Shushan stepanyan

Ուղղակի հանդուրժել

Այնքան բանի պակաս կա հիմա՝ ազնվության, անկեղծության, սրտացավության, հանդուրժողականության: Եվ ամենից շատ, երևի, հանդուրժողականության պակաս է զգալի:

Մի անգամ տրանսպորտի մեջ ընդհարում եղավ մի կնոջ պատճառով, ով շատ բորբոքված ու կոպիտ կերպով սկսեց կռիվ անել վարորդի հետ: Ու գիտե՞ք՝ ինչու. վարորդը լսում էր այնպիսի երաժշտություն, որը բնավ այդ կնոջ ճաշակով չէր: Հստակ չեմ էլ հիշում, թե ինչ երգ էր, բայց ասեմ, որ այնպես չէր, որ իմ կամ մնացած ուղևորների սրտով ու ճաշակով էր, բայց մենք լուռ լսում էինք. մի քանի րոպե, և ամենքս կիջնեինք մեր կանգառում, ու վերջ:

Այդ կինը հավանաբար ուսուցչուհի էր՝ խիստ հայացքով, չափազանց պաշտոնական հայերենով ու գրքերի մի մեծ կապոց ձեռքին: Դե, հա, ճաշակին ընկեր չկա, ամենքս մեր հոգուն, գաղափարներին մոտ երգեր ենք նախընտրում: Ինձ թվում է՝ այդ կինը կլսեր Չայկովսկի կամ Վիվալդի, բայց դժվար թե ավտոբուսում հաճելի լիներ նմանատիպ երաժշտությունը: Գուցե այդ կինն իրո՞ք չէր կարողանում դիմանալ, լսել այդ երգը, բայց, լավ, ասելուն էլ ձև կա, խոսելուն էլ: Գոնե հարգանք պիտի լինի այն մարդու նկատմամբ, ով քեզ տուն է հասցնում ապահով: Հեչ պարտադիր չէր ավտոբուսով մեկ կռիվ անել մի երգի համար: Մի քանի րոպե է էլի, դիմացեք, գնացեք տուն ու վայելեք ձերը:

Այնքան բան կա կյանքում ոչ հաճելի, ոչ մեր սրտով: Եթե ամեն անգամ կռիվ անենք, կորցնենք հանդուրժելու ու դիմացինի ճաշակն ընկալելու, նրան հարգելու կարողությունը, շատ բան մենք կկարցնենք՝ երջանկության մի պահ, ժպտալու մի առիթ…

Ես անգամ հաճույք եմ ստանում տրանսպորտով երթևեկելիս, հատկապես երկարատև. այնքան բան եմ տեսնում, վերլուծում, այնքան հայացք եմ ապրում ու այնքան բան սովորում:

Հանդուրժենք միմյանք հանուն նրա, որ մարդ ենք: