marine ghahramanyan

Ուսանողուհին սահմանապահ գյուղում

Մոտ մեկ ամիս առաջ սահմանին լարված իրավիճակ էր, բոլորս մի բուռ դարձած աղոթում էինք մեր քաջարի մարտիկների համար, իսկ այսօր կարծես թե խաղաղություն է։ Ինչպե՞ս է կյանքն ընթանում սահմանին կրակոցների ժամանակ և կրակոցներից հետո, ի՞նչ նպատակներ, երազանքներ ունի սահմանին ապրող երիտասարդը։

Սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուրի բնակչուհի, ապագա բանասեր 19-ամյա Մերի Առաքելյանը խոսում է իր զգացողությունների, նպատակների, երիտասարդների, հակառակորդի կողմից թիրախավորված գյուղի մասին։

«Կրակոցների ժամանակ զգացումներս, զգացմունքներս, ամենը խառնվում են իրար, հատկապես, երբ գիտեմ, որ հայրիկս դիրքերում է, դրանից ավելի եմ լարվում, ասում են՝ մի անհանգստացիր, գյուղի վրա կրակոց չկա, այդ ժամանակ ես ավելի եմ սարսափում, քանի որ հայրիկիս մասին շատ եմ մտածում ու ոչ միայն հայրիկիս, հիմա բոլոր սահմանին կանգնած տղաները մեզ համար և՛ հայր են, և՛ եղբայր։ Նրանց բոլորի կյանքը ինձ համար մեծ նշանակություն ունի։ Կրակոցների ժամանակ ոչ միայն իմ մասին եմ մտածում, այլ նաև համագյուղացիներիս, կարծես մի մեծ ընտանիք լինենք, ովքեր միասին պետք է պայքարեն այս ամենի դեմ։ Պետք է միասնական լինենք ու կարողանանք դիմակայել այս ամենի դեմ, քանի որ վատ ժամանակներ են հիմա թե՛ հայոց ազգի համար, թե՛ ընդհանրապես աշխարհի համար»։

Չնայած նրան, որ մեզնից շատերը միշտ ցանկանում են ինչ-որ բան փոխել իրենց շրջապատում, համայնքում կամ ընդհանրապես աշխարհում, Մերին գյուղը սիրում է այնպիսին, ինչպիսին այն կա, ցանկանում է ոչ թե ինչ-որ բան փոխել գյուղում, այլ ավելացնել։

«Գյուղում ոչինչ չէի փոխի, ավելի շատ կավելացնեի։ Չնայած նրան, որ դպրոցն ունի հարուստ գրադարան, այնուամենայնիվ, կցանկանայի գյուղն ունենար մեծ գրադարան իր ընթերցասրահով, որտեղ մարդիկ կկարողանային իրենց ժամանակն անցկացնել, գրականություն կարդալ, այնպիսի մի վայր, որտեղ, թե՛ մեծերը, թե՛ մանկահասակները, դեռահասները իրենց լավ կզգան ու կկարողանան իրենց գտնել այդտեղ։ Բոլոր ինձ ճանաչող մարդիկ գիտեն, որ ես շատ-շատ եմ սիրում իմ գյուղը և երբեք չեմ մտածել գյուղից հեռանալու մասին, անգամ ցանկություն ունեմ, թեկուզ կարճ ժամանակ, բայց ուսումս ավարտելուց հետո գալ և փորձել ինչ-որ բանով օգնել գյուղիս, թեկուզ մասնագիտական առումով, որպեսզի կրթեմ երեխաներին, հայրենաճանաչություն դասավանդեմ, մարդկանց օգնեմ սիրել գրականությունը։ Իրականում իմ բոլոր պլանները կապված են գյուղիս հետ։ Ես այն կարծիքն ունեմ, որ մարդիկ իրենց ներսից պետք է հանեն այն կարծրատիպը, թե քաղաքի և գյուղի երեխաների միջև տարբերություն կա, կամ հենց այն մարդը, ով ապրում է գյուղում, չպետք է կարծի, որ ինչ-որ բանով պակաս է։ Օրինակ՝ ես հպարտ եմ իմ արմատներով, իմ՝ գյուղացի լինելով, իմ ապագան տեսնում եմ հենց գյուղում։ Հնարավոր է հետագայում դասավորվի այնպես, որ ես գյուղում չապրեմ, բայց բազմաթիվ պլաններ ունեմ, որոնք պետք է իրագործեմ գյուղում։

Կրակոցներից մեկ ժամ էլ չանցած՝ մարդիկ նորից իրենց բնականոն կյանքով են ապրում, որովհետև տունը, իրենց գործը մարդկանց են սպասում, մեզ են սպասում։ Երբ կրակոցները վերջանում են, մարդիկ դուրս են գալիս նկուղներից, ապաստարաններից և անմիջապես վերադառնում իրենց գործերին։ Մարդկանց մեծ մասը գյուղատնտեսությամբ զբաղվելով է ապահովում իր օրվա ապրուստը, եթե չաշխատեն, չեն կարող ապրել։ Դրա համար էլ անմիջապես կրակոցներից հետո գյուղը վերադառնում է իր բնականոն կյանքին։

Կցանկանայի, որ երիտասարդներն ավելի ուսումնատենչ լինեին, բազմակողմանի զարգացած, այսինքն՝ երբեք չկանգնեին մի կետի վրա, այլ ձգտեին անընդհատ նորանոր բաներ սովորելուն, քանի որ ինչքան գիտելիք ես պահեստավորում քո ուղեղում, տեսնում ես, որ այդքան դատարկ մաս է մնում, այդքան սպիտակ էջեր կան, որ պետք է լրացնենք։ Դրա համար կցանկանամ, որ երիտասարդները չլճանան և անընդհատ շարժվեն առաջ։

Նույնիսկ կրակոցների ժամանակ, երբ հակառակորդը կրակում էր մեծ տրամաչափի զինատեսակներից, երբեք դուրս չեմ եկել գյուղից, չգիտեմ՝ դա լավ է, թե վատ, բայց երբեք չեմ մտածել հեռանալ գյուղից, քանի որ Ներքին Կարմիրաղբյուրում է անցել իմ մանկությունը, պատանեկությունը։ Ամուր կառչած եմ իմ հողին»,- իր խոսքը եզրափակեց սահմանին ապրող երիտասարդ Մերի Առաքելյանը։