Sose Zaqaryan

Ուսանողական գույներ

Բարև Ձեզ, ինչպե՞ս եք։ Ուզում եմ կրկին պատմել իմ ուսանողական կյանքի մասին։ Դե, արդեն համարյա մեկ տարի կլինի, ինչ ուսանող եմ. արդեն ինտեգրված եմ ուսանողական կյանքին։ Համալսարանում սովորելու օրերից ամենաշատը սիրում եմ այն օրերը, երբ դասը լինում է Չարենցի դահլիճում: Ասեմ՝ ինչու․ սիրում եմ Չարենցի դահլիճի պատուհանից նայել Չարենցի փողոցին։ Մեկ էլ սիրում եմ այն օրերը, երբ հասցնում եմ առավոտյան նստել իմ սիրելի 1 համարի տրոլեյբուսը։ Բայց դե ուսանողական կյանքը չի ավարտվում 1 համարի տրոլեյբուս նստելով և Չարենցի դահլիճից Չարենցի փողոց նայելով։ Ինչպես գիտեք կամ չգիտեք, ուսանողների «դարդ ու ցավը» այս օրերին քննություններն են։ Մեկը մեկից դժվար, մեկը մեկից ծավալուն։ Ուսանողի հոգեբանություն է՝ ամեն ինչ թողնել վերջին օրվան։ Դե, իհարկե, ես չեմ տարբերվում բոլորից։ Եթե առաջին կիսամյակում առաջին միջանկյալ քննությունները երեքն էին, հիմա արդեն այդ թիվը կրկնապատկվել է։ Դե, մենք կարողանում ենք պատվով հաղթահարել այդ փորձությունը։ Գիտե՞ք՝ հիմա ինչ եմ երազում, որ առավոտյան զարթուցիչս էլ հինգն անց երեսուն րոպեին չզնգա։ Իմ զարթուցիչի երաժշտությունը ես նույնացնում եմ քննության հետ։ Անգամ եթե քննության չեմ ու պատահական լսում եմ այդ երաժշտությունը, անկախ ինձանից տագնապ է առաջանում։

Ինչ գլուխներդ ցավեցնեմ, այնքան ծանրաբեռնված ենք, որ չենք էլ կարողանում հետևել մեր քաղաքական անցուդարձին։ Մեկ-մեկ էլ հասցնում եմ մերոնց կարոտել, երբեմն զանգում եմ ու դիտմամբ հեռախոսը չեմ անջատում և լսում եմ, թե ինչ է կատարվում մեր տանը։ Այդ ժամանակ ինձ թվում է՝ ես էն անհոգ աղջիկն եմ, ով դպրոցից նոր է եկել տուն և նստած բազմոցին պատմում է նորությունները տատիկին։ Երբեմ լսում եմ, թե մեր հարևանները ինչպես մտան մեր տուն, ինչ հարցրեցին; Հավատացեք, շատ է օգնում այս խորամանկությունը։

Մնաց մի երեք քննություն: Դրանք էլ, որ հանձնեմ, անպայման կպատմեմ այդ մասին։ Ընդմիջման ժամս վերջացավ, դե, ես գնամ պարապելու։ Մնաք բարով: