«ՈՒրախ» ավտոբուս

-Վերջապես,- վեր թռա տեղիցս  անսպասելի ճիչով, այնպես, որ կողքիս կանգնած մարդը մի պահ կարծեց, թե խելագար եմ: Երևի նա այստեղից չէր, որովհետև Հրազդանում նման ռեակցիան լրիվ բնական է համարվում, երբ կես ժամ անընդմեջ սպասելուց հետո, հանկարծ հայտնվում է այդքան ցանկալի ավտոբուսը: Մեր մոտ նրան սպասում են ինչպես …ասենք, Նոր տարվան կամ ծննդյան տարեդարձին: Դուք երևի կարծում եք, թե խոսքս Հրազդան-Չինաստան (եթե իհարկե կա այդպիսին) ավտոբուսի մասի՞ն է: Ո՛չ, չարաչար սխալվում եք: Ես խոսում եմ սովորական ներքաղաքային տրանսպորտի մասին: Լավ, ինչևէ, չշեղվենք թեմայից:

Բարձրացա ավտոբուս: Ի՜նչ երջանկություն: Հասարակ մահկանացուս սրանից մեծ բախտ դեռ չէր ունեցել: Ավտոբուսը դատարկ էր, և ես այս անգամ բալետի պարուհու նման մի ոտքի վրա կանգնած չէի երթևեկելու: Այդպիսի երևույթ (համենայն դեպս Հրազդանում) հազար տարին մեկ է լինում, և դա, համաձայնվեք, իրոք հրաշալի առիթ է` ուրախանալու համար:

Կողքիս նստած էր մի անիմաստ հայացքով տղամարդ, դիմացս՝ ջղային դեմքով մի տատիկ, որ թվում էր, թե հիմա ձեռնափայտը գլխիս կկոտրի, եթե շունչս պահած չնստեմ տեղս: Ընդհանրապես այդ  «ուրախ» ու «բախտավոր» ավտոբուսը այսօր լիքն էր դժգոհ դեմքերով: «Ա՜խ, Աստված իմ, մի՞թե  այս մարդիկ  չեն  գնահատում այս  «ուրախ»  պահը: Չէ՞ որ այդպիսի բան շատ քիչ է լինում: Հնարավոր է նրանք սովոր չեն «ազատ» ավտոբուսներին և ուզում են այն վարունգի թթվի պահածոյի բանկայի նման սեղմված լինի: Գիտե՞ք, տատիկս միշտ դրանից փակում է ու ասում է, որ վարունգներին  պետք է մի լավ սեղմել, որ բանկայի մեջ օդ չմնա, թե չէ կփչանան: Ինձ թվում է, թե այս ավտոբուսի «վարունգները» փչացել են, որովհետև  «բանկայի» մեջ օդ է անցել,  ու նրանց դեմքերից  հիմա ահավոր նեխածի հոտ է գալիս:  Ֆու… »:

Մինչ ես մտովի փիլիսոփայում էի, ավտոբուսը մոտեցավ կանգառին: Դուռը բացվեց, ու քիչ էր մնում այդ «ուրախ» ավտոբուսը լցվեր ուրախ երեխաներով, բայց…

-Տոմս հանելո՞ւ եք,- լսվեց ավտոբուսի վարորդի կոպիտ ձայնը:

Վարորդը հազիվ 25-30 տարեկան կլիներ, ո՛չ ավելի: Նրա դեմքը շատ վախենալու տեսք ուներ: Չնայած երիտասարդ տարիքին՝ շատ փնթփնթանն էր երևում:

Ուղևորները, որոնց մասին ասացի, 10-12 տարեկան երեխաներ էին՝ վտիտ ու փոքր-մոքր կառուցվածքով: Երբ վարորդը հարցրեց տոմսի մասին, նրանք վախեցած ասացին.

«Ոչ», հետո` «այո», հետո էլի`« ոչ»: Մի խոսքով, «ոչ»:

-Դե, ուրեմն, հելեք ըստից,- հետևեց վարորդի «նուրբ» պատասխանը,-ասել ենք` չէ, 7-ից բարձր սաղ պըտի վճարեն:

Երեխաներից հինգը իջան, իսկ մեկը՝  երկար տատանումներից հետո, ձեռքը տարավ գրպանը ու այնտեղից հանեց մի բուռ տասը դրամանոցներ: Հազիվ հաշվեց, դասավորեց ու 100 դրամը պատրաստեց: Փողը տվեց վարորդին նախօրոք (չնայած, կարգը այդպես չէ) ու նստեց ավտոբուսի վերջում: Դրանից երևի այդ ծերուկ-փնթփնթանը իրեն բավարարված զգաց: Ախր, դրանից նա ոչինչ չէր կորցնում:

Այն ընթացքում, երբ տեղի էր ունենում վարորդի ու երեխաների միջև այդ տհաճ խոսակցությունը, հանկարծ մեջս ցանկություն առաջացավ վճարել նրանց փոխարեն: Դրանից ես ո՛չ կհարստանայի, ո՛չ էլ կաղքատանայի, բայց մի լավ բան արած կլինեի: Ձեռքս տարա պայուսակիս գրպանը: Եթե հանեի իմ գնալու ու գալու, գրախանութից գնվելիք գրքի փողերը, ուրեմն, մնում էր 300 դրամ: Փաստորեն չէի կարող բոլորի համար վճարել: Արագ քրքրեցի գրպաններս: Ոչ մի կոպեկ: Ախր, փոքր ժամանակ միշտ լինում էր, որ վերարկուիս ծակ գրպանից միշտ փող էի գտնում, բայց այսօր ձեռքս հայտնաբերեց, որ ո՛չ գրպանս է պատռված, ո՛չ էլ փող կա այնտեղ: Խորապես հիասթափվեցի գրպանիցս: Մինչ ես տատանվում էի ծախսել, թե՝ ոչ գրքիս համար նախատեսված փողը, մեքենան շարժվեց: Իմ՝ գիրք կրծողի ու ծույլ մարդու ինքնասիրությունը, չհամաձայնվեց հրաժարվել ո՛չ այդ գրքից, ո՛չ էլ համաձայնվեց երկրորդ անգամ տուն գնալ, նորից փող վերցնել ու վերադառնալ: Ես նայում էի ավտոբուսի հետևից նայող այդ խեղճ երեխաների տխուր դեմքերին, ու սիրտս ճմլվում էր: Երևի նրանք մի կես ժամ սպասել էին ավտոբուսի , ու … ի՞նչ եղավ…

Վարորդը դեռ չէր հանգստացել ու ինչ-որ բաներ էր փնթփնթում քթի տակ: Նրա հայհոյախառն ժարգոնը երեխաների ու նրանց՝ մեզ համար անհայտ  ծնողների հասցեին, սարսափելի ազդում էր բոլորի վրա, բայց միայն դիմացս նստած տատիկը, որի մասին վերը նշել էի, համարձակվեց խոսել:

-Ընչի՞ չթողիր էդ էրեխեքին նստեին: Հըմի էն էրեխեն փող ուներ` նստավ, ընդոնք էլ՝ չունեին, պըտի սաղ օրը ընդե կանգնած մնան:

-Մորքուր ջան (Չեմ սիրում մեր հասարակության որոշ շերտերի մոտ տարածված հարգանքի այս արտահայտման ձևը ),  հիցուն հազար հարկ են դրե վրես: Պըտի տա՞մ, թե՞ չէ…,- փորձեց արդարանալ վարորդը:

-Մարդ կա` մի քանի էրեխա ունի, ո՞նց սաղի համար ամեն օր էդքան փող տա: Հացի կարոտ մարդիկ են սաղ: Հետո էլ ասում են `էրեխա բերեք էս երկրի համար, թող ազգը շատանա: Ո՞նց պահեն,  հնարավորություն չկա, բան չկա…

Վերջին խոսքերը նա արտասանում էր ինձ նայելով: Կարծես ինձնից ինչ-որ բան էր սպասում: Երևի ուզում էր, որ ինչ-որ բան ասեմ, օգնեմ իրեն, իր գաղափարներով կիսվեմ, բայց ես խուսափեցի նման պատասխանատվությունից ու սկսեցի պատուհանից դուրս նայել: Ինչպես երևում էր` ես չարդարացրի նրա սպասելիքները, քանի որ մի քանի րոպե հետո նա արդեն ուրիշի հետ էր խոսում, ով նույնպես փորձում էր անտարբեր ձևանալ:

Ամբողջ ընթացքում վարորդը անգիր արածի նման կրկնում էր.

-Հիցուն հազար պարտք եմ, հիցուն հազար….

Եվ՛ վարորդը, և՛ կինը չէին լսում միմյանց, ու չգիտես, թե ում հետ էին կռվում, որովհետև այդ «ուրախ» ավտոբուսում բոլորը անտարբեր դեմքեր ունեին:

Ես իջա ավտոբուսից մի կանգառ շուտ: Դա ավելի շատ փախուստի էր նման: Վերջին բանը, որ ես հիշում եմ,այն է, թե ինչպես էր կինը պատմում, որ միակ որդին պատերազմում  հաշմանդամ է դարձել,  ու որ իր ընտանիքը խիստ կարիքի մեջ է: Դրան զուգահեռ հիշում եմ վարորդի քարացած նախադասությունը պարտքերի մասին, ու նաև էլի մի քանի ոչինչ չասող դեմքեր:

Համոզված եմ, սրանից կանցնեն շատ տարիներ, շատ բան կփոխվի թե՛ իմ կյանքում, թե՛ այդ ավտոբուսի մարդկանց, բայց այս պատմությունը երբեք չի ջնջվի իմ հիշողությունից:

Այդ օրը ես միայն հասկացա, որ իմ քաղաքում ուրախ ավտոբուսներ չկան: Դրանք երևի վերացել են դինոզավրերի հետ միասին, բայց….ԻՆՉՈՒ՞: