Shushan stepanyan

Ու ինչ-որ մեկին մենք կարոտում ենք

Ինչ-որ մի պահ, ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բան ու ինչ-որ մեկին մենք կարոտում ենք: Ես էլ եմ կարոտում: Հաճախ ինձ թվում է, թե իմ կարոտն ուրիշ է, ուրիշ գույնի է, ուրիշ են ապրումները նրա: Ես կարոտել եմ, ու այնքան բան կա կարոտիս գրկում՝ սրտիս մեջ պահված:

Երբ ցերեկ է, կարոտում եմ մայրամուտի կարմիրն ու դեղինը, գիշերվա սև ու մութ ամպերը, կապույտում լողացող աստղերը քնքուշ, իսկ երբ գիշեր է, արևն եմ կարոտում, ցերեկվա լույսը, դեռ նոր բացված օրը: Ամռանը ես ձմռան սպիտակն եմ կարոտում, ձյան ձայնը, սառույցի հետ իմ պարը, օդի մաքուր սառնությունը, ձմռանը ամառն եմ կարոտում, արևի ժպիտն ու աչքերս ծակող տաք ջերմությունը:

Ես կարոտում եմ աշնան գույները՝ մայթերին քնած, քամու ձայնն ու անորոշ տխրությունը: Ես կարոտում եմ ասված-խոսված բառերը, լսված ձայներն ու տեսնված հայացքները, ամեն մի անցած պահը, մի վայրկյան առաջն ու հենց այս պահը:

Ես կարոտում եմ օտարացած ծանոթ հայացքները, գիշերային փողոցի տխուր լուսավորությունն ու մարդաշատ քաղաքի դատարկ անկյունը:

Երբեմն էլ ինքս ինձ եմ կարոտում, երբ երկար ժամանակ սրտիս ձայնը լսած, նրա  հետ զրույց արած չեմ լինում:

Ես դպրոցս ու պարապմունքներս եմ կարոտում, աղմկոտ դասամիջոցներն ու դասի ժամին կողքիս նստողի հետ մեր զրույցները: Ես մեր բակի խաղերն եմ կարոտում՝ «ռեզին», «հալամուլա», «տուն-տունիկ», «խանութ-խանութ», «պատի հիսուն»…

Կարոտում եմ նրանց, ովքեր հիմա երկնքում են, մեզ են նայում վերևից:

Ինչ-որ մի պահ, ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բան ու ինչ-որ մեկը մեր կարոտի կանչն են կարծես:

Մենք կարոտում ենք…

Հոկտեմբեր, 2016