hasmik vardanyan

Հարսանիքների շրջանը

Բարի օր, սիրելի ընթերցողներ: Հիշո՞ւմ եք, թե՞ արդեն մոռացել եք ինձ: Բա չմոռանաք, ի՞նչ պիտի անեք. արդեն 25 օր է, ինչ նյութեր չեմ ուղարկել: Ես հիմնականում նյութեր եմ ուղարկում շաբաթ և կիրակի օրերին, բայց այդ օրերին էլ հարսանիքների էի հրավիրված` մի օր հորաքրոջ տղայի, մի օր հորեղբոր աղջկա, ու այդպես շարունակ: Դե, քանի որ իմ պասիվանալու պատճառը հարսանիքներն էին, այսօր կգրեմ դրա մասին:

Չգիտեմ՝ քաղաքում ինչպես է, բայց գյուղական շրջաններում հարսանիքները լինում են նոյեմբերից մինչև փետրվար։ Հունվարից մինչև փետրվարի 13-ը ազատ հարսանյաց սրահներ դժվար թե հնարավոր լինի գտնել: Ես հազիվ եմ հիշում այնպիսի մի դեպք, երբ հարսանիքի մասնակցած լինեմ ամռանը կամ գարնանը:

Բայց ինչպես ամեն ինչը, հարսանիքներն էլ են հիմնված հակադրությունների վրա և ունեն իրենց դրական և բացասական կողմերը: Տանենք զուգահեռներ․դե, սկզբում ասացի, որ հարսանիքները լինում են ձմռանը: Ձմռանը կա մի կարևոր խնդիր`ցուրտը: Օրինակ՝ հարսանիքին պետք է ներկա գտնվես եկեղեցական արարողությանը: Գնում ես, մինչև այդ 1 ժամվա ընթացքում փեսան և հարսը, տեր և հնազանդ լինելու երդում են տալիս, ներկա գտնվողների ականջի ծայրից, մինչև ոտքերի մատները այնպես է սառչում, որ չեն էլ լսում, միայն մտածում են, թե երբ է ավարտվելու, որ հասնեն տուն, մի փոքր տաքանան: Հետո գնում ենք հարսանյաց սրահ։ Լինում են դեպքեր, երբ սրահներն էլ են ցուրտ լինում, ու արդեն գիտակցում ես, որ հաջորդ օրը հիվանդ ես լինելու:

Եթե հարսանիքները լինեն ամռանը, թվարկած բոլոր բացասական կողմերը կդառնան դրական, բայց այստեղ կգա ամենամեծ բացասական կողմը, որը ձմռան հարսանիքների ժամանակ ամենակարևոր դրական կողմն է։ Դա տղամարդկանց ներկայությունն է, ինչու չէ՝ նաև փեսայի: Ցավոք, գյուղական վայրերում ստիպված են ձմռան շրջանում հարսանիքներ անել հենց այդ պատճառով. Տղամարդիկ արտագնա աշխատանքի են: Ինչպես ասացի՝ շատ հաճախ նաև փեսան է արտագնա աշխատանքի լինում, և այստեղ ի հայտ է գալիս ամենատխուր պահը. Հարսանիքից հետո, երբ արտագնա աշխատանքի ժամանակն է լինում, փեսան թողնում է նորահարսինտանը, իսկ ինքը ստիպված տղամարդկանց հետ մեկնում մինչև հաջորդ ձմեռ: