hasmik givargizyan

Ուշացած անակնկալ

Մոտենում էր հունվարի 28-ը, աշակերտական խորհրդի աղջիկներով որոշեցինք կազմակերպել միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի տոնին: Մնացել էր ընդամենը 10 օր, ինչը մեզ այդքան էլ չէր անհանգստացնում: Մենք ունեինք գաղափար, իսկ գաղափարը՝ ասելիք: Մեկ օրվա մեջ գտանք անհրաժեշտ ամեն ինչը, իսկ հաջորդ օրը կազմեցինք ծրագիրը: Ամեն ինչ արեցինք ինքներս, առանց որևէ ուսուցչի անմիջական օգնության: Բայց չի կարելի ասել, որ նրանք մեզ չէին օգնում, նրանք էլ իրենց հերթին որոշ հարցերում ընդառաջում էին մեզ: Եվ այսպես, 4 օր մինչ միջոցառումը, մասնակիցներից մեկը հիվանդացավ ու չկարողացավ մասնակցել մնացած փորձերին: Նրա խոսքերն ուրիշները սովորեցին, թվում էր՝ ավելի դաժան բան չէր կարող լինել, բայց միջոցառման նախորդ օրը երկու երաժշտական համար ունեցող երեխաներից մեկն էլ հիվանդացավ: Դե իհարկե, չէր կարող չէ՞ ամեն ինչ հարթ ընթանալ: Մի կերպ գտանք նրա երաժշտական համարներից մեկի «պլյուսը», քանի որ բեմադրված պար կար: Իսկ մյուս երգը միջոցառումից երկու ժամ առաջ սովորեցինք ու կատարեցինք: Ամենահետաքրքիրն այն էր, որ միջոցառումն անցավ ավելի լավ, քան սպասում էինք: Որպես հիմնական կազմակերպիչ, երևի բոլորից շատ ես էի հուզվում, բայց փորձում էի ինձ «ձիգ» պահել, ախր, ես թուլանալու իրավունք չունեի: Միջոցառման վերջին հատվածում թե՛ մասնակիցները, թե՛ ուսուցիչներն արտասվում էին: Նայում ու չէի հասկանում, թե ինչո՞ւ: Բայց երբ միջոցառումը վերջացավ, ու տնօրենը սկսեց խոսել, մի հայացք գցեցի մասնակից ընկերներիս թաց աչքերին ու անկախ ինձանից սկսեցի արտասվել: Տեսնես, ես էլ էի՞ զգում նույնը, ինչ ընկերներս: Տարօրինակ է, այնքան էի տարվել լացովս, որ չհասկացա, թե ինչպես տնօրենն ավարտեց իր խոսքը, և ուսուցիչներն իրենց շնորհավորական ու շնորհակալական խոսքերով մոտեցան մեզ: Իսկ մեր աչքերը թաց էին, ու երևի լացս թեմայի հետ այնքան էլ կապ չուներ:

-Երեխեք ջան, լաց մի՛ եղեք, զինվորին արցունքներով չեն ճանապարհում,- ասաց ուսուցիչներից մեկն, ու ինձ համար արցունքները բաժանվեցին երեք խմբի՝ ուրախության, տխրության և զինվորի համար թափված… Հիմա մտածում ու հասկանում եմ, որ արցունքներս երջանկության էին, որ առանց մեծերի օգնության կարողացանք մի լավ բան անել մեր դպրոցի համար: Հիմա, երբ գիտենք սեփական աշխատանքի քաղցր պտուղների համը, անպայման կշարունակենք: Չէ՞, երեխեք: Հպարտ եմ, որ ձեզ պես ընկերներ ու ուսուցիչներ ունեմ…

Հ.Գ. Միջոցառումը տեղի ունեցավ հունվարի 30-ին, սակայն ի՞նչ տարբերություն, մեզ համար ամեն օրը զինվորներին նվիրելու տոն է։