Mariam barseghyan

Ուղիղ եթեր

Ի՞նչ ակնկալիքներ ունեմ հիմա, երբ արդեն անցյալում են քարոզարշավները, ընտրությունները, ընտրական վեճերը…

Ամեն ինչ հնի պես է. նույն հույսերը, նույն սպասելիքները: Հիմա այնպես, ինչպես երբեք ցանականում եմ փոփոխություններ տեսնել: Եթե առաջ ասում էի, որ գոնե մի քիչ ինչ-որ բան փոխվի, ապա հիմա այդ մի քիչը հաստատ չի բավարարի:

Ես ակնհայտորեն սպասում եմ շրջադարձային փոփոխությունների: Սպասում եմ մեծ պայթյունի, Անգլիայի «Փառահեղ» հեղափոխության նման ինչ-որ բանի: Ուզում եմ իմ երազած Վանաձորը գետնի տակից դուրս գա: Երազածս էլ շատ մեծ բան չի, կարևորը` մարդիկ ժպտան ու էլ բակում նստած տատիկների մոտով անցնելիս չլսեմ խոսքեր այն մասին, որ Վանաձորը ապրելու տեղ չի:

Երթուղայինի վերջում նստած նայում եմ շուրջ բոլորս ու ականջիս ծայրով լսում, թե ով ինչ է խոսում.

-Շուտով, որ ինչ-որ քվեարկություն անեն կպարզվի, թե ով իրականում ում էր քվեարկել…

-Բայց տեսա՞ք ոնց «պայթեցին»…

-Ո’չ նորմալ ընդդիմություն կա, ոչ էլ իշխանությունն ա մի բան…

Լսելով գալիս եմ այն եզրակացության, որ ո’չ ընտրություններն են անցյալում, ո’չ էլ քարոզարշավները: Հա, նույն անհասկանալի մրցաշարն է, մենք էլ ուղիղ եթերով նայող հեռուստադիտողը:

Մեկ էլ ֆեյսբուքիս պատին նորընտիր քաղաքապետի երդման մասին նյութ եմ տեսնում ու միանգամից փոխում եմ ալիքը, կտրվելով կողքի խոսակցություններից: Ալիքը փոխում եմ, միացնում եմ երդման արարողության մասին լուրերը ու ականջակալներիս միջից ուշադիր լսում եմ ամեն մի բառը և մեկ առ մեկ ուղեղիս մեջ քննում բառի իմաստն ու անկեղծությունը: Ու երդման ամեն բառի մեջ մի տեսակ հույս եմ տեսնում ու անկեղծորեն ուզում եմ հավատալ, բայց ցավոք, առանձնապես բառերին հավատալու սովորություն չունեմ:

Ի՞նչ եմ ակնկալում ես…

Երևի ակնկալում եմ, որ ակնկալիքներս կարդարացվեն…