ստանում մարդկանցից Ձեր աշխատանքների վերաբերյալ: Ցուցահանդեսներ ունենո՞ւմ եք: Հաճա՞խ եք ցուցադրում Ձեր աշխատանքները:

-Ես ունենում եմ ցուցահանդեսներ, բայց իրականում շատ դժվար է ցուցահանդեսներ ունենալ: Ես ամենաշատը չեմ սիրում իմ գործերը: Ինձ չի բավարարում ոչ թե այն պատճառով, որ վատն է, այլ երբ դու անում ես այդ գործը, քեզ համար արդեն սկսում է իմաստազրկվել, քանի որ դու աճում ես, ինչ-որ մի տեղ ես հասնում, որտեղ դու արդեն արել ես դա, դու արդեն դա չես: Երբեմն լինում է, որ մարդիկ ասում են՝ սա դու չես, դա է ամենակոպիտ քննադատությունը: Մարդիկ գիտեն, թե դու ով ես, ու երբ նայում են գործդ, ասում են, որ դու էստեղ կեղծել ես: Դա է երևի ամենածանրը, երբ դու անկեղծ ես քեզ հետ, ասում են, որ խաբեցիր, իսկ ինչո՞ւ խաբեցիր, որովհետև ինչ-որ պատճառներ կան, որոնք ավելի սոցիալ են: Մարդիկ, որոնց կարծիքը ինձ համար կարևոր է, երկու-երեք հոգի են, շատ չեն, մյուսները ամբոխ են, որի կարծիքը կարևոր չէ:

-Կպատմե՞ք, թե ինչպես են ծնվում Ձեր աշխատանքները, ի՞նչն է Ձեզ ուղղորդում դեպի նկարը:

-Այսպիսի արտահայություններ կան անգլերենում՝ Drawing՝ նկարչություն ու Visual art՝ պատկերավոր արվեստ: Սրանք գրեթե նույնն են, որովհետև Drawing-ն էլ է պատկերավոր արվեստ, բայց ինչ-որ տարբերություն կա: Այն, ինչով ես զբաղվում եմ, ավելի շատ պատկերավոր արվեստ է, այլ ոչ թե նկարչություն: Հիմա ես մատիտը չեմ վերցնում նկարում, նկարչությունն այն է, երբ դու կարողանում ես պատկերել աշխարհը, մարդուն, աթոռը կամ բարձը, ու քեզ սկսում է չբավարարել ինչ-որ բան, դու ավելի շատ ուզում ես պատկերել ուրիշ միջոցներով: Պատկերել, օրինակ, լույսի միջոցով: Արևն էլ է պատկեր, բայց դա կարող ես, օրինակ, էլեկտրական լույսով պատկերել, այնպիսի բաներով, որոնք ընդունված գործիքներ չեն նկարչության մեջ՝ վրձին ու կտավ չեն, բայց պատկեր են, որը ոչ թե ստեղծում է երկրաչափական նկարչություն ինչ-որ դատարկ հարթության վրա, այլ ավելի տարածական է:

-Ի՞նչ կասեք մեր օրերում արվեստագետների մասին, նկարիչների մասին: Արդյո՞ք նրանք շատ են: Ի՞նչ է մեր օրերում նկարչությունը Ձեզ համար և ընդհանրապես:

-Կարող եմ ասել, որ չկա այն արվեստը, որ ես գնամ պատկերասրահ, ու ինձ հպվի այն, ինչ ես տեսնում եմ: Այդպես արդեն երևի մի երեք տարի չի եղել: Ինձ համար ավելի արվեստին մոտ են խոսակցությունները, որոնք լինում են Գյումրիում կամ Հայաստանում: Ավելի շատ խոսվում է այն մասին, թե ինչու հնարավոր չէ արվեստ ստեղծել, և դա ինքնին արվեստ է: Այդ զրույցները շատ ավելի արվեստ են, քան այն, ինչն արվում է: Շատ դժվար է, երբ թափանցիկ տեսնում ես նկարիչների մոտիվացիայի աղբյուրը, այն, թե որտեղից է գալիս իրենց նկարչությունը: Դա ավելի շահավետ է, իրենք էլ, եթե տաղանդավոր են, սկսում են շահավետ բաներ անել, չեն գիտակցում երբեմն, ինքնախաբեության եզրին են: Կան մարդիկ, որոնք չգիտեն՝ ով են, դա էլ է շատ ծանր ինձ համար: Չեմ կարող ասել, որ ինչ-որ մարդիկ կան, որոնք ինձ ոգեշնչում են: Իմ ընկերները հիմնականում գրողներ են կամ կինոռեժիսորներ, բայց կան մարդիկ, որոնց հետ ես կարող եմ խոսել արվեստից նույնիսկ առանց շեշտելու, որ դա արվեստի մասին խոսակցություն է: Հիմա այս խոսակցությունն էլ է ինձ համար ինչ-որ ձևով մոտ դրան:

-Ովքե՞ր են ձեր սիրելի նկարիչները կամ արվեստագետները, որ ձեր ուշադրության կենտրոնում են:

-Կինո եմ շատ սիրում, բայց դա շատ փոխվող է: Չնայած, որ Անդրեյ Տարկովսկու սիրահար եմ, չեմ կարող հիմա նրա անունն ասել: Նաև Քրիս Մարկերին եմ սիրում, մի երկու հատ փաստագրական ֆիլմ ունի, որոնք ներշնչանքի աղբյուր են ինձ համար: Փորձում եմ այդ «փաստագրականությունը» բերել պատկերավոր արվեստ: Դեռ չեմ գտել գործիքները, բայց, համենանայն դեպս, դա շատ օգնում է:

-Ի՞նչ ծրագրեր ունեք:

-Ես շատ ռադիկալ եմ: Մտածում եմ գնալ ինչ-որ տեղ, որտեղ չեմ եղել, տեսնել ինչ-որ բան, որ չեմ տեսել: Բայց դա լինի լրիվ անշահ ու ազատ: Մի բան կա արվեստում, երբ դու ստեղծագործում ես, որովետև դա պահանջում է շրջապատդ: Օրինակ՝ քարերը հիմա լավ ծախվում են, այդ թեմայի շուրջ ստեղծագործելը շատ ակտուալ է, մանավանդ, որ մենք մեծ սփյուռք ունեցող երկիր ենք: Ուզում եմ ստեղծագործել ակտուալությունից դուրս, այդ ակտուալությունը ինքս ստեղծել, նույնիսկ՝ եթե չընդունվի: